Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք վերցնելու դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար։
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» սեպտեմբերի 2-ին գրել էր, որ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրենը որպես դասվար աշխատանքի ընդունելու համար Մելինե Հակոբյանից պահանջել և ստացել էր 1500 դոլար կաշառք, իսկ հետագայում էլ ամիսներ շարունակ Հակոբյանին ստիպել էր աշխատավարձից որոշակի մաս տալ իրեն։ Ուսուցչուհու ներկայացրած ձայնագրություններում, որտեղ առկա է երկխոսություն տնօրենի հետ, վերոնշյալն ապացուցվում է։
FIP.am-ի հրապարակած ձայնագրության հիման վրա սեպտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը։
Սևադա Ղազարյան