«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն դիմել էր ընթերցողներից մեկը՝ խնդրելով ստուգել Ֆեյսբուքում տարածված մի տեսանյութ, որը թեև հրապարակվել էր 2020 թ.-ին, սակայն մինչև այժմ էլ շարունակական դիտելիություն ունի:
Շուրջ մեկ միլիոն դիտում ունեցող տեսանյութի գլխավոր ուղերձն այն է, որ աշխարհը կառավարվում է մանկապիղծ/մանկասպան սատանիստների կողմից, որոնց թվում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները, հոլիվուդյան հայտնի աստղեր և այլք: Ըստ այս ակնհայտորեն դավադրապաշտական տեսության՝ այս «աշխարհակործան գործունեության դեմ» պայքարում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը:
Տեսանյութում հնչող մտքերից մեկի համաձայն՝ համաշխարհային ստվերային վերնախավը օգտագործում է թմրամիջոց, որը պատրաստվում է երեխաներից. «Այս նյութը կարելի է գտնել կենդանի մարդկանց մակերիկամներում։ Ադրենաքրոմ կամ մանուշակագույն բյուրեղներ, որը ադրենալինի մետաբոլիտներից մեկն է, և որպեսզի այն ստեղծեն, պետք են կենդանի մարդիկ, ցանկալի է երեխաներ»,— ասվում է տեսանյութում՝ ընդգծելով, որ ադրենաքրոմը ստեղծվում է միայն, եթե երեխան տանջվելով է մահանում:
Իրականում, այս դավադրապաշտական տեսությունը նոր չէ, այն առաջացել է 2017 թ.-ին ԱՄՆ-ում:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է դրա ծագումը և մանրամասնում, թե ինչու այն իրականություն չի կարող լինել:
Pizzagate և QAnon դավադրապաշտական տեսությունները
Տեսանյութում հնչող պնդումը, թե մանկապիղծները, որոնց թվում են, իբրև, դեմոկրատները և մեծահարուստ մարդիկ, կառավարում են երկրագունդը, իրականում բավական հին պատմություն ունի, իսկ համեմատաբար վերջերս այն արտահայտվում էր երկու՝ Pizzagate (2016 թ.) և QAnon (2017 թ.) անուններով հայտնի դավադրապաշտական տեսություններում:
2016 թ.-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի անձնական էլփոստի հաշիվը կոտրվել էր: WikiLeaks-ը հրապարակել էր նրա նամակները ամիսներ անց: Pizzagate-ի դավադրության տեսության կողմնակիցները պնդում են, որ նամակները պարունակում են կոդավորված ուղերձներ, որոնք ցույց են տալիս Դեմոկրատական կուսակցության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կապը ԱՄՆ ռեստորանների հետ, որոնք, ենթադրաբար, զբաղվում են մարդկանց թրաֆիքինգով և իրականում մանկապիղծ գործողությունների իրագործման վայր են: Որպես գլխավոր գործող անձ՝ մատնանշվում էր Հիլարի Քլինթոնը:
QAnon-ը հիմնվում է «Q» անունով հայտնի օգտատիրոջ ներկայացրած առցանց պնդումների վրա։ Դավադրության տեսության հետևորդներն ասում են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի պայքարել է մանկապիղծների ցանցի դեմ: Առցանց գրառումների վերարտադրությունը վերաճել է ցույցերի և հանցագործությունների պատճառ է դարձել: «Q» օգտատերը կանխորոշում էր, որ շուտով Հիլարը Քլինթոնը ձերբակալվելու է, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
Հետագայում այս տեսությունն առաջ քաշող մարդիկ սկսել են ապատեղեկատվություն տարածել կորոնավիրուսի մասին, օրինակ, որ սպիտակեցնող հեղուկ (ժավել) խմելը կարող է բուժել հիվանդությունից: Հատկանշական է, որ այս տեսությունները մեծ թվով հետևորդներն են գտել ԱՄՆ-ում, մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Դրանք տարածել է անգամ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչ է ադրենաքրոմը և ինչպես են այն ստանում
Ինչպես այլ դավադրապաշտական տեսությունները, վերոնշյալ գաղափարները նույնպես չունեն որպես ապացուցված հենք, հիմնված չեն գիտական ուսումնասիրությունների վրա, այդ գաղափարներն ուղեկցվում են կեղծ և մանիպուլյատիվ պնդումներով, ինչպիսին է, օրինակ, ադրենաքրոմը որպես թմրամիջոց օգտագործելու մասին պնդումը:
Ադրենաքրոմը քիմիական միացություն է, որն առաջանում է ադրենալինի օքսիդացումից: Այն սկսել է հետաքրքրել գիտնականներին 1950-ականներին, երբ գիտական տեսություն առաջ քաշվեց, որ նյութը մարդկանց մոտ կարող է հանգեցնել շիզոֆրենիայի: Սակայն այս գաղափարը չի հաստատվել:
Ադրենաքրոմի թմրացնող ազդեցությունը նույնպես հերքվել է բազմիցս: Մի փորձարկման ժամանակ մասնակիցները հայտնել են, որ որևէ ազդեցություն չեն զգում նյութն ընդունելիս, գլխացավից բացի:
Ադրենաքրոմը մարդկային օրգանիզմից (անկախ տարիքից) ադրենալինի օքսիդացման արդյունք է: Նյութը ձեռք բերելու համար ամենևին պետք չէ որևէ մեկին սպանել: Գիտնականները վաղուց կարողանում են այն սինթեզել լաբորատոր պայմաններում: Ադրենաքրոմն արգելված չէ և այն կարելի է անգամ գնել հետազոտական նպատակներով:
Ենթադրվում է, որ ադրենաքրոմի առասպելական ազդեցությունների մասին սկզբնաղբյուրը Հանթեր Ս. Թոմսոնի «Վախ և ատելություն Լաս Վեգասում» գեղարվեստական գիրքն է: Ադրենաքրոմի մասին տեսանյութում հնչող խոսքերը վերցված են գրքի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմից:
Այսպիսով, Ֆեյսբուքում շարունակում է դիտումներ ստանալ համաշխարհային դավադրության մասին հերթական տեսությունը: Այն գիտականորեն ապացուցված չէ և չի հիմնվում փաստերի վրա։ Անհիմն է նաև ադրենաքրոմ ստանալու համար երեխաներ սպանելու անհրաժեշտության մասին պնդումը։
Լուսինե Ոսկանյան