Թուրքական OdaTV կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Հայաստանի վերաբերյալ․ կայքն «իր անանուն աղբյուրներին» հղում անելով՝ պնդել է, թե հայկական 50 000 դրամանոցից հեռացվելու են Արարատ լեռան ու Գրիգոր Լուսավորչի պատկերները։
Ըստ կայքի՝ ՀՀ կառավարությունը թղթադրամից հեռացնում է նշված պատկերները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Թուրքական աղբյուրը պնդել է, թե իբր սիմվոլները փոխարինվելու են Հայաստանի Հանրապետության հրապարակի պատկերով։
FIP.am-ը նկարի խմբագրման հետքեր հայտնաբերող Photoshop Detector-ի միջոցով պարզեց, որ կայքում տեղադրված իբրև թե նոր 50 000 դրամանոցի պատկերը խմբագրումների է ենթարկված։

«Փաստերի ստուգման հարթակին» ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հերքեցին այդ տեղեկությունը, մասնավորապես, նշելով, որ առաջիկա տարիներին նոր թղթադրամներ տպագրելու ծրագրեր չկան։
Բաժնից հայտնեցին նաև, որ այդպիսի տեղեկատվություն ստանալու կամ ճշտելու նպատակով ԿԲ-ն հարցում չի ստացել որևէ լրատվամիջոցից՝ այդ թվում նաև OdaTV-ից։
Ի՞նչ է հայտնի կեղծիքը տարածած թուրքական լրատվամիջոցի մասին
Հիշեցնենք, որ FIP.am-ն ավելի վաղ պարզել էր, որ թուրքական դեղին մամուլի ներկայացուցիչ OdaTV կայքը ռուսաստանյան քարոզչական և ապատեղակատվական արշավների մասնակից է, իսկ ՀՀ-ի մասին կեղծ լուրերի հեղինակ լրագրողը Կրեմլի քարոզիչ Օկայ Դեպրեմն է, որն օկուպացված Լուգանսկի քաղաքացիություն ունի։
Արտաքին ինֆորմացիոն ազդեցությունների դեմ պայքարի ֆրանսիական VIGINUM* կենտրոնը (ֆրանս.՝ Service de vigilance et de protection contre les ingérences numériques étrangères) զեկույց էր հրապարակել ռուսական ապատեղեկատվական արշավի՝ Storm 1516 մասին: Վերջինս «տեղեկատվական միջամտության օպերացիոն համակարգ» (Information manipulation set) է կամ ցանց, որը կենտրոնացած է տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կիրառելու վրա։
VIGINUM-ի զեկույցում նշվում է 77 տեղեկատվական օպերացիա, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում տարածել են ռուսամետ, հակաարևմտյան և հակաուկրաինական նարատիվներ և կեղծ հրապարակումներ։ Storm-1516-ը գործի է դնում կարճաժամկետ և շատ արագ գործողություններ, օրինակ՝ երբ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում ու դրան շատ արագ արձագանք է լինում, և երկարաժամկետ ազդող ռազմավարություն, երբ, օրինակ, սպասվում են ընտրություններ, քաղաքական անձանց վարկաբեկում և այլն։ Այս ամենին հասնելու համար օգտագործում են կեղծ լրատվական էջեր, սոցիալական ցանցերի հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։
Ի՞նչ մասնակցություն ունի այս ամենին կեղծ տեղեկությունը հրապարակած OdaTv-ն։ VIGINUM-ի զեկույցի համաձայն՝ թուրքական OdaTv-ն ռուսական ապատեղեկատվական գործողությունների մասնակից է եղել։
Ի՞նչ կեղծիքներ է տարածել Հայաստանի մասին
Թուրքալեզու կայքը «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ ամիսներ առաջ․ այն պարբերաբար կեղծ տեղեկություն է տարածում ՀՀ կառավարության մասին։
Վերջին նմանատիպ կեղծ լուրերից էր ՀՀ վարչապետի՝ Հայաստանում մի քանի տասնյակ մզկիթ կառուցելու հանձնառության մասին տեղեկությունը, իսկ ավելի վաղ էլ թուրքալեզու աղբյուրը պնդել էր, թե ՀՀ վարչապետը ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորի մի մասը հանձնելու է Ադրբեջանին։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր





