Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ ներքաղաքական բանավեճը հերթական անգամ սրվել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս տեղի ունեցած ասուլիսի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցի ֆոնին։
«Փաստերի ստուգման հարթակն» ի մի է բերել այդ դրվագների մասով նախկինում հնչած հակասական և կարևոր քաղաքական հայտարարությունները։
Ալմա Աթայի հռչակագիրն ու վերապահումները
«Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ «Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։
«Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայի քառակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու այն ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ընդունված հայտարարությամբ առաջին անգամ հղում արվեց այս հռչակագրին, մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Դեսպանի այս հայտարարությունը սրեց ԼՂ բանակցային գործընթացի մասին քաղաքական ուժերի միջև եղած հին բանավեճը։ Մասնավորապես, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց, որ Դըկոտինյին սխալվել է՝ հորդորելով նրան ծանոթանալ հռչակագրի վերապահմանը։
Հայտնի է, որ 1992 թ․ փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը վավերացրել է վերապահումներով։
Խորհուրդը, մասնավորապես, վերապահումներից մեկով առաջարկել էր վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, այն է՝ «կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը» պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ՝ «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
«Վերապահումները ուժ չունեն, դեպոզիտարիա չեն ուղարկվել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ԱԺ-ում 2024 թ․ փետրվարի 7-ի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ «Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն փոխանցվել դեպոզիտարիա»։
«Միջազգային և տեղական իրավունքի համաձայն, երբ երկիրը վերապահում է անում, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այդ վերապահումը նույնպես պետք է ծանուցվի դեպոզիտարիա: Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք այս հարցը և արձանագրել, որ Հայաստանն այս մասին չի ծանուցել դեպոզիտաիա։ Ուստի միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները իրավական ուժ չունեն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի այս պնդումը հաստատել է նաև Արտաքին գործերի նախարարությունը՝ մամուլին հայտնելով, որ ՀՀ-ն 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է առանց վերապահումների։
«ԳԽ կողմից ձևակերպվել են վերապահումներ, որոնց առնչությամբ առկա չէ տեղեկատվություն՝ պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելու վերաբերյալ։ Վերոգրյալից հետևում է, որ ապահովված չեն 1969 թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ վերապահումներ ձևակերպելու կարգը և պայմանները»,- ասված է ԱԳՆ-ի պարզաբանման մեջ։
Հատկանշական է, որ իշխանության այս պնդումը Հայաստանի նախորդ իշխանությունները, այդ թվում առաջին նախագահն ու նրա թիմակիցները, երբևէ չեն հերքել։
Իշխանության հակադարձումները՝ ՀԱԿ-ին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է Զուրաբյանին՝ նշելով, որ հռչակագրով Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս ոչ միայն այն պատճառով, որ Գերագույն խորհրդի վերապահումները ԱՊՀ դեպոզիտարիա չուղարկվելով միջազգային իրավունքի համաձայն չեն ստացել իրավական ուժ․ ըստ Կարապետյանի՝ վերապահումների բովանդակությունն Արցախի՝ Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու և ոչ թե անջատվելու կամ անկախանալու մասին է։
«Այս հավելումներից չքվե՞ց նույն տեքստի մեջ ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մի՞թե սա չմնաց մի փաստաթուղթ, որում գրված է թե՛ ինքնորոշման իրավունքի, թե՛ տարածքային ամբողջականության մասին։ Եւ մի՞թե Լևոն Տեր-Պետրոսյանը չէր, որ 2012 թվականի մի հանրահավաքի ժամանակ ասում էր․ «Երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է՝ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ինքնավարություն, ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին»,— գրել է պատգամավորը։
Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ալմա Աթայից վերադառնալու ճանապարհին «Խորհրդային հեռուստատեսությանը» (Советское телевидение) ինքնաթիռում տված հարցազրույցի տեսանյութը, որում առաջին նախագահը, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է անցնելու հռչակագրի վավերացումը հայկական խորհրդարանում, նշում է, որ դիտարկումներ կլինեն Լեռանային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի մասով։
«․․․որպեսզի ստանանք Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար սուբյեկտի գոյության ամուր երաշխիքներ»,- ասում է առաջին նախագահը։
Այսպիսով, Ալմա Աթայի հռչակագրում Հայաստանի արած վերապահումների՝ ԱՊՀ դեպոզիտարիա չուղարկվելու պաշտոնական տեղեկությունը երբևէ չի հերքվել։ Միևնույն ժամանակ, վերապահումների բովանդակությունը միաժամանակ ամրագրում է ինչպես ազգերի ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության իրավունքը։
«Ո՞վ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում»
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործող իշխանությունը դաշտ է նետել պնդումը, թե նախկին իշխանություններն ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում ընդունել են, որ Արցախն ինքնորոշվելու է Ադրբեջանի կազմում՝ փաստացի ճանաչելով այն վերջինիս տարածքային ամբողջականության մաս։ Այս թեզը ամրապնդվեց Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո․ իշխանությունը պնդեց, թե Ալմա Աթայի հռչակագրին հղումով, ՀՀ-ն ոչ թե առաջին անգամ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ վերահաստատում է նախորդ բոլոր իշխանությունների դիրքորոշումը։
Մասնավորապես, Փաշինյանը, օրինակ, 2023 թ․ մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, նշել էր, որ «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Հատկանշական է սակայն, որ Փաշինյանի այս հայտարարությունից շաբաթներ անց, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում նշել էր, որ «Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է նման հայտարարություն, և ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը»։
Այդ ժամանակ ևս Փաշինյանին հակադարձեց նաև «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, թե Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։
«Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը»,- ասել էր Զուրաբյանը։
Սրան զուգահեռ, Տեր-Պետրոսյանը 2012 թվականին տված հարցազրույցներից մեկում նշում է, որ թե՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել են ԼՂ-ի ինքնորոշման հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու տարբերակը՝ 2007 թվականին համաձայնության գալով և հետագայում բանակցելով հակամարտության լուծման Մադրիդյան սկզբունքների շրջանակում։
Այսպես, Տեր-Պետրոսյանը բացատրել է, որ հակամարտության հենց ամենասկզբից ընդունված՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրությունը նշանակում է Արցախի ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
Նա, մասնավորապես, նշում է․
«Ի՞նչ են էս Մադրիդյան սկզբունքները։ Որևէ մեկը փորձել է դա հասկանալ․ լսեք, դա նույն Լիսաբոնյան բանաձևն է, խոսում են իբրև թե իրենց նվաճումն է, որ ինքնորոշման սկզբունքն առաջին անգամ է այդ սկզբունքներում ամրագրվել, ոչ այդպես չի, Լիսաբոնում էլ այդ սկզբունքը կար, որի վրա ես վետո դրեցի։ Ինչպես կարող են էս երկու սկզբունքները համատեղվել, եթե տարածքային ամբողջականություն է և դրա կողմը դնում ես ինքնորոշման իրավունք, դա նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, թող չխաբեն ժողովրդին»:
Հիշեցնենք, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում էր ընդունել հռչակագիր, որում առանձին մաս պետք է նվիրված լիներ Լեռնային Ղարաբաղին: Ըստ դրա՝ հակամարտության լուծումը հիմնվում էր երեք սկզբունքների վրա` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, Ադրբեջանի կազմում ԼՂ-ի՝ ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում, ԼՂ-ի և նրա բնակչության անվտանգության երաշխավորում: Հայաստանն օգտվեց վետոյի իրավունքից, և այդ հատվածը դուրս մնաց հռչակագրի վերջնական տեքստից:
