Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման անհրաժեշտության մասին քաղաքապետարանը բարձրաձայնել է դեռևս 2011 թվականին։ Այն ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր այգին բարեկարգելու «մոդեռն լուծումների հետ մեկտեղ հայկական ոճի ծրագիր ներկայացնել»։
Ամիսներ անց ամերիկյան «Գարի Գոդդարդ» ընկերությունը, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ, ներկայացրեց զբոսայգու վերակառուցման էսքիզները։ Ծրագրի համաձայն այգում պետք է ստեղծվեր 1500 տեղանոց ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, շատրվաններ, կախարդական այգի, զվարճանքի յուրահատուկ կառույցներ։ Այլ կերպ ասած՝ «Դիսնեյլենդ»։
Կարճ ժամանակ անց, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը (այժմ վարչապետի գլխավոր խորհրդական) տեղեկացրեց, որ բանակցություններ են վարվում ներդրողների հետ, դրանք կավարտվեն ընթացիկ տարվա (2011 թվականի) սեպտեմբերին և կսկսվի ծրագիրն իրականացնելու ակտիվ փուլը։ Նախատեսվում էր շինարարական աշխատանքները ավարտել 2 տարում։
Այսօր սակայն, այգում շարունակում են գործել խորհրդային ժամանակաշրջանի, կոռոզիայի ենթարկված ատրակցիոնները, իսկ միակ ներդրումը, որն իրականացվեց, թերևս «Գոլդեն Փելես» հյուրանոցի 4-րդ մասնաշենքի կառուցումն էր այգու տարածքում։
Նկատենք նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագրի մշակումը տեղ է գտել քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվության մեջ, թեպետ 60 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մշակվել է դեռևս 2011 թվականին։