Առողջապահության նախարարության դիմաց սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ պատվաստվելու կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պարտադրանքի։
Ակցիայի մասնակիցներից ատամնաբույժ Նաիրա Ջալլադյանը հայտարարել է, որ հետազոտությունների ընթացքում COVID-19-ի դեմ «Աստրազենեկա», «Մոդերնա», «Փֆայզեր» պատվաստանյութերում հայտնաբերվել են քաղցկեղածին նյութեր:
Ջալլադյանը նշել է, որ երեք պատվաստանյութերի ուսումնասիրությունը կատարել են իսպանացի մասնագետները. «Այս հետազոտության արդյունքը եղել է այն, որ այս պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են քաղցկեղածին նյութերի պարունակություն՝ գենոտոքսիկ և ցիտոտոքսիկ նյութեր»:
Ատամնաբույժը հավելել է, որ առկա են եղել նաև վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող նյութեր, ինչը, ըստ նրա, երիտասարդների շրջանում չբերության պատճառ է դառնալու:
Քանի որ լրատվամիջոցները բավականին ակտիվ տարածել են Ջալլադյանի խոսքը, «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ատամնաբույժի այս և այլ պնդումներ՝ պարզելու դրանց հավաստիությունը:
Քաղցկեղածին նյութեր՝ պատվաստանյութերում
Ջալլադյանի նշած հետազոտությանը, ըստ որի՝ իսպանացի գիտնականները պատվաստանյութերում հայտնաբերել են քաղցկեղածին նյութեր, հավանաբար ամիսներ առաջ համացանցում հայտնված՝ Ալմերիայի համալսարանին վերագրվող նյութերն են: Ըստ տարածվող գրառման՝ «Փֆայզեր» (Pfizer-BioNtech) պատվաստանյութը պարունակում է գրաֆեն օքսիդ, որը կարող է քաղցկեղ առաջացնել:
Կատարած ուսումնասիրության հեղինակն ընդունել էր, որ ինքը համոզված չէ, որ իր ուսումնասիրած նյութը հենց «Փֆայզերի» դեղաչափ է, քանի որ դեղանյութն իրեն ուղարկել էին փոստով:
Հարկ է նշել, որ ուսումնասիրությունը չի կատարվել որևէ համալսարանում և չի ընդունվել գիտական հանրության կողմից: Թեև շրջանառվող փաստաթղթի վրա կնիք էր պատկերված, այն չէր հաստատվել համալսարանի կողմից: Ավելին՝ համալսարանը պաշտոնապես հայտարարել էր, որ ոչ մի առնչություն չունի հետազոտության հետ:
Հավելենք նաև, որ Իսպանիայում պատվաստման բավականին բարձր ցուցանիշներ են արձանագրվել: Այս պահին պատվաստված է բնակչության 74.3 տոկոսը:
Նշենք, որ գիտական որևէ հետազոտություն չկա, որը կփաստեր Ջալլադյանի մատնանշած կամ այլ պատվաստանյութերում քաղցկեղածին նյութերի առկայությունը:
Ի դեպ, «Աստրազենակայի» պատվաստանյութի ստեղծման եղանակը սկզբունքորեն տարբերվում է «Մոդերնայից» և «Փֆայզերից»:
Այսպես, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նորագույն ՌՆԹ տեխնոլոգիայով: Դրանք մարդկանց օրգանիզմին վիրուսի ժառանգական կոդի՝ սպայկ սպիտակուցի մասին տեղեկություն են փոխանցում: Այս պատվաստանյութերը մարդու օրգանիզմ տեղափոխելու ժամանակ օրգանիզմը COVID-19 վիրուսի նման արհեստականորեն սպայկ սպիտակուց է սկսում արտադրել, ինչի արդյունքում հակամարմիններ են արտադրվում: Հակամարմինները հենց մարդու օրգանիզմում սինթեզավորված սպայկ սպիտակուցներին են վերացնում, և այդպիսով ստեղծվում է COVID-19 վիրուսի դեմ իմունիտետ:
Ցիտոտոքսիկ նյութերը սպանում են բջիջները, սակայն, ինչպես տեսանք, սպայկ սպիտակուցը չի սպանում դրանք: Այս պատվաստանյութերը չունեն ցիտոտոքսիկ հատկություն:
Գենոտոքսիկ նյութերը վնասակար ազդեցություն են ունենում բջջային գենետիկական նյութի վրա՝ ազդելով դրա ամբողջականության վրա: ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերը՝ «Մոդերնան» և «Փֆայզերը», չեն կարող ազդել գենի վրա, քանի որ չեն մտնում գենի կորիզի մեջ:
«Աստրազենեկան» վեկտորային պատվաստանյութ է, որը պարունակում է SARS-COV-2 վիրուսի կարևոր մասի ժառանգական կոդը՝ սպայկ սպիտակուց: Այն ներդրված է անվնաս վիրուսի մեջ (ադենովիրուս), որը ներմուծում է սպայկ սպիտակուցը մարդու բջիջների մեջ, որպեսզի դրանք կարողանան կարդալ այն և կատարել սպայկ սպիտակուցի պատճենները: Այս գործընթացն առաջացնում է բջջի ուժեղ իմունային ռեակցիա, ինչը արտահայտվում է հակամարմինների առաջացմամբ:
Փաստացի՝ Նաիրա Ջալլադյանի պնդումը, թե COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պարունակում են քաղցկեղածին նյութեր, կեղծ է և մանիպուլյատիվ:
Պատվաստանյութերի ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա
