Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր պատկերացումները՝ հիմնականում նշելով, որ ինքը բանակցությունները սկսում է «զրոյական կետից»։
Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը, սակայն, խիստ տարբեր է՝ կախված ժամանակահատվածից, աշխարհում և Հայաստանում տիրող իրավիճակից։
Հաշվի առնելով վերջին օրերին Փաշինյանի հայտարարությունները և Արցախի վերջանական կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի նոր դիրքորոշումը կամ այդ դիրքորոշման հանրայնացումը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ամփոփել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացման թեմայով արած հայտարարությունները և դրանց փոփոխությունները։
2018-2019․ Արցախը պետք է բանակցի․ «Հայաստան է, և վե՛րջ»
Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ՝ 2018 թվականի մայիսի 9-ին։ Այստեղ Փաշինյանը բավական կոնկրետ էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջներից և փոխզիջումների գնալու պատրաստակամությունից խոսելիս. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Նույն շրջանում՝ կրկին Արցախում իր ելույթներից մեկում, Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը․ ինքը իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։ «․․․ շատ կարևոր ենք համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։
2019 մարտին Փաշինյանը Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը «առաջնահերթ խնդիր» է եղել և կմնա Հայաստանի համար։
Նույն թվականի օգոստոսին վարչապետը հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հենց այստեղ Փաշինյանն արեց իր ամենանշանավոր հայտարարություններից մեկը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Հայտարարության համատեքստը Հայաստանի առաջիկա տարիների զարգացման ծրագրերն էին, որտեղ Արցախի մասին առանձին կետեր չկային։ «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- հայտարարեց Փաշինյանը։
«Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- նույն օրը հայտարարեց վարչապետը։
«Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»
2020 թվականի մայիսին Փաշինյանը Շուշիում մասնակցեց նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը՝ կրկին խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքից. «․․․ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը… Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»։
Հատկանշական է, որ չնայած Փաշինյանն այս շրջանում ներքին լսարանի առաջ արված հայտարարություններում պարբերաբար խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքից, միջազգային ատյաններում Արցախի թեմայով իր ելույթներն ավելի անորոշ էին կամ առհասարակ շրջանցում էին կոնֆլիկտը, ինչպես, օրինակ, 2019 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Պատերազմ։ «Անջատում հանուն փրկության»
Իրադրությունը փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի վերջին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո։ Փաշինյանը սկսեց առաջ մղել մինչ այդ Ղարաբաղյան հակամարտության լուծման ավելի հազվադեպ քննարկված սկզբունքը՝ անջատում հանուն փրկության (Remedial secession)։
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումներից է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին:
«Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն են տալիս»,- հոկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն այս սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին խոսում էր պատերազմի ընթացքում միջազգային մեդիային տված գրեթե բոլոր հարցազրույցներում։ Նա հայտարարում էր, որ «անջատում հանուն փրկությանն» է միակ եղանակը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու, և «ակնկալում» էր, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի Արցախի ճանաչման ուղղությամբ և կարձանագրի, «որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ», և այս համատեքստում կիրառելի կհամարի ««անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար»։
Այս ընթացքում Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի կողմից մեկ անգամ արդեն Արցախի կարգավիճակի հարցում «իջեցված նշաձողի մասին»։ Դեռ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ էր ստորագրել պայմանագիր, որտեղ Արցախը ստանում էր «միջանկյալ» կարգավիճակ՝ հարցի վերջնական լուծումը թողնելով անորոշ ապագայի։ Ադրբեջանը, սակայն, վերջին պահին հրաժարվել էր՝ ներկայացնելով ավելի խիստ պահանջներ։ «Այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի»,- ասել էր Փաշինյանը Al Arabiya-ի հետ հարցազրույցում։
Պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանի՝ Արցախյան կարգավորման տեսլականը մնում էր այս սկզբունքի կիրառումը։
«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը՝ զինադադարի ստորագրումից մոտ մեկ շաբաթ անց։
Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը Հայաստանում քննարկվել սկսեց 2016 թ. Ապրիլյան քառօրյայից հետո։
Այս սկզբունքին հրապարակային անդրադարձել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016 թ. մայիսի 6-ին իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում՝ արձանագրելով, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։
