Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն օգոստոսի 18-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ Երևանի մի շարք այգիներում եկեղեցիների կառուցման համար տրամադրված տարածքների վերաբերյալ։
«Հայ-առաքելական եկեղեցին Երևան քաղաքում 3 տարածք ունի, որոնք տրվել են նրանց եկեղեցաշինության համար։ Տարիներ շարունակ այդ երեք տարածքները, որոնք, ի դեպ, տրվել են այգիների հաշվին, չեն օգտագործվում ըստ նշանակության։ Դրանք վաղուց վերածվել են աղբանոցի ու լքված տեսք ունեն»,- գրել էր Զաքարյանը՝ առաջարկելով այդ տարածքները վերադարձնել համայնքին։
Fip.am-ը որոշեց գնալ Զաքարյանի հայտարարության հետքերով՝ հասկանալու, թե երբ և ինչ տարածքներ են տրամադրվել եկեղեցուն և ինչու մինչ օրս եկեղեցիները կառուցված չեն։
Եկեղեցաշինությունը Երևանում
Երևանում ներկայում, պաշտոնական տվյալներով, գործում է 18 եկեղեցի։ Եկեղեցիներից որոշներն ունեն հարյուրավոր տարիների պատմություն, որոշներն էլ նոր են։
«Հետքը» 2017-ին գրել էր, որ անկախությունից ի վեր Հայաստանում և Արցախում 100-ից ավելի եկեղեցի է կառուցվել՝ առնվազն 50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Միայն մայրաքաղաքում 2017-ի դրությամբ 10 նոր եկեղեցի է կառուցվել 25 տարվա ընթացքում։
Վերջին տարիներին թափ ստացած եկեղեցաշինությունը պարբերաբար քննարկումների առիթ է դառնում. հնչում են հարցադրումներ՝ արդյո՞ք դրանց կառուցմանն ուղղվող միլիոնավոր դոլարներն առավել նպատակահարմար չէ ուղղել գոյություն ունեցող բազմաթիվ եկեղեցիների վերակառուցմանը կամ այլ ծրագրերի իրականացմանը։
Ինչևէ, պարզվում է՝ Երևանում երեք կանաչապատ տարածք ներկայում պատկանում է Հայ-առաքելական եկեղեցուն։ Երևանի քաղաքային նախկին իշխանությունները տրամադրել են այդ տարածքները եկեղեցիներ կառուցելու համար, սակայն դեռ որևէ շինարարական աշխատանք չի կատարվել, իսկ տարածքներն այսօր գտնվում են ոչ բարվոք վիճակում։
Եկեղեցիներ՝ այգիների հաշվին
1) Նորք նորք
Երևանում չափերով ամենամեծ տարածքը, որը տրվել է Հայ-առաքելական եկեղեցուն, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող զբոսայգին է, որի տարածքը ամբողջությամբ՝ գրեթե 4.5 հեկտար (44,921 քմ) մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Մայր Աթոռին 2006-ին։ Թոթովենցի փողոց 2/1 հասցեում գտնվող զբոսայգում որևէ շինարարական աշխատանք դեռ չի իրականացվել։
Այգու կենտրոնում կա հուշարձան, սակայն այգին, ընդհանուր առմամբ, գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Այգու ճեմուղիները կիսաքանդ են, իսկ դրանց երկայնքով աղբ է թափված։
Նշենք, որ այս այգու մոտակայքում գտնվում է մեկ այլ այգի՝ Նանսենի այգին, որը Նոր Նորքի 1-ին զանգվածում է։ Այս այգում 2014-ին օծվել էր Սուրբ Աստվածամայր եկեղեցին։ Փաստացի, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նախատեսված է, որ գործելու է երկու եկեղեցի՝ երկուսն էլ կանաչ տարածքի հաշվին։
2) Շենգավիթ
Երկրորդ կանաչապատ տարածքը, որը Երևանի քաղաքային իշխանությունները տրամադրել են Մայր Աթոռին, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխով-Հայկ Հովսեփյան փողոցների հատման մասում՝ եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ։ Հողատարածքի մակերեսը 4,350 քմ է։ Տարածքն Առաքելական եկեղեցուն հատկացվել է դեռ 2005-ի հոկտեմբերին, սակայն այստեղ ևս որևէ շինարարական աշխատանք չի արվել։ Այս այգում ևս, ընդհանուր առմամբ, անբարեկարգ վիճակ է, և այն լքված տեսք ունի:
3) Ավան
Երրորդ տարածքը գտնվում է Ավանում՝ 170 դպրոցի հարևանությամբ։ Սա ևս Մայր Աթոռին հատկացվել է 2005-ին, բայց ևս չի իրականցվել որևէ աշխատանք։ Փաստացի, անխնամ տարածքը ներկայում մաս-մաս օգտագործվում է տեղի բնակիչների կողմից։
Այգիներում կառուցված և կառուցվող եկեղեցիներ
Անկախության շրջանում Երևանում կանաչ տարածքներում կառուցված և գործող եկեղեցիներից մեկը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում։ Երևանի ամենափոքր թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։ Եկեղեցին օծվել է 2015-ի ապրիլի 25-ին և նվիրված է Մեծ եղեռնի սրբադասված զոհերին։
Հատկանշական է, որ Մայր Աթոռին է տրված Նուբարաշենի կենտրոնական այգու կեսը (0.95 հա), այնինչ Սրբոց Նահատակաց եկեղեցին զբաղեցնում է այդ տարածքի ընդամենը մի փոքր մասը։
Էրեբունի վարչական շրջանում՝ Ազատամարտիկների փողոցին հարող այգու տարածքում, եկեղեցու շինարարությունը սկսվել է դեռ 2005-ին և, փաստացի, դադարեցվել 2008-ին՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ։ Այստեղ էլ Մայր Աթոռին հատկացվել է բավականին մեծ տարածք՝ մեկ հեկտար։
2013-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ այս եկեղեցու շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենը 2008-ի հունիսին խաբեությամբ շինարարության համար նախատեսված գումարից 12,497,257 դրամը փոխանցել է մեկ այլ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել: Քրեական գործ էր հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու առթիվ։
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ խոսքը «Էլվարա» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ավետիսյանի մասին է։ 2013-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և նույն օրը քրեական գործի վարույթը կասեցվել էր նրա գտնվելու վայրի հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Դեռ 2011-ին Ավետիսյանին հայտնաբերելու համար հայտարարվել էր հետախուզում՝ մեկ այլ գործով, որում նա մեղադրվում է խոշոր գումար հափշակելու մեջ։
2019-ի հուլիսին եկեղեցու շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել։
Ուսումնասիրելով Google Earth-ի արբանյակային լուսանկարները՝ պարզ է դառնում, որ վերջին 11 տարվա ընթացքում եկեղեցու շինարարությունը կանգնած է եղել։ Այսօր եկեղեցու շինհրապարակն այս տեսքն ունի։
Եկեղեցուն հատկացված ոչ կանաչապատ տարածքները
Մայր Աթոռին տրվել են նաև երկու ոչ կանաչապատ տարածքներ՝ մեկական հեկտար մակերեսով՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։ 2001-ի հունիսին քաղաքապետարանը Հայ-առաքելական եկեղեցուն է տրամադրել ամայի տարածք՝ Շիրազ և Ջանիբեկյան փողոցների հատման մասում։ 2004-ի հուլիսին էլ նույն չափերով հողատարածք է տրվել Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև ընկած այգուց դուրս գտնվող բլրի վրա։
Ինչ է ասում Մայր Աթոռը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, նշել է, որ այդ հողատարածքները պետական իշխանության կողմից տրվել են Մայր Աթոռին, «որպեսզի մայրաքաղաքի բոլոր թաղամասերը քաղաքացիների հոգևոր կարիքների համար ունենան իրենց աղոթատները», և հավելեց, որ հողատարածքները եկեղեցիների կառուցման «պարտադիր բաղադրիչն են»։
«Այդ հողատարածքների հիման վրա ներկայացվում են լուծումներ և առաջարկներ բարեգործ հայորդիներին»,- ասվում է Մայր Աթոռի պատասխանի մեջ։
Մայր Աթոռից, սակայն, մեզ չտրամադրեցին տեղեկություն, թե երբ է նախատեսվում հատկացված տարածքներում սկսել եկեղեցիներ կառուցել և ավարտել դրանց շինարարությունը։
Այսպիսով, Երևանի քաղաքային իշխանությունները 2001-2006 թվականներին Հայ-առաքելական եկեղեցուն են հատկացրել մի շարք տարածքներ՝ եկեղեցիներ կառուցելու համար, որոնցից հինգում մինչ օրս որևէ աշխատանք չի տարվել։ Այդ հինգ տարածքներից երեքը կանաչապատ են, սակայն այսօր, փաստացի, լքված են և գտնվում են ոչ բարվոք վիճակում։