Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազությունում դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել էր․ «Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը: Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել՝ չեզոքացնելով անտարբերության ամեն մի դրսևորում, վերացնելով կոռուպցիոն ցանկացած երևույթ»:
Եթե Սերժ Սարգսյանն իսկապես պատերազմ հայտարարած լիներ անարդարությանը, ապա նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկեր արդարադատության համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ: Արդարադատության համակարգի անկախությունը ցանկացած պետության համար սկզբունքային կարևորություն ունի, քանի որ այն թույլ է տալիս ապահովել օրենքի գերակայությունը բոլոր քաղաքացիների նկատմամբ անխտիր և չի տալիս իշխող համակարգի ներկայացուցիչներին օրենքից խուսափելու հնարավորություն՝ այսինքն հիմքեր է ստեղծում անարդարության դեմ պայքարի համար:
Այդպես, օրինակ, ԱՄՆ-ում մի շարք նահանգների դատախազներ դատի են տալիս նախագահ Թրամփին: Հայաստանում ցավոք նմանօրինակ անկախության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին է վկայում, օրինակ, «Հայաստանում մարդու իրավունքներ 2016» Միացյալ նահանգների պետքարտուղարության տարեկան զեկույցը, համաձայն որի ՀՀ արդարադատության համակարգը չունի անհրաժեշտ անկախություն:
Ավելին, 2008 թվականից ի վեր ՀՀ արդարադատության համակարգն ու դրա անկախությունը, ըստ միջազգային հետազոտական «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության՝ անկում է ապրել: Մասնավորապես, ըստ այդ կամզակերպության «Ազգերը անցումային փուլում» տարեկան հետազոտական հաշվետվության՝ 2007 թվականին Հայաստանի արդարադատության համակարգի և դրա անկախության ցուցանիշը 5 էր (7 բալանոց համակարգում, որտեղ 1-ը դրական ցուցանիշն է, իսկ 7-ը՝ բացասականը), իսկ 2016-ին՝ 5,50՝ գրանցելով բացասական տեղաշարժ:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի իշխանությունների անարդարության դեմ մղած «պատերազմը» որևէ զգալի «մարտական» ձեռքբերում չունի, անգամ ընդհակառակը, իշխանությունները անարդարության դեմ «պատերազմում» հետևողականորեն պարտություն են կրում: