Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ ու սխալ պնդումներ են արել 2022 թվականին Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման, ՀԱՊԿ-ի գործողությունների և Լեռնային ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի վերաբերյալ։
Քննարկման առիթը ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագիրն էր։ Ի տարբերություն նախորդ ծրագրի` նոր փաստաթղթում հայ-ռուսական հարաբերությունները չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք»։ Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը նախատեսում է «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում»
Սրա վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` Փաշինյանը ճեպազրույցում նշել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ Ջերմուկի ուղղությամբ — խմբ.) «դուք ավելի լավ է հարցնեք, թե ինչու ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։ Ես ի՞նչ պատասխանեմ»։
Հայաստանի դեմ հարձակման փոխարեն՝ Լեռնային Ղարաբաղի մասին
Փաշինյանի այս հայտարարությանը հակադարձելու համար «Ռոսիա 24»-ի հաղորդավարը մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամիսներ առաջ արված հայտարարությունը։ Այս տարվա ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին այն բանից հետո, երբ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս: «…ՀԱՊԿ-ի համար անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ»,- ասել է Պուտինը։
Սակայն պետք է նկատել, որ ռուս լրագրողը համադրել է միմյանցից տարբեր երկու իրադարձություն։ Փաշինյանը խոսել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակման և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի մասին։ Մինչդեռ Պուտինի մեջբերումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, որը, այո՛, ՀԱՊԿ պետության տարածք չէր, և այնտեղ ՀԱՊԿ-ը մանդատ չուներ։
Հետևաբար Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Պուտինի բացատրությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչու այդ կազմակերպությունը չկատարեց իր պարտավորությունները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ հարձակման ժամանակ։
«Փաստերի ստուգման հարթակը» դեռ այդ ժամանակ էր անդրադարձել ՌԴ նախագահի մանիպուլյատիվ պնդմանը։
ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Պրահայի հայտարարության խեղաթյուրված ժամանակագրությունը
Պուտինը ՀԱՊԿ-ի չմիջամտելը կապում է 2022 թվականի Պրահայի հայտարարության հետ։ Սակայն 2020 թվականի նոյեմբերի 17-ին, այսինքն՝ Պրահայի հանդիպումից գրեթե երկու տարի առաջ, նա «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում ասել էր․ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն, և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս»։
Այսպիսով, Պուտինն ինքը դեռևս 2020 թվականին Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից համարում է Ադրբեջանի մաս, հետևաբար ՀԱՊԿ-ի՝ այնտեղ ներգրավվելու անհնարինությունը երկու տարի անց Հայաստանի արտահայտած դիրքորոշանը վերագրելը մանիպուլյատիվ է։ Կազմակերպությունն այդպիսի լիազորություն չի ունեցել ո՛չ Պրահայի հայտարարությունից առաջ, ո՛չ դրանից հետո։
Ընդ որում, Պրահայի հայտարարության տեքստում նշված չէ ո՛չ երկրների տարածքների մակերեսները, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը։ Այդ փաստաթղթով, Հայաստանն ու Ադրբեջանը, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու մասին Փաշինյանը բացահայտ հայտարարել է արդեն 2023 թվականի մայիսին։ Հետևաբար Պրահայի հայտարարությունը ՀԱՊԿ-ի մանդատը փոխելու հիմք ներկայացնելը խեղաթյուրում է ժամանակագրությունը։
ՀԱՊԿ-ի փոխարեն խաղաղապահներն անելիք ունեին
Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ-ի լիազորությունները չէին տարածվում, կառույցը ո՛չ Պրահայի հայտարարությունից առաջ, և ո՛չ էլ դրանից հետո ԼՂ-ում գործառույթներ չուներ։
Փոխարենը ԼՂ-ում անելիք ուներ ռուս խաղաղապահ զորախումբը։ Պուտինը, խոսելով ՀԱՊԿ-ի ենթադրյալ մանդատի մասին, շրջանցել էր ԼՂ-ում պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված խաղաղապահ առաքելություն ունեցած ռուսական զորախմբի հանգամանքը ու նրանց պատասխանատվության հարցը։
Նրանց ներկայությամբ, նկատենք, 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո հայ բնակչությունը բռնի տեղահանվեց ԼՂ-ից։
ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության մասին մանիպուլյացիան
Թողարկման հայաստանցի բանախոս Բենիամին Մաթևոսյանը, որին ռուս լրագրողը ներկայացնում է որպես քաղաքագետ, մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ է անում, որոնք ամբողջությամբ համընկնում են ռուսաստանյան քարոզչական թեզերի հետ։
Նախ, նա, բարձր գնահատելով ՌԴ նախագահի «անձնական ներդրումը» 2020 թվականի պատերազմը կանգնեցնելու գործում, չի անդրադառնում 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ԼՂ-ում էթնիկ զտման հանգամանքներին. հիշեցնենք, որ ՌԴ խաղաղապահները ոչ միայն չզսպեցին ադրբեջանական հարձակումը, այլ նաև անգործություն ցուցաբերելով չպաշտպանեցին ԼՂ հայ բնակչությանը, որը օրերի ընթացքում բռնի տեղահանվեց։
Հայաստանցի բանախոսը նաև պնդում է, թե ՀԱՊԿ-ը օգնություն է առաջարկել Հայաստանին 2022 թվականի ագրեսիայից հետո, իսկ Հայաստանը հրաժարվել է: Նման պնդումներ պարբերաբար հնչեցնում են նաև Ռուսաստանի պաշտոնյաները։ Օրերս նման պնդում էր արել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որին FIP.am-ն անդրադարձել էր:
ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Այսպես, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն (Հայաստանը դիմել էր հենց այս հոդվածի հիման վրա-խմբ․)՝ անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիան կամ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ։ Այդ պետության դիմումի դեպքում մյուս անդամները պարտավորվում են անհապաղ անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ ներառյալ ռազմական։
Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ն իսկապես առաքելություն ուղարկել է Հայաստան։ Սակայն կազմակերպության՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաքելությունը պետք է գնահատեր իրավիճակը և զեկույց պատրաստեր պետությունների ղեկավարների համար, իսկ ստեղծված աշխատանքային խումբը՝ մշտադիտարկեր իրավիճակը։
Հաղորդագրության մեջ որևէ ձևակերպում չկար Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի կամ Հայաստանի տարածքների օկուպացման մասին։ Հետևաբար գնահատող առաքելություն ուղարկելն ինքնին չէր նշանակում 4-րդ հոդվածով նախատեսված օգնության և պաշտպանության մեխանիզմների գործարկում։
2022 թվականի նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Նա դա բացատրել էր այն հանգամանքով, որ այդ փաստաթղթում չկա Ադրբեջանի գործողությունների հստակ քաղաքական գնահատական, իսկ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը բացակայում է։
Հայկական կողմը պահանջում էր, որ ՀԱՊԿ-ն արձանագրի Ադրբեջանի ագրեսիան, հաստատի, որ ներխուժումը տեղի է ունեցել կազմակերպության պատասխանատվության գոտում և պահանջի ադրբեջանական զորքերի անհապաղ ու անվերապահ դուրսբերումը Հայաստանի տարածքից։
Հետևաբար Հայաստանը մերժել էր ոչ թե ցանկացած օգնություն կամ աջակցություն, այլ չէր ստորագրել մի փաստաթուղթ, որը, ըստ հայկական կողմի, չէր արձանագրում Հայաստանի դեմ ագրեսիան և չէր պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում։
Բանախոսը նաև պնդել է, թե հայկական կողմը կորցրել է ԼՂ-ն, քանի որ ՀՀ-ն հրաժարվել էր ՀԱՊԿ-ի խաղաղապահներից։ Այդ պնդումը հիմնովին կեղծ է. ԼՂ-ում 2020 թվականից արդեն իսկ տեղակայված էին խաղաղապահներ, սակայն դա չզսպեց Բաքվին, որ էթնիկ զտման չենթարկի տարածաշրջանը:
Այսպիսով, «Ռոսիա 24»-ի հաղորդավարը և Բենիամին Մաթևոսյանը խառնել են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի հարձակումը և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։ Պուտինի՝ Պրահայի հայտարարությանը հղումը չի բացատրում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի անգործությունը, քանի որ ԼՂ-ում կազմակերպությունը ի սկզբանե մանդատ չի ունեցել։
Մանիպուլյատիվ է նաև պնդումը, թե ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո Հայաստանին անհրաժեշտ օգնություն է առաջարկել, իսկ Հայաստանը հրաժարվել է դրանից։
ՀԱՊԿ-ի ուղարկած առաքելությունը հիմնականում գնահատողական գործառույթ ուներ և ինքնին չէր նշանակում Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության և օգնության մեխանիզմների գործարկում։ Հայաստանը մերժել էր ոչ թե օգնությունը կամ աջակցությունը, այլ այն փաստաթուղթը, որը չէր արձանագրում Ադրբեջանի ագրեսիան, Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը և ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




