Փետրվարի 12-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ օդում կախված լուրերի համաձայն՝ իրենց ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է և միանալու Մանկավարժական համալսարանին:
Դժգոհության հիմքը նախորդ օրն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր, որը, ըստ նախագծի հեղինակների, կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացում է ենթադրում:
Բողոքի մասնակիցները հայտարարել էին, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան և համարել, որ պետք է փոխել այն:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը լիցենզիայից զրկելու որոշում է կայացվել։
ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Fip.am-ի հետ զրույցում նշեցին, որ կոնկրետ որևէ բուհի վերաբերյալ որևէ որոշում կայացված չէ։
««Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում բուհերի խոշորացման մոտեցումն ամրագրված է, բայց կոնկրետ ժամկետներ, թե գործընթացն ինչպես պետք է կազմակերպվի, բուհերից որ մեկը որի հետ պետք է միավորվի, դեռևս հստակ չէ։ Ընդամենն ամրագրվում է, որ բուհերը պետք է խոշորանան, որից հետո ուսումնասիրություն կկատարվի, և նոր միայն որոշում կկայացվի»,- ասացին վարչությունից։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստին հայտարարել էր, որ Հայաստանի բուհերի քանակը բավական մեծ է։ «Հայաստանում ոչ միայն մասնավոր բուհերն են թվաքանակով անբնական շատ, այնպես էլ պետական բուհերը։ Մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհն իմ խորին համոզմամբ ունի առանձին գործող բուհեր, բավականին «ճոխություն» է, և չեմ կարծում, որ դա պարտադրված անհրաժեշտություն է, և մարդկանց խնդիր էլ կա, հավատացեք»,- նշել էր նա։
Ըստ ԿԳՄՍՆ-ի կողմից 2019-ին հրապարակված տվյալների՝ Հայաստանում գործում է 23 պետական համալսարան, չորս միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարան և 25 ոչ պետական (մասնավոր) բուհ։
Նելլի Լազարյան