Փաստացի, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի առնվազն նախորդ երկու իշխանություններն համաձայնել են Արցախի կարգավիճակի հարցը քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը ենթադրում է Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում։
Հատկանշական է, որ առաջին նախագահի խոսքերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փետրվարի 25-ին վերարտադրել է նաև ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը․
«Տարածքային ամբողջականությունը ազգերի ինքնորոշման հետ եղել է սկզբունքներից մեկը։ Այդ որ, լուծման որ տարբերակն է բացառվում, երբ ինքնորոշման սկզբունքը դրվում է տարածքային ամբողջականության կողքին, այս հարցին պետք է պատասխանեք․․․ (ԼՂ-հեղ․) անկախության, անջատման»։
Կարապետյանը պնդել է, որ Հայաստանը «վերաճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ-ն դա արդեն մեկ անգամ արել էր Ալմա-Աթայի հռչակագրին միանալով»։
Այսպիսով, Տեր-Պետրոսյանը մշտապես հայտարարել է, որ հակամարտության լուծման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքները ենթադրել են Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույն դիրքորոշումն արտահայտել են ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ։
«Ո՞վ դուրս թողեց ԼՂ-ն բանակցային գործընթացից»
Ռոբերտ Քոչարյանը՝ փետրվարի 17-ին տված ասուլիսում ի պատասխան լրագրողի՝ իր նախագահության օրոք Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին հարցի, պնդել է, թե «ԼՂ-ն երբեք բանակցային գործընթացից դուրս չի թողնվել»։ Ավելին, ընդգծել է, որ ԼՂ–ն բանակցությունից դուրս թողնելու մասին պնդումը կեղծ է։
Մինչդեռ, ինքը՝ Քոչարյանը, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում իր և Տեր-Պետրոսյանի միջև ծագած հերթական հեռակա բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ «ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային գործընթացից», բայց ոչ թե իր, այլ առաջին նախագահի կառավարման տարիներին։
Այս հայտարարությանը պատասխանել էր ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ բանակցային եռակողմ ֆորմատը պահպանվել է նաև Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիներին։
«1998 թ․նոյեմբերին կարգավորման ««Ընդհանուր պետություն» խաղաղության պլան» անունը կրող փաստաթուղթը ներկայացվել է երեք կողմերին` Երևանին, Բաքվին ու Ստեփանակերտին։ Եթե ինքը պնդում է, որ այդ ժամանակ արդեն չկար եռակողմ ֆորմատ, այս փաստին ի՞նչ բացատրություն կտա։ Ինքն այդ բացատրությունը չունի»,- նշել է Զուրաբյանը։
Քոչարյանն ու իր գրասենյակը նախկինում ևս այդ արարքը վերագրել են Տեր-Պետրոսյանին (1, 2, 3)։
Ուշագրավ է, սակայն, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում 2-րդ նախագահը բացատրում է, թե ինչու է ինքը որոշել խոսել նաև Արցախի փոխարեն։ Ըստ Քոչարյանի՝ դա արվել է, որպեսզի միջազգային հանրությունը գործ ունենա «միավորված հայ ժողովրդի մոտեցման հետ»։
«Երբ Հայաստանը հստակ հայտարարեց, որ ինքն անտարբեր չի, ունի իր մոտեցումը, պատրաստ է իր վրա վերցնել ծանրաբեռնվածությունը՝ կապված ԼՂ հարցի հետ, տվյալ դեպքում՝ նաև ես, երկու հայկական միավորներին ներկայացրեցինք բանակցային գործընթացում, և իրավիճակը լրիվ փոխվեց։ Գործ ունեն արդեն ոչ թե չճանաչված պետության և տատանվող Հայաստանի հետ, այլ միավորված հայ ժողովրդի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի միասնական մոտեցման հետ»,- ասել էր նա։
Փաստացի, Քոչարյանի 2003 թվականի հայտարարությունը փաստում է՝ ինքն է դուրս թողել ԼՂ-ն բանակցային գործընթացից, և ոչ թե Տեր-Պետրոսյանը, ինչպես պնդում էր հետագա տարիներին։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ «Փաստերի ստուգման հարթակն» ի մի էր բերել բանակցային գործընթացից մի շարք իրադարձություններ, որոնք ևս վկայում են այն մասին, որ Արցախը գործընթացից դուրս է մնացել Քոչարյանի օրոք։
Նանե Մանասյան