Մարտի 16-ին սոցիալական ցանցերում և հայկական մեդիա տիրույթում տարածվեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող խոսքեր, թե, իբր, հաշվի առնելով կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը՝ Ֆրանսիան կոմունալ ծախսերը չի պահանջի ժողովրդից և այլն։
Մակրոնի ելույթը ի սկզբանե թարգմանել էր Ժիրայր Թորգոմյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը գրառում էր արել` ներկայացնելով Ֆրանսիայի նախագահի ելույթից հատվածներ։
Դրանում, մասնավորապես, ասվում էր. «Ֆրանսիան պատերազմի մեջ է։ Պետությունը կվճարի մարդկանց աշխատավարձերը։ Կոմունալ ծախսեր չեն պահանջվի ժողովրդից։ Վարկերը ժամանակավորապես կսառեցվեն։ Վարձով ապրողների վարձերը պետությունը կհոգա։ Ոչ մի ֆրանսիացի սոված չի մնա։ Կոմերսանտները կփոխհատուցվեն։ Ժողովրդից պահանջվում է միայն մնալ տանը։ Իսկ բժիշկները կկռվեն առաջին գծում։ Այո, մենք պատերազմի մեջ ենք»։
Թորգոմյանի այս գրառումն արագորեն տարածում գտավ ինչպես սոցցանցերում, այնպես էլ հայկական լրատվական կայքերում՝ armday.am, newstime.am և այլն։ Asekose.am-ն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սոցիալական երաշխիքների մասին կառավարությունը կմանրամասնի ավելի ուշ… սակայն բոլոր սոցիալական վճարումները, աշխատավարձերը երաշխավորված են … Այս ընթացքում բոլորի կոմունալ վճարները, վարձերը կհոգա պետությունը»։
Նմանատիպ մի գրառում էր արել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ նման խոսքեր իր երկրի ղեկավարից ցանկանում է լսել ցանկացած երկրի քաղաքացի։ Դրան ի պատասխան՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հակադարձել էր, թե Մակրոնի ելույթը խեղաթյուրվել է, ինչից հետո Գորգիսյանը ջնջել էր գրառումը։
Ի՞նչ է իրականում ասել Մակրոնը
Մարտի 16-ին Ֆրանսիայի նախագահը հանդես էր եկել շուրջ 20 րոպե տևողությամբ տեսաուղերձով, որում անդրադարձել էր երկրում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մակրոնն իր խոսքում նշել էր, որ մարդկանց տեղաշարժը երկրում պետք է սահմանափակվի և քաղաքացիները կարող են լքել իրենց տները միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Նախագահը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը պատերազմի մեջ է և Ֆրանսիայի պատմության մեջ երբևէ խաղաղ պայմաններում նման ծայրահեղ քայլեր չեն ձեռնարկվել։
«Ինչ վերաբերում է տնտեսական կյանքին, որի մասով շատերն են մտահոգված, որևէ բիզնես, անկախ ծավալներից, չի կանգնի սնանկության ռիսկի առաջ։ Ոչ մի ֆրանսիացի և ֆրանսուհի չի մնա առանց ռեսուրսների։ Ընկերությունների մասով մենք ստեղծում ենք 300 մլրդ եվրո ծավալով բացառիկ համակարգ, որի միջոցով կկարողանանք հետաձգել հարկային և սոցիալական վճարները, աջակցել վարկային պարտավորությունների հետաձգմանը։ Քանի դեռ այս իրավիճակը կշարունակվի, առավել փոքր ընկերությունները, որոնք բախվում են դժվարությունների, վճարումներ չեն իրականացնի, այսինքն՝ ոչ հակեր, ոչ սոցիալական վճարներ։ Այդ ընկերությունների համար ջրի, գազի և հոսանքի վճարները կկասեցվեն։ Աշխատողների համար մասնակի գործազրկության նպաստները լայնորեն կընդարձակվեն»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։
Այսինքն, Մակրոնի ելույթում խոսք է գնում ոչ թե բոլորի աշխատավարձերը վճարելու, այլ ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքից զրկվածներին որոշակի գումար պետության կողմից տրամադրելու մասին։ Կոմունալ ծախսերի մասով, իրոք, Մակրոնը հայտարարել է, որ դրանք կկասեցվեն առնվազն ժամանակավորապես, սակայն՝ միայն փոքր բիզնեսի համար։ Իսկ ինչ վերաբերում է վարկերին, ապա դա կրկին ընկերություններին է վերաբերում և ոչ թե ֆիզիկական անձանց։
«Ոչ մի ֆրանսիացի սոված չի մնա» արտահայտություն Մակրոնը չի արել։ Նա ասել է, որ ոչ մի ֆրանսիացի «չի մնա առանց ռեսուրսների»՝ նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակից տուժածները կստանան պետության աջակցությունը։ Իսկ ձեռնարկատերերի համար պետությունը կստեղծի համերաշխության հիմնադրամ և կներդնի միջոցներ՝ նրանց օգնելու համար։
Ֆրանսիայի նախագահի խոսքում որևէ հիշատակում չկա նաև վարձով ապրողների փոխարեն վճարելու մասին։
Հովհաննես Նազարեթյան