Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2018 թ. հուլիսին աշխատանքային այցով մեկնեց Կանադա և ԱՄՆ, որտեղ մի քանի հանդիպումներ ունեցավ հայ գործարար համայնքի հետ, և ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այցերի արդյունքում ձեռք բերվեցին, ընդհանուր առմամբ, 30․5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային պայմանավորվածություններ։
Այդ ներդրումներն իրականացնող ընկերությունների մի մասն արդեն իսկ սկսել է գործունեությունը Հայաստանում, սակայն մյուս մասի վերաբերյալ տեղեկություններ բաց աղբյուրներում չկան, և «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ փուլում են դրանք։
Crystal Lake Holdings LLC
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կառավարության կողմից ստեղծված, ներդրումների ներգրավմամբ զբաղվող «Բիզնես Արմենիա» հիմնադրամի և Crystal Lake Holdings LLC-ի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որով ընկերությունը 10 միլիոն դոլարի ներդրում էր պարտավորվել կատարել Սևանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:
Թե ի՞նչ փուլում է այս ծրագիրը՝ Fip.am-ը հարցում ուղարկեց կառավարություն և էկոնոմիկայի նախարարություն։ Եվ սա, թերևս, միակ ներդրումային ծրագիրն է, որի մասին Տիգրան Ավինյանի գրասենյակի ու Էկոնոմիկայի նախարարության պատասխանները միմյանց չէին հակասում։
Տիգրան Ավինյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ «Քրիսթալ Լեյքի» կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը նախագծման փուլում է։
Էկոնոմիկայի նախարարությունից մի փոքր մանրամասնեցին։ Խոսքը 125 տեղանոց հյուրանոցի, 200 հյուրատների, բիզնես կենտրոնի, խանութների ու սննդի օբյեկտների մասին է։ Ըստ նախարարության պատասխանի՝ ներդրումային ծրագիրը կազմում է մոտ 15 մլն դոլար։ Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է։
Cascade Gardens
Հաջորդ ներդրումային ծրագիրը, որի մասին տեղեկատվություն չկա բաց աղբյուրներում, վերաբերում է Կասկադին։ Դա, ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, 5.5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր է՝ «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանի (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանի (Հայաստանից), Անդրե Գումուշջյանի (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանի (Նյու Յորքից) մասնակցությամբ, որոնք նախատեսում են Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:
Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ «Կասկադ գարդենզ» ծրագիրն ընթացքի մեջ է, ճարտարապետական նախագծի ամբողջական փաթեթը մշակված է։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ «Կասկադ գարդենզ» ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2018 թ․ հունիսի 14-ին, այսինքն՝ Տիգրան Ավինյանի՝ Կանադա այցից 1,5 ամիս առաջ։
Մենք կապ հաստատեցինք նաև «Կասկադ գարդենզ» ծրագրի ներկայացուցիչ Րաֆֆի Դուդակլյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ նախատեսում են բնակելի համալիր կառուցել։
«Դիզայնի փուլն արդեն ավարտվել է։ Այս պահին հողերի ընդարձակման և հավելյալ հողերի ձեռքբերման փուլում ենք, և դրա ավարտից հետո նախագիծը ներկայացվելու է հաստատման։ Նախագծի մոտավոր արժեքը մոտ 10 մլն դոլար է»,- նշեց Դուդակլյանը՝ հավելելով, որ նախատեսվում են մինչ աշնան վերջ սկսել բնակելի համալիրի շինարարությունը։ Ըստ Դուդակլյանի՝ բնակելի համալիրը գտնվելու է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի հարևանությամբ։ «Առնվազն 4-5 ամիս ուշացում ունենք, շինարարությունը սկսվելուց հետո 2-2,5 տարում կավարտենք»,- հայտնեց նա։
Գործարարի խոսքով՝ ծրագիրը նախաձեռնել էին մինչև փոխվարչապետի՝ Կանադա կատարած այցը, սակայն բարձրաձայնել են հենց այդ այցի ընթացքում։
Eco Panel Group Inc.
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ Eco Panel Group Inc. ընկերությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Տիգրան Ավինյանի գրասենյակից պատասխանեցին, որ Eco Panel Group Inc.-ի կողմից ներդրումային ծրագիրն առայժմ չի իրականացվել։
Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից Ավինյանի գրասենյակի տեղեկությանը հակասող պատասխան ստացանք։ Մեզ հայտնեցին, որ ընկերության ղեկավար Խաչիկ Խաչիկյանը 2018 թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղափոխվել է Հայաստան և Մուշեղ Ավետիսյանի հետ հիմնադրել «Ափրիքոթ» ՍՊԸ-ն, որն արդեն այս տարվա նոյեմբերին սկսելու է 3D ջերմամեկուսիչ պանելների արտադրությունը։ Ըստ նախարարության՝ այս պահին արդեն իսկ արվել է մոտ 5 մլն դոլարի ներդրում, առաջիկա 3-5 տարիներին նախատեսվում է ներդնել ևս 10 մլն։
Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարարների հետ և նկարահանումներ անել նոր կառուցվող գործարանի տարածքում։
Խաչիկ Խաչիկյանը հայտնեց, որ արդեն իսկ ներդրվել է շուրջ 4-4,5 մլն դոլար, առաջիկայում նախատեսվում է ևս 5-6 մլն դոլար ներդնել գործարանի ստեղծման մեջ։
Նկարահանման ժամանակ ևս կատարվում էին շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքներ, հոսքագծի մի մասն արդեն տեղում էր, և առաջիկա ամսում սպասվում էր մյուս մասի տեղափոխումը Հայաստան։ Գործարարի խոսքով՝ արդեն դեկտեմբեր-հունվար ամիսներին նախատեսվում է առաջին արտադրանքի թողարկումը։
Ի դեպ, մեզ հետ զրույցում գործարար Խաչիկ Խաչիկյանը հայտնեց, որ ներդրումների ու գործարանի կառուցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ և Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ որևէ առնչություն չունի։
Նոր կառուցվող գործարանի տարածքը
Վան Լապոյան
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ «փոխվարչապետ Ավինյանի՝ Կանադա կատարած այցի շրջանակում «ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» ընկերության ղեկավար, Կանադայում «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն էր հայտնել 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»:
Վան (Վարուժան) Լապոյանը կանադահայ գործարար է, VHL Developments շինարարական ընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գտնվում է Տորոնտոյում և զբաղվում է անշարժ գույքի առուվաճառքով։
Մենք հարցում ուղարկեցինք կառավարություն՝ խնդրելով հստակեցնել, թե ի՞նչ փուլում է գտնվում վերոնշյալ ներդրումային ծրագիրը, ինչին ի պատասխան կառավարությունից պատասխանեցին․ «Վան Լապոյանի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրն ընթացքի մեջ է»։
Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, կառավարությունից պատասխանեցին, որ հայցվող տեղեկությունը տրամադրվել է այնքանով, որքանով հայտնի է Տիգրան Ավինյանի գրասենյակին։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վան Լապոյանի հետ և ճշտել, թե ի՞նչ ներդրման մասին է խոսքը, ու ո՞ր փուլում է այն գտնվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան։ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն, մեզ հայտնեցին, որ ծրագրի իրականացումը սառեցված է։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ գործարար Վան Լապոյանի հետ առայժմ չկա որևէ համագործակցություն՝ ի հեճուկս նախորդ տարի կառավարության հայտարարությունների, իսկ Ավինյանի գրասենյակի պատասխանը, թե գործարարի կողմից իրականացվող ծրագիրն ընթացքի մեջ է, չի համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան