Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ լուծարված «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները չեն կորցնի իրենց աշխատանքը, քանի որ կա ներդրող։
Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ կա պայմանավորվածություն ներդրողի հետ, և կառավարությունը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները կօտարի այդ ներդրողին, և նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիներին: «Այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա՝ ըստ մեր պայմանավորվածության…»,- ասել էր Փաշինյանը
«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողներից մեկը խնդրել էր պարզել, թե ինչ փուլում է ներկայում մասնավոր ներդրումը:
Ինչո՞ւ լուծարվեց Շիրակ հեռուստաընկերությունը
«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշումը կայացվել է 2019 թվականի հունվարի 31-ին՝ կառավարության նիստի ընթացքում:
Որպես հիմնավորում նշվում էր, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: ««Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն լուծարելու կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվեն համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»,- նշված էր որոշման մեջ:
Fip.am-ի հետ զրույցում «Շիրակի հանրային հեռուստառադիոյի» նախկին գործադիր տնօրեն, «Ցայգ» մարզային հեռուստաընկերության հիմնադիր Արթուր Ղանդիլյանը նշեց, որ մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը ընկերության 43 աշխատակիցները շարունակել են բնականոն աշխատանքը: Ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից մեզ տրամադրած տվյալների՝ լուծարման պահին ընկերությունում ձևակերպված է եղել 43 աշխատակից, որոնցից 3-ը՝ համատեղությամբ (ոչ հիմնական): Թվով 40 աշխատակցի վճարվել է արձակման նպաստ:
Գործադիր տնօրենի խոսքով՝ ընկերության լուծարման գործընթացն ավարտվել է 2020 թվականին փետրվարին:
«Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրում այդպես էլ չկատարվեց
«Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրում չի կատարվել: «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնեցին, որ ծրագրի քննարկման ժամանակ խնդիրներ են ծագել:
««Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրումային ծրագիր իրականացնելու հայտնի քննարկման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի իրավական և տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ կապուղու հետ կապված, որոնք հնարավորություն չեն տվել իրականացնել ներդրումային ծրագիրը»,- նշված է պատասխանի մեջ:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից մեզ հայտնեցին, որ որևէ անհատ կամ կազմակերպություն ցանկություն չի հայտնել ներդրում կատարել «Շիրակ» հեռուստաընկերությունում և վերագործարկել այն:
Արթուր Ղանդիլյանն իր հերթին նշեց, որ ներդրում կատարելու մասին քննարկումներ տեղի էին ունենում մինչև լուծարումը՝ որպես այլընտրանք ընկերության փակմանը: Սակայն ներդրում անելը փաստացի ձեռնտու չէր, քանի որ հեռուստաընկերության սփռումը փոքր էր, այդ իսկ պատճառով որևէ ներդրող չեղավ: Նա, սակայն, հավելեց, որ իր տեղեկությամբ՝ սկզբնական փուլում ներդրող եղել է:
«Հեռուստատեսության և ռադիոյի օրենքով՝ յուրաքանչյուր մարզում տրված է մեկ թվային հեռարձակման լիցենզիա: Շիրակի մարզում այդ լիցենզիան տրված է «Ցայգին»:
Անգամ եթե շատ ուզեին, պիտի օրենսդրական փոփոխություններ լինեին, պիտի լիներ թույլտվությունը, մասնակցեինք մրցույթին, ունենայինք լիցենզիա, որպեսզի կարողանայինք որպես մասնավոր ընկերություն աշխատել: Ներդրող կարող էր լիներ, որը կասեր` լավ, ներդրում անեմ, բայց, թե ինչպես էր նա իր գումարները հետ բերելու, պարզ չէր, քանի որ անալոգի դիտումը քիչ է»,- ասաց Ղանդիլյանը:
Հեռուստատեսության աշխատակիցների մեծ մասը դեռևս գործազուրկ է
Տիգրան Գասաբյանը գրեթե 3 տարի աշխատել է «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր:
Fip.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ընկերության լուծարման գործընթացը շատ ծանր էր մի քանի տասնյակ աշխատակիցների համար: Նրանք մեծ հույսեր էին ունեցել ԱԺ-ում վարչապետի ելույթից հետո, սակայն աշխատատեղերը պահելու խոստումը չի իրականացվել, և աշխատակիցների մեծ մասը մինչև այսօր գործազուրկ է, այդ թվում՝ Տիգրան Գասաբյանը:
Վերջինս ասում է՝ նորմալ չէ, երբ տարիներ շարունակ գործունեություն ծավալած հեռուստաընկերությունը հանկարծակի փակում են. «26 տարի հեռուստատեսությունը գործել է, հետո կտրուկ 50 հոգու փողոց են նետում առանց մտածելու: Ըստ իս՝ սա նորմալ չէ: Մարդիկ հույս են ունեցել, հանրային հեռուստատեսություն էր վերջիվերջո, բայց փակեցին՝ պատճառաբանելով, որ գոյությունը նպատակահարմար չէր: Չէ՞ որ խոստացան, որ չի փակվի: Լավ, մի ներդրողը չուզեց ներդրում անել … ու վե՞րջ: Այդքանով սահմանափակվեցի՞ք», — ասում է Գասաբյանը:
Նա նկատում է, որ Գյումրիում առհասարակ գործ գտնելը դժվար է, իսկ հեռուստաընկերություններում աշխատող նեղ մասնագիտությունների տեր մարդկանց համար՝ առավել դժվար:
«Ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում այս ոլորտում խայտառակ վիճակ է: Մարզային հեռուստատեսությունները փող չունեն: Մարդիկ մի կերպ աշխատում են, մի կերպ էլ՝ 2 կոպեկ աշխատավարձ են ստանում»,- ասում է նա:
Այս պայմաններն օպերատորին թույլ չեն տալիս իր բուն մասնագիտությամբ աշխատանք գտնել, ինչի պատճառով նա փորձում է փոխել գործունեության տեսակը:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ կա ներդրող, որին կօտարվեն «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները, ներդրում փաստացի չի կատարվել, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները ազատվել են աշխատանքից:
Լուսինե Ոսկանյան