2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական մենաշնորհներ այլևս չեն լինելու, և յուրաքանչյուրն անարգել կարող է ներմուծել այն ապրանքատեսակները, որոնք կցանկանա։ Ավելի ուշ՝ 2019-ի սկզբին, ամփոփելով 2018 թվականի արդյունքները, կառավարությունը զեկուցեց, որ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում շուկայում կրճատվել է բենզինի ներմուծմամբ զբաղվող ամենախոշոր ընկերության մասնաբաժինը՝ 43 տոկոսից նվազելով 29 տոկոսի։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ցույց տվեց, որ կառավարության այս հայտարարության հիմքում փաստեր չկան, և շուկայում ամենախոշոր մասնաբաժին ունեցող ընկերությունն իրականում ավելացրել է իր մասնաբաժինը՝ 52,6 տոկոսից հասցնելով 58,2 տոկոսի։
Քանի որ արդեն իսկ ավարտվել է 2019 թվականը, հասկանանք, թե ինչ է փոխվել բենզինի շուկայում նախորդ տարում։
Պատկերը 2018 թվականին
2018 թվականին բենզինի ամենախոշոր ներմուծողը «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն էր, որը զբաղեցնում էր շուկայի 58,2 տոկոսը։ Հաջորդը «Ֆլեշ» ՍՊԸ-ն էր՝ 33,5 տոկոս մասնաբաժնով։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Հայաստան էր ներմուծվել մոտ 138 հազար տոննա բենզին՝ ընդամենը 5 ընկերության կողմից։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ վերը նշված երկու ընկերությունները միասին զբաղեցնում էին շուկայի մոտ 92 տոկոսը, կարող ենք փաստել, որ շուկայում մյուս երեք ընկերության մասնաբաժինները շատ փոքր էին։
Ասվածն առավել պատկերավոր ներկայացված է գրաֆիկում․
2019 թվականի պատկերը
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, ի համեմատություն 2018 թվականի, երբ բենզինի ներմուծման ծավալները նվազել էին 2,8 տոկոսով, 2019-ին ներմուծված բենզինի ծավալները գերազանցել են 2018 թվականի ցուցանիշներն ավելի քան 50 տոկոսով։ Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել մոտ 210 հազար տոննա բենզին։
2019 թվականին ևս՝ Հայաստան բենզին ներմուծող ընկերությունները հինգն էին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն, «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն և «Պլատինում օյլ» ՍՊԸ-ն։
Ինչպես տեսնում ենք, 2018 թվականի որոշ ներմուծողներ 2019-ին դադարել են բենզին ներմուծել, փոխարենը շուկա են մտել նոր խաղացողներ, որոնք, չնայած նոր են այս շուկայում, սակայն այնքան էլ անհայտ անուններ չունեն։
Նախորդ տարի ամենից շատ բենզին ներմուծել է «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն՝ ավելի քան 77 հազար տոննա կամ՝ շուկայի մոտ 37 տոկոսը։ 2017 թ. ստեղծված ընկերության միակ բաժնետերը մինչև 2019 թ. մայիսի 10-ը հանդիսանում էր Աշոտ Սալազարյանը։ Վերջինս բաժնեմասների 100 տոկոսն օտարել է Արթուր Սուրենի Դանիելյանին։
Ավելի քան 20 հազար տոննա բենզին (շուկայի 10 տոկոսը) ներմուծած «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն ևս պատկանում է Սալազարյանին։ Հատկանշական է, որ Սալազարյանն այս ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել 2019 թ. մայիսի 10-ին, իսկ բաժնեմասերը նրան օտարել է վերը նշված Արթուր Սուրենի Դանիելյանը։ Փաստացի, նրանք փոխանակել են իրենց բաժնեմասերը։
Հաշվի առնելով այս ամենը` կարող ենք վստահաբար պնդել, որ հենց նրանց է պատկանում բենզինի շուկայի մոտ 47 տոկոսը։ Եվ չնայած սրան՝ ընկերությունը, 2018-ի համեմատ, կորցրել է շուկայի ավելի քան 10 տոկոսը։ Ինչպես նշեցինք, 2018-ին «Սիփիէսին» էր պատկանում բենզինի շուկայի 58,2 տոկոսը։
Հատկանշական է նաև այն փաստը, որ Աշոտ Սալազարյանին պատկանող մեկ այլ՝ «Ռոսնեֆտ Էքսպորտ» ՍՊԸ-ն 2019-ին բենզին չի ներմուծել այն դեպքում, երբ 2018-ին իրեն էր պատկանում Հայաստան ներմուծվող բենզինի 7,5 տոկոսը՝ ավելի քան 10 հազար տոննա։
Համաձայն ՊԵԿ-ի տրամադրված տվյալների՝ հաջորդ խոշոր ընկերությունը Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղ) պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը նախորդ տարի Հայաստան է ներմուծել ավելի քան 76 հազար տոննա բենզին և շուկայում ունի ավելի քան 36 տոկոս մասնաբաժին։ 2018-ի համեմատ՝ ընկերության մասնաբաժինը շուկայում ավելացել է 2,6 տոկոսով։
Մեկ տարվա դադարից հետո շուկա է վերադարձել նախկին հանրապետական պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդուն՝ Էդգար Փամբուկյանին պատկանող «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 2019-ին ներմուծել է ավելի քան 35 հազար տոննա բենզին, ինչն ամբողջ ներմուծման մոտ 17 տոկոսն է։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին շուկայում ընկերության ներկայացվածությունը 0,3 տոկոս էր։
Բենզինի շուկայում իր չնչին մասնակցությունը շարունակում է պահպանել Աղասի Մանուկյանին պատկանող «Պլատինում օյլ» ՍՊԸ-ն։ Վերջինս նախորդ տարի ներմուծել է ընդամենը 392,5 տոննա բենզին (0.2 տոկոս)։ Ընկերությունը բենզինի ներմուծմամբ զբաղվել է միայն նախորդ տարվա հունվար և փետրվար ամիսներին։ 2018 թվականին այս ընկերությունը ներմուծել էր մոտ 400 տոննա բենզին, ինչը շուկայի ընդամենը 0,3 տոկոսն էր։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ բենզինի շուկայում թեև խոշոր խաղացողների մասնաբաժինները որոշակի փոփոխություններ կրել են, սակայն ըստ էության՝ այստեղ շարունակում են գլխավոր դերակատարներ մնալ CPS և Flash ընկերությունները, որոնց մասնաբաժինը շուկայում 83 տոկոս է։
Սևադա Ղազարյան