Ադրբեջանի պետական քարոզչամեքենան հաճախ ինքն է խճճվում իր տարածած կեղծ տեղեկությունների ու ստերի մեջ՝ հակասելով ինքն իրեն։
Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է սպանել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար — Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։
Ադրբեջանական իշխանամերձ haqqin.az կայքը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ դրանում երևում է Հարությունյանին «լիկվիդացնելու» օպերացիան։ Տեսանյութի վերլուծությունից պարզ է դառնում, որ լրատվամիջոցն այն ստացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյանջայում խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունների համար միջազգային հետախուզում է հայտարարվել Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Ջալալ Հարությունյանի և Արման Բաբաջանյանի նկատմամբ։
Եվ այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Ադրբեջանը հետախուզում հայտարարում մի անձի նկատմամբ, որն իրենց իսկ պնդմամբ «լիկվիդացվել է»։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանը մարտական դիրքում վիրավորում է ստացել։ Որոշում էր ընդունվել նրան ՊԲ նախարարի պաշտոնում փոխարինել Միքայել Արզումանյանով։ Ավելի ուշ Արցախից հայտնել էին, որ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում և ստացած վիրավորումը ծանր չէ։
Անի Գրիգորյան