Ռուսական քարոզչության հիմնական նպատակներից մեկը եվրաինտեգրման գործընթացի ու դրա արդյունքների վերաբերյալ հանրության մոտ թյուր կարծիք ձևավորելն է, համաձայն որի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներն ուղղակի «կոտորվում են» առանց ռուսական գազի և օր օրի խորտակվում ճգնաժամի ճահճում:
Համենայն դեպս, 2017 թվականի ապրիլի 12-ի Gazeta.ru-ի հրապարակած «Վրաստանը կբավարարվի առանց «Գազպրոմի»» (Грузия обойдется без «Газпрома») նյութը զարդարված է 2003 թվականին արված լուսանկարով, որում պատկերված են բնակարանների ջեռուցման համար փայտ գնող մարդիկ, իսկ հետևի ֆոնում փայլատակում է «Իվերիա» հյուրանոցը պոստապոկալիպտիկ աշխարհ հիշեցնող վիճակում:
Թեման թերևս այդքան ուշագրավ չլիներ, եթե այս լուսանկարը տեղադրված չլիներ որպես գլխավոր նկար, որը տարածվում է նյութի հետ սոցցանցերում, իսկ հենց նյութի մեջ ահռելի տարածք է զբաղեցնում, այնինչ լուսանկարի մասին տեղեկությունները՝ շատ մանր տառաչափով տեղադրված են լուսանկարի ներքևում բարակ տողով:
Թեման էլ ավելի ուշագրավ է դառնում նրանով, որ լուսանկարն արվել է մի վայրում, որը հիմա կոչվում է Վարդերի հեղափոխության հրապարակ և որտեղ արդեն շատ վաղուց ոչ ոք փայտ չի վաճառում, այլ գործում է լավ զարգացած էներգետիկ համակարգ, իսկ ընդհանուր տեսարանը զարդարում է «Ռեդիսոն» ժամանակակից հյուրանոցը՝ արդեն ֆուտուրիստիկ աշխարհ հիշեցնելով:
Իհարկե, ռուսական խմբագրությունը կարող էր իր նյութի համար ընտրել ժամանակակից նկար և այդ դեպքում նյութի տարածման ու ընթերցման ընթացքում բազմաթիվ մարդիկ կտեսնեին, որ Վրաստանը, վարելով անկախ էներգետիկ քաղաքականություն՝ բավականին բարեկեցիկ երկիր է, բայց ռուսական խմբագրությունում նախընտրել են ճիշտ հակառակը:
Ուստի, կարելի է արձանագրել, որ քարոզչական նպատակներով ռուսական ԶԼՄ-ները կարող են օգտագործել վիզուալ մանիպուլյացիաներ՝ խեղելով բուն տեղեկատվության իմաստը: