Ֆեյսբուքում Vector Media, «Հանրային Լուրեր» և Ararat Press անուններով էջերը կարճ տեսանյութերով ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական և հասարակական իրադարձությունները․ որոշ տեսանյութեր հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ։
Այս էջերի հրապարակումների զգալի մասը ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Ընդ որում, որոշ դեպքերում ԱԲ-ով ստեղծված մարդկային կերպարները ներկայացվում են իրական լրատվական ձևաչափերին բնորոշ միջավայրում՝ որպես հարցման մասնակիցներ, հաղորդավարներ կամ հարցազրույց տվող անձինք։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված ֆեյսբուքյան էջերի (1, 2, 3) հանրային հասանելի տվյալները, հրապարակումներն ու տեսանյութերը՝ պարզելու, թե ինչ բովանդակություն են դրանք տարածում, ինչպես են ներկայանում լսարանին, և ինչ տվյալներ են հասանելի դրանց գործունեության ու հնարավոր փոխկապակցվածության վերաբերյալ։
Vector Media․ Էջի ստեղծումը և նկարագիրը
Facebook-ի տվյալների համաձայն՝ Vector Media էջը ստեղծվել է 2026 թվականի հունիսի 22-ին։ Առաջին տեսանյութը՝ «Team Telecom»-ի և «Azer Telecom»-ի համագործակցության մասին, հրապարակվել է հենց նույն օրը։
Էջի նկարագրությունում նշված է նաև Telegram-ի ալիք։ Այն ստեղծվել է հունիսի 19-ին, սակայն անվանափոխվել և ներկայիս ձևաչափով սկսել է գործել հունիսի 22-ին՝ նույն օրը նույնպես հրապարակելով «Team Telecom»-ի և «Azer Telecom»-ի համագործակցության մասին նյութ։

Telegram-ի ալիքում մեր դիտարկած 34 հրապարակումներից 20-ը վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, 6-ը՝ Սամվել Կարապետյանին և նրա գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, 5-ը՝ Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 3-ը՝ ՀԱՊԿ-ին և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
Facebook-ի էջի թափանցիկության բաժնում որպես էջի կառավարման երկիր նշված է Բելառուսը։ Facebook-ի այս տվյալը ցույց է տալիս էջը կառավարող անձի կամ անձանց տեղակայման երկիրը, սակայն ինքնին չի բացահայտում նրանց ինքնությունը կամ էջի իրական սեփականատիրոջը։

Էջի գրեթե բոլոր տեսանյութերը գեներացված են արհեստական բանականության միջոցով։ Այն տարածում է ԱԲ-ով գեներացված քաղաքացիներից հարցումներ (1, 2, 3, 4, 5), ԱԲ գեներացված հաղորդավարներով լուրեր և նույնատիպ հարցազրույցներ (1, 2, 3, 4, 5)։ Այս հրապարակումների շարքում կան նաև Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ դրական բովանդակությամբ տեսանյութեր (1, 2, 3, 4, 5):
Էջը տեսանյութերում կամ դրանց նկարագրություններում տեսանելի կերպով չի նշում, որ ներկայացվող անձինք կամ կադրերը ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Միաժամանակ տեսանյութերի մի մասը կառուցված է իրական լրագրողական բովանդակությանը բնորոշ ձևաչափերով՝ փողոցային հարցումների, լրատվական թողարկումների և հարցազրույցների տեսքով։
Արդյունքում օգտատերը, հատկապես տեսանյութը Facebook-ի ընդհանուր լրահոսում դիտելիս, կարող է այն ընկալել որպես իրական մարդկանց մասնակցությամբ նկարահանված նյութ։
Առավել խնդրահարույց են քաղաքացիների կարծիք ներկայացնող ԱԲ-ով գեներացված տեսանյութերը։ Դրանց միջոցով հնարավոր է իրականում գոյություն չունեցող կամ տվյալ խոսքերը երբևէ չասած անձանց վերագրել որոշակի դիրքորոշումներ՝ ստեղծելով տպավորություն, թե դրանք իրական քաղաքացիների կարծիքներ են։
Քաղաքական բովանդակության դեպքում նման տեսանյութերը միտված են իրական հանրային կարծիքի մասին սխալ պատկերացում ստեղծել՝ օրինակ՝ որևէ քաղաքական գործչի նկատմամբ աջակցության կամ դժգոհության տարածվածության վերաբերյալ։
Նույն խնդիրը վերաբերում է ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներին և հարցազրույցներին։ Լրատվական ձևաչափը բովանդակությանը տալիս է իրական լրատվամիջոցի կամ լրագրողական աշխատանքի արտաքին հատկանիշներ, մինչդեռ օգտատերը հստակ չի տեղեկացվում, որ իր դիտած մարդիկ կամ կադրերը սինթետիկ են։
Այսպիսով, խնդիրը ոչ թե ինքնին արհեստական բանականության օգտագործումն է, այլ իրականությունը նմանակող բովանդակության դեպքում դրա կիրառման մասին հստակ տեղեկության բացակայությունը։
Ինչպես է ներկայանում էջը
2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին Vector Media-ն ուներ մոտ 8,2 հազար հետևորդ։ Այն իրեն ներկայացնում էր որպես «լրատվական հարթակ։ Օպերատիվ լուրեր և անկողմնակալ հայացք իրադարձություններին»։
Էջում որպես գտնվելու վայր նշված էր Երևանը, հրապարակված էր [email protected] էլեկտրոնային հասցեն և t.me/vectormediaa Telegram-ի ալիքը։
Հրապարակային նկարագրության մեջ խմբագրության աշխատակիցների անուններ կամ էջի հետևում կանգնած իրավաբանական անձի վերաբերյալ տվյալներ նշված չէին։
Էջը «խորհուրդ են տալիս»
Facebook-ի «Կարծիքներ» բաժնում «Vector Media»-ն խորհուրդ էր տվել չորս օգտատեր, ևս մեկը՝ ոչ․ էջը խորհուրդ տված չորս օգտատերերից երեքի հաշիվները ստեղծվել էին նույն օրը՝ հունիսի 11-ին, իսկ մեկինը՝ սեպտեմբերի 11-ին։
Այս հաշիվներում հիմնականում տարածվում էին ԱԲ-ով գեներացված տեսանյութեր և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերաբերող հրապարակումներ։
Ուշագրավ է, որ նույն օգտատերերից մի քանիսին հանդիպում ենք նաև «Հանրային Լուրեր»-ի «Կարծիքներ» բաժիններում։
Արտապատկերումները՝ Facebook-ից
«Հանրային Լուրեր»․ Էջի ստեղծումը և նկարագիրը
Facebook-ի տվյալների համաձայն՝ «Հանրային Լուրեր» էջը ստեղծվել է 2026 թվականի օգոստոսի 31-ին։ Առաջին տեսանյութը հրապարակվել է նույն օրը, և դիտարկման պահին ուներ շուրջ 85 հազար դիտում։

Ի տարբերություն Vector Media-ի՝ «Հանրային Լուրեր»-ի նկարագրությունում նշված է, որ նյութերի ստեղծման համար օգտագործվում է արհեստական բանականություն։
Սակայն այստեղ ևս կա կարևոր առանձնահատկություն․ էջի տարածած իրական իրադարձություններն ու լուրերը հաճախ տեսողականորեն վերարտադրվում են ԱԲ-ի միջոցով։ Գեներացված կադրերը կարող են ընկալվել ոչ թե որպես լուրի պատկերավոր վերարտադրում, այլ որպես տվյալ իրադարձության իրական տեսագրություն։
Օրինակ՝ էջի հենց առաջին տեսանյութում ներկայացված կադրերը գեներացված են ԱԲ-ի միջոցով, սակայն դրանք կառուցված են իրական տեսագրությանը նմանվող ձևով։

