Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Ներկաները հարցրել են Ռուստամյանին՝ ընդունում են արդյո՞ք դաշնակցականները, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մասնավորապես Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։
Պատասխանելով հարցին՝ Ռուստամյանը սկսել է բացատրել «քաղբանտարկյալ» հասկացությունը՝ ասելով «քաղբանտարկյալը այն անձն է, որի արարքը որևէ աղերս չունի քրեական օրենսգրքի հետ»։
Ներկաներին սակայն չի գոհացրել այդ հայտարարությունը։ Արդյունքում Ռուստամյանին ասացին «ղալաթ ես արել»՝ անվանելով «չաթլախ»։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ դաշնակցական պատգամավորը հրապարակայնորեն մերժում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։ Դեռ նախորդ տարի ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին, թե արդյո՞ք Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, Ռուստամյանը շտապել է պատասխանել՝ «Ոչ», — հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները 1990-ականներին, իսկ ահա իրենցից հետո այլևս որևէ քաղբանտարկյալ չի եղել։
Ստացվում է, եթե հիմք ընդունենք Ռուստամյանի այն չափորոշիչը, որ քաղբանտարկյալ չի կարող համարվել այն անձը ում արարքը, այնուամենայնիվ, աղերսվում է քրեական օրենսգրքի հետ՝ կարելի է պնդել, որ 90-ականներին դաշնակցականները եղել են ոչ թե քաղբանտարկյալներ, այլ սովորական հանցագործներ։
Փորձենք հիշել Արմեն Ռուստամյանի վկայակոչած 1990-ականների գործերը:
Մեղադրական եզրակացության մեջ, որի գլխավոր մեղադրյալներից մեկը եղել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գրված է․ «ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց…»։ «Հ.Մարգարյանը 1991թ. սկզբին ձեռք է բերել և օգտագործել Ալեքսանդր Գուրգենի Թովմասյանի անվամբ լրացված,սակայն իր լուսանկարով պատրաստված թիվ 7 ԺԳ 626353 խորհրդային կեղծ անձնագիրը, որից բացի, 1993թ. ապրիլի 21-ին՝ իր լուսանկարով, սակայն Ասատուր Պարգեւի Մելոյանի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու թիվ 42 նո. 0058378 արտասահմանյան կեղծ անձնագիրը»։
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։
Հրանտ Մարգարյանը «Դրո» գործի շրջանակներում դատապարտվել է, սակայն 1998 թվականի հայտնի դեպքերից հետո մի քանի գործիչների հետ միասին ազատ է արձակվել։ Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալներ՝ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս։
1995թ. հուլիսի 29-ին Ազգային անվտանգությունը տարածել էր հայտարարություն՝
«ԱԱ և ՆԳ նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողությունների ընթացքում 1995թ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին ԱԺ կրկնական ընտրությունների օրը իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ… Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն։ Շուրջ տասը րոպե տևած փոխհրաձգության արդյունքում ՆԳՆ զինծառայողների շարքում կան վիրավորներ։ Առայժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ։ Խմբի ևս մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ» (ՆԳՆ երկու աշխատակից այդ օրը ստացած վնասվածքներից մահացել էր)։
Նշենք, որ Արմեն Ռուստամյանը «քաղբանտարկյալ» էր դարձել հենց «31»-ի գործի շրջանակներում՝ իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։
Ավելին, Ռուստամյանն անգամ մասամբ ընդունել է իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ տարիներ անց ասելով․ «Ես չեմ էլ արդարացել, համարել եմ, որ պայքարել եմ իշխանությունների դեմ, կոչեր եմ արել։ Այդ պայքարի համար, առնվազն՝ կոչերի համար նախատեսված է եղել պատիժ»։
Հ․Գ. 31-ի գործը բացահայտել և ամբողջ քննությունը համակարգել է անձամբ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, մարդ ում ղեկավարած կուսակցության հետ այսօր Դաշնակցությունը կոալիցիա է կազմել և պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։