2018 թ․ ապրիլից հետո իշխանությունը հաճախ է հայտարարում, թե հեղափոխության շնորհիվ արտագաղթը վերածվել է ներգաղթի։ Նմանատիպ պնդումներից մեկը նույնիսկ տեղ գտավ վարչապետ Փաշինյանի՝ հայտնի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» շարքում։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Հայաստանի սահմանահատումների քանակը և տեսնել, թե ինչպիսին է պատկերը հիմա։
Ուսումնասիրել ենք Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող սահմանահատումների վերաբերյալ տվյալները վերջին 10 տարիներին։
Այստեղ ներկայացվում է ինչպես ընդհանուր, այնպես էլ ՀՀ անձնագրերով քաղաքացիների մուտքերն ու ելքերը և դրա մնացորդը։
Սկսած 2018 թվականից, իսկապես, սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի տարբերությունը դրական է եղել։ Եվ նախորդ տարին այդ առումով ռեկորդային էր․ Հայաստան ժամանածների թիվը 38,732-ով ավելին է, քան մեկնողներինը։ Սակայն եթե վերցնենք միայն ՀՀ անձնագրերով քաղաքացիների շարժը, ապա այստեղ պատկերը այլ է․ մշտապես ավելի շատ քաղաքացի մեկնել է երկրից, քան վերադարձել։
Բացառություն է 2020 թվականը, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկրները փակել էին արտաքին սահմանները, և Հայաստանի քաղաքացիների համար գրեթե անհնարին էր դարձել լքել Հայաստանը, փոխարենը վերադարձողների համար չկային սահմանափակումներ։ Դրա շնորհիվ 2020 թվականին Հայաստանի քաղաքացիների մուտքերի ու ելքերի տարբերությունը կազմեց 42,786 մարդ։
Սակայն արդեն հաջորդ՝ 2021 թվականին Հայաստանից ՀՀ քաղաքացիների արտահոսքը վերջին 10 տարիների համար ռեկորդային էր։ Մեկնած ու ժամանած ՀՀ քաղաքացիների տարբերությունը կազմեց -73,571 մարդ։ Իսկ ընդհանուր սահմանահատումների տարբերությունը՝ -43,874։
Նախորդ՝ 2022 թվականին ևա բավական զգալի է երկիրը լքող Հայաստանի քաղաքացիների թիվը՝ -27,941 մարդ։ Փոխարենը ընդհանուր սահմանահատումների թիվը, ինչպես վերևում նշեցինք, ռեկորդային դրական է՝ 38,732։
Այսպիսով փաստենք, որ Թավշյա հեղափոխությանը հաջորդող տարիներին իսկապես մեղմվել էր ՀՀ քաղաքացիների արտագաղթի տեմպը, սակայն կորոնավիրուսից ու պատերազմից հետո կրկին մեծացել էր երկիրը լքող քաղաքացիների թիվը։
Սևադա Ղազարյան