Որոշ հրապարակումների մեկնաբանություններում էջը ևս նշում է, որ տեսանյութը պարունակում է ԱԲ-ով գեներացված տարրեր։ Սակայն այս տեղեկությունը տեսնելու համար օգտատերը պետք է բացի մեկնաբանությունների բաժինը կամ այցելի էջի նկարագրությունը։ Միայն ընդհանուր լրահոսում տեսանյութը դիտող օգտատերը կարող է այդ տեղեկությունը չտեսնել։
Ինչպես է ներկայանում էջը
2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին էջն ուներ մոտ 3,7 հազար հետևորդ։ Այն իրեն ներկայացնում էր որպես «գլխավոր իրադարձություններն ու սոցիալական խնդիրները» մեկ տեղում ներկայացնող հարթակ։
Էջում նշված էին Երևանի Սեբաստիայի փողոցի 20 հասցեն, 055 655656 հեռախոսահամարը (փորձեցինք կապ հաստատել այս հեռախոսահամարով, որը մեր զանգի պահին անհասանելի էր) և hanrayinlurer.am կայքը։ Հրապարակային նկարագրության մեջ խմբագրության աշխատակիցների անուններ կամ իրավաբանական անձի տվյալներ չկային։ Նշված կայքը մեր դիտարկման ընթացքում չհաջողվեց բացել, ուստի դրա բովանդակությունն ու էջի հետ կազմակերպական կապը հնարավոր չեղավ ստուգել։
Ինչ է հրապարակում
Էջի «Reels» բաժնի հրապարակային ցանկում դիտարկման պահին առկա էր 26 տեսանյութ։ Դրանց շապիկներում պատկերված էին քաղաքական գործիչներ, զինվորականներ, ձերբակալություններ և տարբեր իրադարձություններ։

Ցուցադրվող դիտումների քանակը տատանվում էր շուրջ 5,5 հազարից մինչև 600 հազար։ Օրինակ՝ սեպտեմբերի 23-ի հրապարակումը դիտարկման պահին ուներ շուրջ 300 հազար դիտում և 2,3 հազար արձագանք։
Այդ թվերը փոփոխական են և ներկայացնում են Facebook-ի ցուցադրած հաշվիչները դիտարկման պահին։
Չհաստատված և հերքված տեղեկություններ
Էջի հրապարակումներում հանդիպում են նաև տեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են կամ որոնց համար FIP.am-ին չի հաջողվել հաստատող արժանահավատ աղբյուր գտնել։
Օրինակ՝ Հակարիի կամրջի մոտ ենթադրյալ միջադեպի մասին հրապարակման համար ստեղծվել էր ԱԲ-ով գեներացված տեսանյութ։ Այս դեպքում սինթետիկ կադրերը ոչ միայն պատկերազարդում էին պնդումը, այլև կարող էին ընկալվել որպես դրա տեսողական ապացույց։ Հետագայում տեղեկությունը հերքվեց։

Մեկ այլ տեսանյութում պնդվում էր, թե Հայաստանում տնտեսական կոլապս է, պետությունն այլևս ի վիճակի չէ ֆինանսավորել կենսաթոշակներն ու առողջապահական ապահովագրությունը և այդ պատճառով իշխանությունները փորձում են գումարներ գանձել խոշոր գործարարներից։ FIP.am-ին չի հաջողվել այս պնդումները հաստատող պաշտոնական տվյալներ կամ փաստեր գտնել։
Մեկ այլ հրապարակմամբ էլ պնդում կար, թե Երևանի քաղաքապետարանը Temu հարթակից փոշեկուլներ է ձեռք բերել։ Քաղաքապետարանը FIP.am-ի հարցմանն ի պատասխան հերքել է այս տեղեկությունը։
Այս օրինակներում ԱԲ-ով ստեղծված տեսապատկերը կարող է լրացուցիչ համոզչություն հաղորդել չհաստատված կամ սխալ տեղեկությանը՝ հատկապես այն դեպքում, երբ տեսանյութից պարզ չէ, որ ցուցադրվող կադրերն իրական չեն։
Կապը Հանրային հեռուստաընկերության հետ հաստատված չէ
«Հանրային Լուրեր» անվանումը և էջի լրատվական ձևավորումը կարող են հիշեցնել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծառայությունը։
Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը 1lurer.am-ն է, մինչդեռ այս էջում նշված է hanrayinlurer.am հասցեն։
Միայն անվան կամ կայքի հասցեի տարբերությունը, իհարկե, բավարար չէ էջի սեփականատիրոջը որոշելու համար։ Սակայն էջի հանրային հասանելի տվյալներում FIP.am-ը չի գտել որևէ տեղեկություն, որը կհաստատի դրա պաշտոնական կապը Հանրային հեռուստաընկերության հետ։
Ararat Press․ Էջի ստեղծումը և նկարագիրը
Facebook-ի տվյալների համաձայն՝ «Ararat Press» էջը ստեղծվել է 2026 թվականի փետրվարի 2-ին։ Էջի թափանցիկության բաժնում, ինչպես Vector Media-ի դեպքում, որպես կառավարման երկիր նշված է Բելառուսը։

Սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին էջն ուներ շուրջ 2,9 հազար հետևորդ։
Այն մյուս երկու էջերի համեմատ զգալիորեն պակաս ակտիվ էր․ էջում առկա էր երկու սեփական Reel, ինչպես նաև երեք այլ տեսանյութի տարածում, որոնցից երկուսը «Vector Media»-ից էին։
Ի՞նչ կապ կա էջերի միջև
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են մի շարք համընկնումներ։
Vector Media-ի և Ararat Press-ի էջերի թափանցիկության բաժիններում որպես կառավարման երկիր նշված է Բելառուսը։ Ararat Press-ը տարածել է Vector Media-ի տեսանյութերը։
Միևնույն ժամանակ «Vector Media»-ի և «Հանրային Լուրեր»-ի «Կարծիքներ» բաժիններում հանդիպում են նույն օգտատերերը, որոնց հաշիվներից մի քանիսը ստեղծվել են նույն օրերին և տարածում են նույն կամ նմանատիպ ԱԲ-ով ստեղծված քաղաքական բովանդակություն։
Այս համընկնումները ցույց են տալիս էջերի միջև առնվազն բովանդակային և լսարանային հատումներ։ Սակայն միայն այս տվյալները բավարար չեն պնդելու, որ երեք էջերն ունեն նույն սեփականատերը կամ կառավարվում են մեկ կենտրոնից։ Դրա համար անհրաժեշտ կլինեին լրացուցիչ տվյալներ՝ էջերի սեփականատերերի, իրավաբանական անձանց, տեխնիկական ենթակառուցվածքների կամ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։
Եզրակացություն
FIP.am-ի ուսումնասիրած երեք էջերը տարբեր ակտիվություն և հրապարակման քաղաքականություն ունեն, սակայն դրանց գործունեության մեջ կան մի շարք ընդհանրություններ․ ԱԲ-ով ստեղծված լրատվական տեսանյութեր, քաղաքական բովանդակություն, որոշ դեպքերում նույն օգտատերերի ակտիվություն և միմյանց նյութերի տարածում։
Առավել ակնհայտ խնդիրը «Vector Media»-ի դեպքում է, որտեղ ԱԲ-ով ստեղծված «քաղաքացիները», հաղորդավարներն ու հարցազրույցները ներկայացվում են իրական լրատվական ձևաչափերով՝ առանց տեսանելի զգուշացման դրանց սինթետիկ բնույթի մասին։
«Հանրային Լուրեր»-ը հայտնում է ԱԲ-ի օգտագործման մասին, սակայն այդ նշումները միշտ չէ, որ տեսանելի են հենց տեսանյութը դիտելիս։ Միաժամանակ էջում տարածվել են նաև չհաստատված կամ հետագայում հերքված տեղեկություններ, որոնց համար ստեղծված ԱԲ-կադրերը կարող են դիտողի մոտ իրական տեսագրության տպավորություն առաջացնել։
Ուսումնասիրությամբ հայտնաբերված համընկնումները հիմք են տալիս արձանագրելու էջերի միջև որոշ կապեր և ընդհանուր օրինաչափություններ, բայց առկա հանրային տվյալները բավարար չեն երեք էջերի միասնական կառավարման կամ ընդհանուր սեփականատիրոջ մասին եզրակացության համար։
Այսպիսով, ԱԲ-ի կիրառումն այս էջերում միայն տեխնոլոգիական գործիք չէ․ այն օգտագործվում է նաև իրական լրատվական արտադրանքին նմանվող բովանդակություն ստեղծելու համար։ Երբ սինթետիկ կադրերը հստակ չեն տարանջատվում իրական տեսագրություններից, իսկ գեներացված մարդիկ ներկայացվում են որպես քաղաքացիներ, հաղորդավարներ կամ հարցազրույցի մասնակիցներ, օգտատերը դժվարանում է հասկանալ՝՝ որտեղ է փաստագրված իրականությունը, իսկ որտեղ՝ դրա արհեստական վերարտադրությունը։
Արեն Նահապետյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր









