Հայաստանի և Արցախի պետական մարմինները հոկտեմբերի վերջին հայտնեցին, որ Արցախում ընթացող պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը օգտագործել է քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակ։ Պաշտպանության բանակը նաև տեսանյութ էր հրապարակել։
Նոյեմբերի 6-ին ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ անգլերեն զեկույց հրապարակեցին, որում նշվում է, որ Ադրբեջանի կողմից քիմիական տարրերի պարունակությամբ զինատեսակները կիրառվել են հոկտեմբերի 29-31 ընկած հատվածում։ «Պարզ չէ՝ դա եղել է սպիտակ ֆոսֆո՞ր, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով դրա ազդեցությունը բնական միջավայրի և Արցախի բնակչության վրա, կարելի է համարել, որ ամեն դեպքում պատճառված վնասը կործանարար էր»,- ասված է զեկույցում։
«Փաստերի ստուգման հարթակը», հավաքելով առկա փաստերը և ապացույցները, փորձեց հասկանալ, թե արդյո՞ք Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Արցախում։
Սպիտակ ֆոսֆորի կիրառությունը և վնասները
Սպիտակ ֆոսֆորը հրկիզման միջոցով զանգվածային ոչնչացման զինատեսակ է, որի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով։ Այրվելու ընթացքում այն կարող է առաջացնել 800°C և ավելի բարձր ջերմաստիճան, ունի վառ արտահայտված սպիտակ ծուխ։
Գոյություն ունեն ֆոսֆորային մի քանի զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել հրետանային կամ ականանետային արկերում, ավիացիոն ռումբերում, հրթիռներում, ձեռքի կամ նռնականետի նռնակների մեջ և այլն։ Հարկ է նշել, որ կախված զինատեսակից՝ տարբեր է ֆոսֆորի օգտագործման նշանակությունը։ Այն, օրինակ, կարող է օգտագործվել տարածքը ծխով քողարկելու համար։ Սակայն ամենավտանգավոր տեսակը հենց հրկիզող զինատեսակներն են, որոնք լուրջ վնաս են հասցնում տարածքում գտնվող մարդկանց, բնությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ֆոսֆորի՝ մարդուն հասցված վնասը կարող է լինել մի քանի տեսակ՝ այրվածքներից մինչև մահացու թունավորում։ ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցում հրապարակված են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի օգտագործման հետևանքով ծանր վնասվածք ստացած անձանց լուսանկարներ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը։
Սպիտակ ֆոսֆորի առաջին կիրառությունը, ամենայն հավանականությամբ, եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զինատեսակն ակտիվորեն օգտագործվել է նաև վերջին տասնամյակներում։ 2004-2005 թվականներին ամերիկյան ուժերը սպիտակ ֆոսֆոր օգտագործել էին Իրաքում: Ըստ տարբեր աղբյուրների՝ զինատեսակը կիրառվել է արաբա-իսրայելական հակամարտությունում, Աֆղանստանում, Սիրիական պատերազմում՝ Սիրիայի կառավարության, Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից։
Սպիտակ ֆոսֆորի հավանական օգտագործումը Արցախում
Արցախյան պատերազմում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառության ապացույցները, ըստ պաշտոնական աղբյուրների, ուսումնասիրվում են։ Սակայն տեսանյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը և համեմատությունը մինչ այս արդեն հաստատված աղբյուրների ու փաստերի հետ հաստատում է, որ Արցախի անտառներում օգտագործվել է հենց սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ։
Արտաքինից սպիտակ ֆոսֆորի այրումն ունի երեք հիմնական հատկանիշ՝
- թանձր սպիտակ ծուխ,
- վառ դեղինից սպիտակի փոխվող կրակ,
- ճայթյունով այրում:
Լուսանկարում «Բարս Մեդիայի»՝ Արցախի հյուսիսային սահմանին նկարահանված տեսանյութից մի հատված է, որում երևում են բոլոր երեք հատկանիշները։
2013-ի ապրիլին Չինաստանի Ուհան քաղաքում սպիտակ ֆոսֆոր տեղափոխող բեռնատար մեքենան վթարի էր ենթարկվել։ Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված են այդ վթարի հետևանքով առաջացած հրդեհը և ՊԲ-ի կողմից հրապարակված տեսանյութից մի կադր։ Երկու լուսանկարներում էլ ակներև են սպիտակ ֆոսֆորի այրման երեք հատկանիշներից երկուսը՝ սպիտակից վառ դեղին դարձող կրակը և թանձր ծուխը։
Սպիտակ ֆոսֆորից բացի, աշխարհում նման հատկանիշներով այլ զենքի կիրառման մասին որևէ այլ հիշատակում «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց գտնել։
Տեսաապացույցներ Արցախից
«Բարս Մեդիան» Fip.am-ին է տրամադրել անտառային հրդեհների մի շարք կադրեր, որոնք կարող են ապացուցել Արցախի հյուսիսային շրջաններում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների կիրառումը։ Տեսանյութում երևում է ճայթյունով այրում, ինչը, ինչպես նշեցինք վերևում, սպիտակ ֆոսֆորի այրման հիմնական հատկանիշներից մեկն է։
Թթվածնի հետ շփումից ֆոսֆորը սկսում է այրվել և առաջացնել սպիտակ թանձր ծուխ։ Հողային շերտի վրա այլ այրվող նյութերի բացակայությունը թույլ է տալիս պնդել, որ թանձր, սպիտակ ծուխը տարածքում կիրառված քիմիական զենքի հետևանք է։
Հաջորդ տեսանյութում ևս երևում է գետնին ընկած նյութի այրումից առաջացած ծուխը։
Լուսանկարում երևում է ֆոսֆորի կտորների անկումը՝ հավանաբար հրետանու կիրառման արդյունքում։
Համեմատություն նախորդ դեպքերի հետ
Սպիտակ ֆոսֆորի՝ այլ վայրերում հավանական կամ հաստատված կիրառման դեպքերի վերաբերյալ առկա վիզուալ փաստերի և Արցախում դրա հավանական կիրառման փաստերի համեմատությունը հիմք է տալիս ենթադրելու, որ օգտագործվել են նույն քիմիական տարրը պարունակող զինատեսակներ (սպիտակ ֆոսֆոր)։
Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութի և 2016-2017 թվականներին Սիրիայում սպիտակ ֆոսֆորի կիրառման տեսաապացույցները զուգահեռ։ Նշենք, որ Սիրիայում այդ զինատեսակի օգտագործումը հաստատվել է միջազգային կազմակերպությունների կողմից։ Թաթոյանի հրապարակած տեսանյութում երևում է ֆոսֆորի կտորների անկումը երկնքից՝ հավանաբար ավիացիայի կամ անօդաչուի արձակած կրակից հետո։ Սա հերքում է ադրբեջանական կողմի պնդումը, թե Արցախի անտառներում այրվում են սպիտակ ֆոսֆորի՝ անտառներում պահեստավորված պաշարները։
Տեղորոշում
Նոյեմբերի 6-ին ՀՀ ՄԻՊ Արմեն Թաթոյանը նշեց, որ զանգվածային ոչնչացման զենքը կիրառվել է բնակավայրերի տարածքներում։ Դրանց թվում են Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ համայնքները, որոնց անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ՝ մինչև անգամ 100 մետր հեռավորության վրա։
Earth Observation կայքում հասանելի են նշված տեղանքի արբանյակային ամենաթարմ լուսանկարները՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, որոնցում, ամենայն հավանականությամբ, երևում է հենց սպիտակ ֆոսֆորի ծուխը։ Երկրորդ լուսանկարում երևում են Արցախի հյուսիսային ուղղությամբ դրա հավանական կիրառման հետևանքները։ Ի դեպ, «Բարս մեդիայի» տեսանյութերը արվել են հենց հյուսիսում։
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համադրությունը հաստատում է, որ Արցախի անտառներում Ադրբեջանը օգտագործել է արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ։
Անի Ավետիսյան
Հովհաննես Նազարեթյան