Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am կայքում նոյեմբերի 18-ին հրապարակված հարցազրույցում պնդում է, որ ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանը զրկվել է իր մեդալներից՝ արգելված խթանիչ օգտագործելու պատճառով:
Համբարյանը, մասնավորապես, նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին արած հայտարարությունը, թե Դալուզյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ճիշտ չէ. «Նախ, երեք անգամ չէ, երկու անգամ է․ 2007 և 2008 թվականներին, պարոն Փաշինյանն այստեղ կրկին թվերի մանիպուլյացիայի է դիմում, երկրորդը՝ պարոն Փաշինյանը, երբ որ ասում է մեդալի մի կողմի մասին, որ Մելինե Դալուզյանը դրոշ է բարձրացրել, նաև կարելի է այդ ժամանակ ասել, որ նույն Մելինե Դալուզյանը զրկվել է այդ մեդալներից, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներից, քանի որ ինքը դոպինգ սկանդալի մեջ է հայտնվել»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Գագիկ Համբարյանի այս պնդումը համապատասխանում է իրականության, թե ոչ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իսկապես սխալ տեղեկություն է պարունակում: Մելինե Դալուզյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 2007 և 2008 թվականներին:
Սակայն Համբարյանի հայտարարության մյուս թեզերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսպես, Դալուզյանն իսկապես որակազրկվել է 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին արգելված խթանիչների օգտագործման համար։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն 2019 թ. մայիսի 10-ին։
Արգելված խթանիչներ հայտնաբերելու նոր մեխանիզմների ստեղծումից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել էր վերստուգել Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներից վերցված նմուշները:
Հակադոպինգային պայքարի այդ նոր գործընթացն ընթանում է հետևյալ կերպ. Դրական արդյունքի (Adverse Analytical Finding) դեպքում ՄՕԿ-ը տեղեկացնում է համապատասխան ազգային օլիմպիական կոմիտեին և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Դրանից հետո ՄՕԿ-ը որոշում է, թե ինչ անել ստացված արդյունքների հետ, ինչից հետո միայն Միջազգային ֆեդերացիան վճիռ է կայացնում:
ՄՕԿ-ը որոշումներ է կայացնում միայն Օլիմպիական խաղերի վերաբերյալ: Երբ Կոմիտեն ավարտում է տվյալ մարզիկի գործի քննությունը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կայացնում է իր սեփական որոշումը ծանրորդների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ։
Ծանրամարտի ֆեդերացիայի վերջին հրապարակումը՝ Դալուզյանի արդյունքների վերաբերյալ, եղել է 2018 թվականի դեկտեմբերին: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է. «Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանատու է որոշելու բոլոր հետևանքները՝ կապված 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին մարզիկների մասնակցության հետ: Եթե հաստատվում է Հակադոպինգային կանոնի խախտումը, ապա մարզիկների՝ օլիմպիական խաղերից զատ այլ մրցելույթների արդյունքների վերաբերյալ որոշումների ընդունումը փոխանցվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Ֆեդերացիան այլևս հայտարարությամբ հանդես չի գա, մինչև մարզիկների գործերի փակումը»:
Այս պահին Դալուզյանի գործը քննվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, և վերջնական վճիռ կայացված չէ:
