Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի Ֆիրդուսի թաղամասում տարածքի կառուցապատումն ու իրացումը կազմակերպող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն քանդման աշխատանքներ է իրականացնում: Ընկերությունը քանդել էր 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից մի կառույց։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև նույն տարածքում գտնվող աղյուսե շենքին։
2007-2008 թթ․ կառավարության որոշումներով Ֆիրդուսի թաղամասը և հարակից տարածքը ճանաչվել են հանրային գերակա շահ՝ օտարվելով «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը՝ կառուցապատման և իրացման համար։
Տարածքում նախատեսվում է կառուցել շրջանաձև հրապարակ, բիզնես և բնակելի համալիրներ։ Ծրագրի ճարտարապետը քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանն է, կառուցապատողն էլ պարտավորվել էր փոխհատուցում տրամադրել և կառուցվելիք նոր համալիրում բնակարաններ տրամադրել Ֆիրդուսի թաղամասի այն բնակիչներին, որոնց տները, հանրային գերակա շահով պայմանավորված, ենթակա էին օտարման։ 2018-ի մարտին կառավարության որոշմամբ տարածքը բաժանվեց 18 լոտերի և հանձնվեց Արևմտյան Հայաստանի տեղանուներով կոչվող տարբեր կազմակերպությունների, որոնց իրավանախորդը «Սիթի սենթըր դիվելըփմենթն» էր։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե ովքեր են կանգնած Ֆիրդուսի թաղամասի և հարակից տարածքների կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների հետևում։
Էդուարդ Մելիքյան՝ մի քանի տասնյակ ընկերությունների աշխատակից-բաժնետերը
2013-2018 թվականներին «Սիթի սենթըր դիվելըփմենթի» տնօրենը եղել է Էդուարդ Մելիքյանը։ Այս ընկերության իրավահաջորդ են դարձել Արևմտյան Հայաստանի նահանգների տեղանուններով ընկերությունները, որտեղ բաժնետեր կամ տնօրեն է եղել Մելիքյանը: «Դիանար» ՓԲԸ-ն բաժնետեր է կամ բաժնետեր է հանդիսացել տասնութ այն ընկերությունների, որոնց պատկանում են Ֆիրդուսի թաղամասի լոտերը։ Շատ դեպքերում Էդուարդ Մելիքյանից բաժնեմասերն անցել են այս ընկերությանը և հակառակը։ Ներկայում Մելիքյանը «Դիանարի» տնօրենն է, 2015-2020 թվականներին «Բիթլիս քոնսթրաքշն», «Տրապիզոն քոնսթրաքշն», «Ուրմիա քոնսթրաքշն», «Բաբերդ քոնսթրաքշն», «Բայազեդ քոնսթրաքշն» ընկերությունների բաժնետեր «Դիանար» ՓԲԸ-ն իր բաժնեմասերն օտարել է Էդուարդ Մելիքյանին։ Բոլոր ընկերությունների հասցեն նույնն է՝ Արգիշտի 7/8։
Ընկերություններից միայն երկուսում ենք հանդիպում այլ բաժնետերերի։ Այսպես, «Վան քոնսթրաքշն» ընկերությունում իր ունեցած բաժնեմասը Մելիքյանը 2019-ին փոխանցել է Զավեն Սարգսյանին։ Վերջինս արևային էներգետիկայի, արևային ջրատաքացուցիչների արտադրությամբ զբաղվող «Արփիսոլար» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է եղել 2015-2019 թվականներին։ Սարգսյանի անունը հանդիպում ենք «Իզոտոպ դելտա» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկում։ Ընկերությունն Արցախի Քաշաթաղի շրջանում շահագործում է «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը։ Զավեն Սարգսյանն այստեղ ունի 7 տոկոս բաժնեմաս։ Այս ՀԷԿ-ում բաժնեմաս ունեն նաև ՀՅԴ ղեկավար կազմի անդամներ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ 1.5 տոկոս, Դավիթ Լոքյանը՝ 5 տոկոս, Լևոն Մկրտչյանը՝ 5 տոկոս, Հրանտ Մարգարյանը՝ 2 տոկոս, Վահան Հովհաննիսյանի որդի Հայկ Հովհաննիսյանը՝ 5 տոկոս։
Ֆիրդուս թաղամասի մեկ այլ լոտի սեփականատեր է հանդիսանում «Էրզրում քոնսթրաքշն» ընկերությունը։ 2019-ին ընկերության բաժնեմասերն Էդուարդ Մելիքյանից անցել են Ռուսաստանի քաղաքացի Յուրիկ Խաչատրյանին։ Մյուս ընկերություններում բաժնետեր հանդիսանում է կամ «Դիանարը» կամ Էդուարդ Մելիքյանը։ Վերջինս հանդիսացել է նաև «Գլենդել հիլզ» ընկերության (վերջինիս Երևանի կենտրոնում օտարվել էին գերակա շահ ճանաչված տարածքներ, սակայն ընկերությունը չէր կատարել քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունները) տնօրեն և բաժնետեր, այս ընկերությունը ներկայում սնանկ է։ Չի բացառվում, որ Զավեն Սարգսյանն ու Յուրիկ Խաչատրյանը 33-րդ թաղամասի ներդրողներից են։
Էդուարդ Մելիքյանը՝ 33-րդ թաղամասի ներդրողների մասին
Էդուարդ Մելիքյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտնեց, որ 2019-ին բանակցություններ են վարել և թաղամասի կառուցման համար տեղական և օտարերկրյա ներդրողներ են ներգրավել՝ թվով 11 անձ։ Մելիքյանի խոսքով՝ Ֆիրդուսի թաղամասի տարածքում ներդրումներ կատարելու հնարավորությամբ հետաքրքրված են նաև ղազախական և ամերիկյան մեկական ընկերություններ։ Մելիքյանը ներկայացրեց մի քանի ներդրողների անուններ, որոնք, ըստ նրա, պատրաստվում են թաղամասի կառուցապատմանը մասնակցություն ունենալ։ Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին․
Վահե Պետրոսյան
Վահե Պետրոսյանը շինարարության ոլորտում անհայտ դեմք չէ։ Նա «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է, 57 տոկոս բաժնեմաս ունի «Լոգիկոն» խորհրդատվական ընկերությունում, բաժնետեր է նաև մի շարք կառուցապատող ընկերություններում՝ «Արտքոմփանի», «Սոլար սիթի», «Դի ընդ էյջ գրուպ»։ Բոլոր այս ընկերությունները զբաղվում են բնակելի շենքերի ու թաղամասերի կառուցմամբ։
Ռուբեն Կարախանյան
Հաջորդ ներդրողը, որի մասին հայտնեց Մելիքյանը, Ռուբեն Կարախանյանն է։ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում անդրադարձել էր Կարախանյանին՝ ներկայացնելով մի կոռուպցիոն սխեմա։ Ըստ դրա՝ ոստիկանության հագուստի կարով և մատակարարմամբ զբաղվող և ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Կոնտինենտ տեքս» ընկերությունը տարվել էր միտումնավոր սնանկացման, և տարածքն օտարվել էր Կարախանյանի հիմնադրած «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ին, որը պարտավորվել էր Դավթաշեն վարչական շրջանում կառուցել անձնագրային և վիզաների վարչության շենքը, Գյումրիում ու Նուբարաշենում էլ հիմնանորոգել ոստիկանության բաժինների շենքերը։ Այս գործարքը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, հարուցվել էր քրգործ՝ պետությանը պատճառված վնասի հատկանիշներով, «Կոնտինենտ տեքս» ընկերության նախկին տնօրենը դարձել էր մեղադրյալ, որին, սակայն, ոստիկանությունը չէր կարողացել հայտնաբերել։ Գործը կասեցվել էր։
«Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնվել է 2009-ին։ Ընկերության միակ բաժնետերը ներկայում Կարեն Կարախանյանն է, որը բաժնեմասը ստացել է եղբորից՝ Ռուբեն Կարախանյանից։ Կարախանյանին է պատկանում Կոմիտասի պողոտայում գտնվող «Դեգուսթեյշն ֆուդ» ճաշարանը, ինչպես նաև «Մոբիլայն» ՍՊԸ-ն, որին, իր հերթին, պատկանում են Swarovski և Egoiste խանութները Երևանում, նաև որսորդական պարագաների «Սաֆարի առմս» խանութը։
Արմեն Մկոյան
Արմեն Մկոյանը կառուցապատման և շինարարության ոլորտում ևս հայտնի դեմք է։ Նա «Էլիտ գրուպի» նախագահն է, Մկոյանին է պատկանում Երևանի կենտրոնում գտնվող «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնը։ «Էլիտ գրուպն» է կառուցել «Ջերմուկ ռեզորթը», «Բեստ վեսթերն Աղվերանը», իսկ Ծաղկաձորում՝ «Էլիտ Վիլլա» համալիրը։ Ըստ «Էլիտ գրուպի» կայքի տվյալների՝ ներկայում ընկերությունը բնակելի շենքային համալիրների կառուցման փուլում է։ «Էլիտ գրուպի» նախագծերից է 276 բնակարանից բաղկացած Հյուսիսային ճառագայթ համալիրը, որը Կասկադից ձգվում է դեպի Զարյան և Բաբայան փողոցներ։
Մկոյանը բաժնեմաս ունի «Էլէնէքս ՍՊԸ»-ում, որը փոքր ՀԷԿ է շահագործում Աղստև գետի վրա։ Մկոյանին է պատկանում ընկերության 16.5 տոկոսը։
Վահե Հարությունյան
33-րդ թաղամասում մյուս ներդրողը Վահե Հարությունյանն է, որը ևս շինարարության ոլորտից է։ Նրան է պատկանում «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ն, որը ներկայում սնանկության գործընթացի մեջ է։ Ընկերությունը Երևանի կենտրոնում կառուցապատմամբ է զբաղվել՝ բնակելի համալիր կառուցելով Բուզանդ 99 հասցեում։
«Գրադշինինվեստի» բաժնետեր է եղել նաև Պավել Անդերսոնը, որը տարիներ առաջ ներկայացրել էր, թե ինչ կոռուպցիոն եղանակներով է կառուցապատումների թույլտվություններ ստացել։ Անդերսոնը «Հետքին» հայտնել էր, որ դրանք ստացել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Հյուսիսային պողոտայի կառուցման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի միջոցով։
Հարությունյանը տնօրեն է «Ջի էմ դեվելոփեր» ընկերությունում։ 2017-ին «Սիվիլնեթը» գրել էր, որ կառավարությունը հավանության է արժանացրել այս ընկերության ներդրումային ծրագիրը, որով «Ջի էմ դեվելոփերը» Բուզանդ փողոցում կառուցելու էր բնակելի շենք, ինչպես նաև Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի հին շենքի փոխարեն նորը պիտի կառուցեր։ Ընկերության սեփականատերն ամերիկաբնակ Մամիկոն Գինոսյանն է։
«Ջի էմ դեվելոփերը», իր հերթին, բաժնետեր է «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ում, որը Գլխավոր պողոտայում իրականացվող «Հին Երևան» նախագծի կառուցապատողներից է և այդ հատվածում սեփականության իրավունքով անշարժ գույքերի է տիրապետում։ «Ջի էմ դեվելոփերն» այս ընկերությունում ունի 35 տոկոս բաժնեմաս, իսկ անձնապես Վահե Հարությունյանն ունեցել, ապա օտարել է 45 տոկոս բաժնեմաս։
Բացի վերը նշված անձանցից, ըստ Մելիքյանի, ներդրումներով հետաքրքրված է «Սիքս թաուեր սիթի» ամերիկյան ընկերությունը (այս ընկերության գործունությանն առաջիկայում կանդրադառնանք- խմբ․)։ Նշենք, որ ՀՀ-ում նման գրանցմամբ ընկերություն չկա։ Էդուարդ Մելիքյանի խոսքով՝ ներդրում է կատարել նաև ղազախական մի ընկերություն, որի անունը նա չհիշեց։ Ընդհանուր առմամբ, 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 միլիոն դոլար։
Մկրտիչ Կարապետյան