Hraparak.am-ը հուլիսի 2-ին «Սահմանը փակ է՝ Հայաստան անգամ նամակ ու ծանրոց ուղարկելու..» վերնագրով նյութ էր հրապարակել, որում հեղինակը, մեջբերելով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառում, եզրահանգել էր, որ Իտալիան, կորոնավիրուսով պայմանավորված, դադարեցրել է Հայաստանի հետ փոստային կապը։
«Մի ժամանակ Հայաստանն էր զգուշանում Իտալիայից, հիմա տխուր է, բայց փաստ՝ Իտալիան է զգուշանում Հայաստանից։ Անգամ նամակների և ծանրոցների համար սահմանը ժամանակավոր փակ է»,- գրել էր կայքը՝ մեջբերելով օգտատեր Եվա Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը։
Հրապարակի նյութը տարածել էին մի քանի սունկ կայքեր՝ armblog.info, mediatime.am և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Իտալիայից Հայաստան փոստային ծառայությունը ժամանակավորապես կասեցված է։
Պարզաբանում է օգտատերը
Fip.am-ը կապ հաստատեց օգտատեր Եվա Պապիկյանի հետ, որը նշեց, որ ծանրոցը փորձել է Հայաստան ուղարկել Իտալիայի Միլան քաղաքից պետական «Պոստե Իտալիանե» փոստային ծառայության միջոցով: Ըստ նրա՝ արկղը չեն վերցրել՝ պատճառաբանելով, որ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ծառայությունը վիրուսի պատճառով կասեցված է։ «Դեղ պիտի ուղարկեի շտապ, ասացին՝ ժամանակ առ ժամանակ եկեք, կասենք, ե՞րբ կվերականգնվի՝ իրենք էլ չգիտեն։ Երբ ես արկղը տարա, իրենք նույնիսկ չգիտեին պարունակությունն ինչ է, ուղղակի ասացին, որ մի քանի երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի, փոստային ծառայությունը ժամանակավորապես չի գործում»,- ասաց Եվան։
«Հայփոստը» եվրոպական բոլոր երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, փոստ ստանում է
«Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն էլ Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հայփոստը» որևէ խնդիր չունի Իտալիայից փոստ ստանալու հարցում։ «Եվրոպական բոլոր երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, մենք անարգել փոստ ստանում ենք։ Մենք ընդունում ենք առաքանիներ ամբողջ աշխարհից, եթե այնտեղից ուղարկում են, այսինքն՝ եթե տվյալ երկրի և Հայաստանի օրենսդրությամբ տվյալ իրերի առաքումը չի արգելվում։ Իտալիայից կոնկրետ ծանրոցներ պարբերաբար ստանում ենք և վերջին օրերին ևս փոստ ունեցել ենք»,- ասաց նա։
Հայաստանը «Պոստե Իտալիանեի» «սև» ցուցակում չէ
Իտալիայի փոստային կապի ազգային օպերատոր «Պոստե Իտալիանեն» իր կայքում ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնց հետ, COVID-19-ով պայմանավորված, փոստային առաքումը ժամանակավորապես դադարեցված է։ Եվ հուլիսի 3-ին թարմացված ցուցակում Հայաստանը չկա։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Hraparak.am կայքի կողմից որպես փաստ ներկայացված եզրահանգումը, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիայից դեպի Հայաստան փոստային ծառայություն չի իրականացվում, սխալ է։ Փաստացի, «Պոստե Իտալիանեի» կայքում Հայաստանը «սև ցուցակում» նշված չէ, և անհասկանալի է, թե ինչու է Միլանի փոստային բաժանմունքը, օգտատիրոջ խոսքով, հրաժարվել ուղարկել ծանրոցը։
Նելլի Լազարյան