Նախընտրական շրջան: «Անջատում հանուն փրկության»
Չնայած ստեղծված նոր և աննախադեպ իրավիճակին՝ հետպատերազմական և, հատկապես, 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Փաշինյանը շարունակում էր խոսել Արցախի անկախության և «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին։ Այս ընթացքում բանակցությունները Ադրբեջանի հետ վերսկսված չէին, հայտնի չէր նաև Մինսկի խմբի ճակատագիրը։
Արցախի ինքնորոշման իրավունքը և «Ադրբեջանի կազմում ապագա չունենալը» ներառված էր նաև նախընտրական ծրագրում։
«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի […] Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա ․․․։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»,- 2021 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի 17-ին՝ նախընտրական քարոզարշավն ամփոփող ելույթում, Փաշինյանը կրկին խոսեց այս թեմայով։ «Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը․ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը, ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկությանը» հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ևս «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացումը առանցքային էր համարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի մասին կետերին «Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է։
2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այս հարցին։ «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։
«Խաղաղության դարաշրջան» և «նշաձողի իջեցում»
Ընտրություններից շատ չանցած՝ օգոստոսին, կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն ընտրողներին տվել էր նաև «բանավոր խոստումներ», որոնք չկային ՔՊ նախընտրական ծրագրում։ Ըստ Փաշինյանի, բնակչությունը «առաջին հերթին հիշում և արձանագրում է» Հայաստանում և տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» խոստումը՝ երկրում «իրավունքի դիկտատուրա» հաստատելու խոստման հետ։
Այսպես, նախկինում Արցախի ինքնորոշման իրավունքի և Արցախի մասին նախընտրական քննարկումներն առհասարակ տեղավորվեցին կառավարության ծրագրի չորս կետերում, որոնցից մեկը շարադրվում էր այսպես․ «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»։
2021 թվականի դեկտեմբերին, թերևս առաջին անգամ Փաշինյանը հրապարակայնորեն և երկար ելույթով անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին․ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Փաշինյանը նշեց նաև, որ այս «կարգավիճակը» ենթակա է եղել հստակեցման բանակցությունների ընթացքում։
Նրա խոսքով՝ հայ հասարակության մեջ որոշակի քարոզչության արդյունքում կարծիք է ձևավորվել, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը» անպայմանորեն ենթադրում է անկախություն․ «Իսկ ո՞վ է ասել: Վերջնական կարգավիճակ նշանակում է որոշակի վերջնական կարգավիճակ»։
Փաշինյանը նաև պարբերաբար հայտարարում էր, որ նախկին իշխանություններն իրեն ժառանգել էին իրավիճակը, երբ «Արցախի կարգավիճակը» արդեն դուրս էր բանակցությունների սեղանից։
Աստիճանաբար վարչապետ Փաշինյանի ելույթներից սկսեցին բացակայել նախկին ժողովրդահաճո հայտարարությունները, իսկ վերջին ամիսներին արդեն Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հռետորաբանությունը կտրուկ փոխվեց․ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին հիշատակումները կամ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին խոսակցությունները դադարեցին։
Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ բուռն քննարկումներ սկսվեցին հատկապես 2022-ի ապրիլի սկզբին Ալիևի հետ բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ կողմերը համաձայնության եկան պատրաստվել խաղաղության պայմանագրի կնքմանը։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը՝ ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանը նշեց, որ իրենց համար «սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։
Փաշինյանն այդ օրը բավական բաց ելույթ ունեցավ խորհրդարանում՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։ Այս նշաձողը, ըստ Փաշինյանի վերջին տարիների հանրային ելույթների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն էր կամ անկախության ճանաչումը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ ասում է` «Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» չճանաչելը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար․ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»։
«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է»,- հայտարարեց Փաշինյանը՝ բացատրելով, որ «եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները», ապա այժմ արցախահայության «անվտանգության երաշխիքներն ու իրավունքներն» են հիմքում՝ դրանից բխեցնելով կարգավիճակը․ «Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»։
Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ այս թեմաներին՝ պարզաբանելով իր իսկ հայտարարությունները։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում սա միակ տարբերակն է արցախահայության անվտանգության պահպանման համար։
Անի Ավետիսյան
Հակոբ Կարապետյան