Այն, որ Մելինե Դալուզյանի արդյունքները դեռևս չեղարկված չեն, և նա չի զրկվել նախկինում իր ունեցած ձեռքբերումներից՝ «տիտղոսներից», կարելի է տեսնել հենց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հռիփսիմե Խուրշուդյանի բոլոր արդյունքները, 2008 թվականից ի վեր, զրոյացվել են:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ Գագիկ Համբարյանի պնդումը սխալ է. արգելված խթանիչների պատճառով Մելինե Դալուզյանը չի զրկվել իր մեդալներից և կոչումներից, քանի որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում նրա գործը դեռ քննվում է:
Մելինե Դալուզյանը սպորտից չի հեռացել տարիքի պատճառով
Նույն հարցազրույցի ժամանակ Գագիկ Համբարյանը պնդում է, որ Մելինե Դալուզյանը սպորտից հեռացել է ոչ թե իր նկատմամբ վերաբերմունքի և «քարկոծումների», այլ տարիքի պատճառով. «Մելինե Դալուզյանն ինքն իր սխալների պատճառով սպորտային բնագավառում հայտնվել է շատ ծանր վիճակում և մեխանիկորեն, նաև հաշվի առնելով իր տարիքը, դուրս է եկել ակտիվ սպորտային կյանքից»,- ասել է նա:
Նշենք, որ Մելինե Դալուզյանի, որպես մարզիկ, վերջին խոշոր մրցաշարը եղել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2014 թվականին, երբ նա 26 տարեկան էր: Արդյո՞ք այս տարիքում ծանրորդ կանայք լքում են ակտիվ սպորտը։ Դիտարկենք ակտիվ սպորտով զբաղվող այլ մարզիկների տարիքը։ Այսպես, աշխարհի գործող չեմպիոն Սազիե Էրդողանը 27 տարեկան է, բրոնզե մեդալակիր Լիզա Սեթիավաթին՝ 30 տարեկան: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նազիկ Ավդալյանը 2016 թվականին 30 տարեկանում մասնակցել է Օլիմպիական խաղերին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Նույն տարում նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ոսկե մեդալ նվաճել:
Այսպիսով, Համբարյանի այն միտքը, թե Դալուզյանի՝ սպորտը լքելու պատճառը տարիքն է, մանիպուլյատիվ է։
«Մել» ֆիլմի ֆինանսավորումն անհատույց չէ
«Առավոտին» տված հարցազրույցում Գագիկ Համբարյանի մյուս պնդումը վերաբերում է «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը:
«Ազգային ժողովում ունեցած ելույթից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ որ հանդիպել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց դասադուլ անող ուսանողներին, հայտարարեց, որ Հայաստանը համաֆինանսավորում է «Մել» ֆիլմի 10 տոկոսը։ Ազգային ժողովի ամբիոնից պարզվեց, որ մենք 14 տոկոսն ենք ֆինանսավորում։ Հիմա ինձ համար զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Հայաստանը համաֆինանսավորում է 20 կամ 25 տոկոսը»,- նշում է դասախոսը:
Նշենք, որ «Մել» ֆիլմը մասնակցել է Ազգային կինոկենտրոնի կողմից հայտարարված ֆիլմերի մրցույթին: Արդյունքում հայտնվել է ֆինանսավորում ստացած 10 ֆիլմերի շարքում:
Ֆիլմը ներկայացվել է լիամետրաժ ֆիլմերի մրցույթին և ստացել 14 տոկոսի ֆինանսավորում:
FIP.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի մամուլի խոսնակ Ռուզաննա Բագրատունյանը հաստատեց, որ Կինոկենտրոնի ու ֆիլմը ստեղծողների միջև պայմանագիրը կնքվել է 14 տոկոս ֆինանսավորման շուրջ: Բացի դա, նա հավելեց, որ որոշակի գումար հետագայում վերադարձվելու է պետությանը. «Ըստ կնքված պայմանագրի՝ ֆիլմի շահույթի 14 տոկոսը կփոխանցվի Ազգային կենտրոնին»,- նշեց Բագրատունյանը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից «Մել» ֆիլմի համաֆինանսավորումը չի կարող լինել 20 կամ 25 տոկոս, քանի որ պայմանագրով սահմանվել է կոնկրետ չափը՝ 14 տոկոս։
Այսպիսով, Մել Դալուզյանի մարզական արդյունքների և «Մել» ֆիլմի մասին Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցում արված պնդումները կեղծ են ու մանիպուլյատիվ:
Լուսինե Ոսկանյան