Այս պահի դրությամբ չկա նաև որևէ գիտական հետազոտություն, որը կապացուցեր պատվաստանյութերի ազդեցությունը մարդու վերարտադրողական առողջության վրա: Ճիշտ հակառակը՝ շատ երկրների առողջապահական գերատեսչությունները կոչ են անում հղիներին պատվաստվել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի դելտա շտամը ավելի ծանր ընթացք է ունենում և բացասական հետևանքներ կարող է ունենալ հղիների համար:
Ինչ վերաբերում է տղամարդկանց վերարտադրողական առողջությանը, ապա բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդանալը կարող է առաջացնել Էրեկտիլ դիսֆունկցիա:
Մայամիի համալսարանի հետազոտությունը պատվաստումից առաջ և հետո որևէ փոփոխություն կամ ազդեցություն չի արձանագրել տղամարդու սերմնահեղուկի վրա:
Այսպիսով, մարդու վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության մասին պնդումներն անհիմն են:
Բնական իմունիտետը շատ ավելի ուժե՞ղ է, քան արհեստական իմունիտետը
Նաիրա Ջալլադյանը պնդել է նաև, որ բնական իմունիտետը շատ ավելի ուժեղ է, քան արհեստական իմունիտետը, որը ձեռք է բերվում պատվաստման միջոցով. «Մեզնից շատերը հիվանդացել են: Ես նույնպես հիվանդացել եմ և ունեմ բնական իմունիտետ: Ինչո՞ւ դա հաշվի չի առնվում: Ինչո՞ւ են մարդկանց, որոնք ունեն հակամարմինների բարձր ծիտր, ստիպում պատվաստվել»:
COVID-19-ից հետո բնական իմունիտետը խիստ անհատական է: Եղած տվյալները ցույց են տվել, որ բնական իմունիտետը երկար չի տևում՝ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե որքան է գործում հիվանդությունից հետո ձևավորված բնական պաշտպանությունը:
«Անգամ եթե դուք վարակվել եք կորոնավիրուսով, դուք պետք է պատվաստվեք: COVID-19-ից ստացված պաշտպանությունը կրում է խիստ անհատակական բնույթ, և հայտնի չէ, թե որքան կգործի»,- նշում է կազմակերպությունը:
ԱՀԿ-ն բացատրում է, որ թեև կորոնավիրուսով հիվանդանալուց հետո մարդու օրգանիզմում հակամարմիններ են ձևավորվում, դրանց արդյունավետությունը կարող է տարբերվել դեպքից դեպք և կախված է նրանից, թե հիվանդությունը ծանր, թե թեթև ընթացք է ունեցել: Եթե հիվանդությունը թեթև կամ առանց ախտանիշների է ընթացել, հակամարմինները շատ քիչ են ձևավորվում և չեն պաշտպանում հետագա վարակումից: Այդ է պատճառը, որ անգամ հիվանդանալուց հետո անհրաժեշտ է պատվաստվել, քանի որ պատվաստումը բարձրացնում է իմունային համակարգը:
Մահացությունը պատվաստվածների շրջանում
Ջալլադյանը, հղում անելով ռուս համաճարակաբան պրոֆեսոր Իգոր Գունդարովի հետազոտություններին, նշում է, որ պատվաստված մարդկանց շրջանում մահացությունների թիվն ավելի բարձր է:
Նշենք, որ Իգոր Գունդարովը համաճարակի սկսվելուց ի վեր տարածում է կեղծ և չհիմնավորված պնդումներ կորոնավիրուսի վերաբերյալ: Նրա հայտարարությունները բազմիցս ստուգվել են միջազգային փաստեր ստուգողների կողմից:
Նախորդ հրապարակումներից մեկում մենք ներկայացրել ենք պատվաստվածների շրջանում մահերի վիճակագրությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ վարակվելու հավանականությունը պատվաստվածների համար մեծ չէ, սակայն կարող է լինել այն մարդկանց մոտ, որոնք գտնվում են ռիսկի խմբում և ունեն ցածր իմունային համակարգ: Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որից ընդամենը 640-ն է (1.2%) ամբողջովին պատվաստված եղել: Ընդ որում՝ մահացածների ընդհանուր թվից 256-ը ռիսկային գոտում գտնվող մարդիկ էին, որոնք ունեին թուլացած իմունային համակարգ, և նրանց միջին տարիքը 84 էր:
Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ չպատվաստվածների դեպքում հիվանդանոց տեղափոխվելու ռիսկը շատ ավելի բարձր է, քան պատվաստվածների մոտ: ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ուսումնասիրությունների համաձայն՝ չպատվաստված անձինք 11 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից: Հունիս-հուլիս ամիսներին պատվաստված անձինք կազմել են կորոնավիրուսից մահացածների 16 տոկոսը: Կազմակերպությունը սա կապել էր նաև դելտա շտամի ակտիվացման հետ:
Հատկանշական է, որ գերմանական Ռոբերտ Կոխ ինստիտուտի կատարած հետազոտության համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի ընթացքում պատվաստումներն օգնել են կանխել 38 հազար մարդու մահ, ինչպես նաև վարակի 706 հազար նոր դեպք:
Այսպիսով, պնդումը, թե պատվաստված մարդկանց շրջանում մահացությունների թիվն ավելի բարձր է, կեղծ է:
Լուսինե Ոսկանյան