Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական ուժեր։
Ամենից շատ ձայներ հավաքեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 32․6 տոկոսը։
Մյուս ուժերը ստացան հետևյալ ձայները․
․ «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43,765 ձայն (18.9%):
․ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք 35,739 ձայն (15․4%):
․ «Հանրապետություն» կուսակցություն 26,236 ձայն (11․3%):
․ «Հանրային ձայն» կուսակցություն 22,431 ձայն (9․7%)։
Ահա այս ուժերն էլ պետք է ձևավորեն Երևան քաղաքի ավագանին։ Ըստ նախնական հաշվարկի՝ ավագանու կազմում այս ուժերը կունենան հետևյալ քանակով մանդատներ․
«Քաղաքացիական պայմանագիր» — 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» — 14 մանդատ
«Մայր Հայաստան» — 12 մանդատ
«Հանրապետություն» — 8 մանդատ
«Հանրային ձայն» — 7 մանդատ։
Ի՞նչ կլինի, եթե ավագանին չկարողանա քաղաքապետ ընտրել
Ընտրական օրենսգրքի 142․2 հոդվածը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող ուժերից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Նույն հոդվածի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Այս պահին ստեղծված իրավիճակի համաձայն՝ ավագանու առաջին նիստին բաց քվեարկությամբ ավագանին առաջադրված թեկնածուներից պետք է ընտրի քաղաքապետ։ Իսկ առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։
Եթե առաջին նիստից հետո երկշաբաթյա ժամկետում ավագանուն չի հաջողվում քաղաքապետ ընտրել, որը կստանա նվազագույնը 33 ավագանու անդամների ձայները, ապա Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները (լուծարում է ) և նշանակում ավագանու արտահերթ ընտրություններ։
Ստացվում է, որ եթե ավագանուն չհաջողվի ընտրել քաղաքապետ, ապա Երևանում նոր ընտրություններ կլինեն նոյեմբերի երկրորդ կեսին՝ 20-ին կամ 27-ին։
Ի՞նչ կլինի, եթե ավագանու անդամը գտնվում է կալանքի տակ
Օրենքը չի սահմանում, թե ինչպես է կարգավորվում կալանքի տակ գտնվող անդամի մասնակցությունն ավագանու նիստին։ Հետևաբար՝ նիստին ֆիզիկապես գտնվելու հնարավորություն չունեցող ավագանու անդամն ավտոմատ զրկվում է նիստին մասնակցելու հնարավորությունից։
Սակայն եթե վերջինս հրաժարվում է իր մանդատից, ապա ԿԸՀ որոշմամբ մանդատը ստանում է այդ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ցուցակի հերթական հաջորդ համարի թեկնածուն։
Ո՞վ կարող է վերահաշվարկի դիմում ներկայացնել
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահաշվարկ է պահանջել բոլոր ընտրատեղամասերից։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածով սահմանվում է, որ վերահաշվարկ կատարում են 3 հիմքով և նշված հերթականությամբ․
ա․ Վիճակահանությամբ ընտրվում են պատահական 3 տեղամաս։
բ․ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նախատեսում է վերահաշվարկ տվյալ տեղամասում, որովհետև խնդիր է նկատել կամ արձանագրության մեջ հատուկ կարծիք գրած ՏԸՀ անդամը դիմում է ներկայացրել։
գ․ Ներկա գտնված վստահված անձը կամ թեկնածուն դիմել են վերահաշվարկի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմողը հետո հրաժարվի կամ բացակա լինի, վերահաշվարկ իրականցվում է, եթե դիմումն ընդունվել է։
Ամփոփենք
Այս ավագանին առաջին նիստից սկսած ունի երկու շաբաթ՝ Երևանի քաղաքապետ ընտրելու համար, հակառակ պարագայում նոյեմբերին կնշանակվեն նոր ավագանու ընտրություններ։
Կալանքի տակ գտնվող ընտրված ավագանու անդամը չի կարող մասնակցել ավագանու նիստին և կա՛մ պետք է հրաժարվի մանդատից և այն փոխանցվի հաջորդ համարի թեկնածուին, կա՛մ ավագանու նիստում չունենա ձայնի իրավունք։
Վերահաշվարկի դիմում կարող են ներկայացնել տվյալ տեղամասում հաշվարկին ներկա գտնված թեկնածուները կամ նրանց վստահված անձինք, ինչպես նաև հատուկ կարծիք գրած հանձնաժողովի անդամները։
Սևադա Ղազարյան