Մարտի 9-ին միջազգային մամուլում ցնցող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվեցին ռուսաստանյան զինված ուժերի ավիահարվածների թիրախում հայտնված Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ծննդատնից: Դրանցում երևում էր, թե ինչպես են ուկրաինացի ուժայինները հիվանդանոցի ավերակներից տարհանում վիրավոր հղի կանանց:
Որոշ ժամանակ անց, սակայն, ռուսաստանյան լրատվական ու պաշտոնական աղբյուրները պնդեցին, թե այդ տեսարանները բեմադրված են և որ ծննդատանը տեղակայված են եղել Մոսկվայի կողմից ծայրահեղ ազգայնական համարվող զինված խմբավորումներ, որոնք ավիահարվածներից «դեռ օրեր առաջ էին վռնդել այնտեղից բուժանձնակազմին ու հղիներին/ծննդկաններին»:
«Հղիներ են վիրավորվել, երեխա է զոհվել»․ միջազգային մամուլի ու Կիևի արձագանքը
Մարիուպոլի ծննդատնից տարհանվող հղի կանանց մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները լայն տարածում ունեցան համաշխարհային մամուլում, սոցմեդիայում ու ուկրաինական պաշտոնական աղբյուրներում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցմեդիայի իր պաշտոնական էջերում ռմբակոծված հիվանդանոցից տեսանյութ տարածեց՝ բնութագրելով կատարվածը որպես վայրագություն:
«Ռուսական զորքերի թիրախային հարվածը Մարիուպոլի ծննդատանը: Մարդիկ, երեխաները փլատակների տակ են»,- մասնավորապես, գրել էր նա:
Մարիուպոլի քաղաքային իշխանությունների պնդմամբ, ծննդատանը հասցված ավիահարվածների հետևանքով կա 17 վիրավոր բուժանձնակազմի և ծննդկանների/հղիների շրջանում: Իսկ BBC-ի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 3 հոգի, այդ թվում՝ նաև մեկ երեխա:
«Մոսկվան թիրախավորել է նացիստների հենակետի վերածված հիվանդանոցը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում մարտի 10-ին կայացած դիվանագիտական ֆորումում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում պնդել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ պատվիրակությունը դեռ մարտի 7-ին էր հայտարարել, թե ՌԴ կողմից նացիստական համարվող «Ազովի» խմբավորումն է տեղակայվել ծննդատանը՝ այնտեղից վռնդելով բուժանձնակազմին ու հղիներին:
Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, մարտի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե Մարիուպոլի ծննդատան ռմբակոծության լուրը «տեղեկատվական ահաբեկչություն է»:
Տեղեկությունը, թե ավիահարվածներից դեռ օրեր առաջ է ռուսական կողմը զգուշացրել աշխարհին ծննդատան՝ զինված խմբավորման հենակետ դառնալու մասին, հայտնվել է միայն ավիահարվածների հաջորդ օրը՝ մարտի 10-ին: Ըստ Լավրովի՝ ռուսական պատվիրակությունը մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նաև ապացույցներ է ներկայացրել ծննդատունը «նացիստների խմբավորման հենակետ» դարձնելու մասին: Սակայն ռուսաստանցի պաշտոնյաները կամ պաշտոնական լրատվությունը մարտի 9-ից առաջ այդ փաստերի մասին չեն խոսել։
Մեզ հաջողվեց Մարիուպոլի ծննդատունը ռազմական հենակետի վերածելու մասին մարտի 9-ից առաջ տարածված տեղեկություն գտնել ռուսաստանյան լրատվամիջոցներից Lenta.ru կայքում։ Մարտի 8-ին արված հրապարակման համաձայն՝ ծննդատան աշխատողներից մեկի որդին ներկայացող ոմն Իգոր պատմում է, թե փետրվարի վերջին ծննդատուն են այցելել զինվորական համազգեստով անձինք, որոնք հայտնի չէ՝ Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներ էին, թե ՌԴ-ում արգելված «Ազով» խմբավորման ներկայացուցիչներ: Վերջիններս, ըստ Իգորի, ծննդատնից «վռնդել են անձնակազմը՝ հիմնավորելով, որ այն պատրաստվում են հենակետ դարձնել»:
Հատկանշական է նաև, որ ծննդատան թիրախավորումն իր թվիթերյան միկրոբլոգում քննադատել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը, ինչը Լավրովի պնդումների ֆոնին մի քանի բան կարող է նշանակել։ Օրինակ, որ Գուտեռեշին համոզիչ չեն թվացել ԱԽ նիստում ՌԴ-ի ներկայացրած ապացույցները, կամ ՌԴ-ն այդպիսի ապացույցներ ուղղակի չի ներկայացրել, կամ Գուտեռեշը անտեսել է ՌԴ-ի ներկայացրած ապացույցներն ու որոշել է քննադատել այդ երկիրը՝ միանալով Զախարովայի նկարագրած «տեղեկատվական ահաբեկչությանը»:
Today’s attack on a hospital in Mariupol, Ukraine, where maternity & children’s wards are located, is horrific.
Civilians are paying the highest price for a war that has nothing to do with them.
This senseless violence must stop.
End the bloodshed now.
— António Guterres (@antonioguterres) March 9, 2022
«Բեմադրված տեսարաններ՝ մոդելների մասնակցությամբ»
Ավիահարվածներից հետո ամբողջ ռուսաստանյան տեղեկատվական դաշտը ողողվեց պնդումներով, թե Մարիուպոլի ծննդատան ռմբակոծությունից հետո հղիների ու բուժանձնակազմի տարհանման տեսարանները բեմադրություն են:
Մասնավորապես, ըստ վարկածներից մեկի՝ ավիահարվածների մասին տեսանյութերը համացանցում տարածվել են մարտի 9-ի ցերեկը, այնինչ հղի կանանց տարհանման տեսանյութերն ու լուսանկարները համացանցում հայտնվել են ավելի ուշ՝ երեկոյան: Այս հանգամանքը, չնայած որ ճիշտ է, սակայն չի կարող տեսարանները բեմադրելու պնդման ճշմարտացիության ապացույց լինել:
Ռուսաստանյան աղբյուրները նաև ծննդատան ավերակների ֆոնին նկարահանված կանանց շարքում նույնականացրել են բյութի-բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայային, որն իսկապես այդ պահին հղի էր։ Ըստ BBC-ի ռուսաստանյան ծառայության՝ նա ծննդաբերել է մարտի 11-ին:
Ընդգծենք, որ ռուսաստանյան կայքերը «բեմադրության» իրենց վարկածն առաջ տանելու համար շեշտում են այն հանգամանքը, որ Պոդգուրսկայան ապրում է Կիևում և կասկած են արտահայտում նրա՝ Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ու թեժ մարտերի թատերաբեմ դարձած քաղաքի ծննդատանը հայտնվելու կապակցությամբ:
FIP.am-ն ուսումնասիրեց Պոդգուրսկայայի ինստագրմյան էջն ու նկատեց, որ և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի առաջին օրերին սոցիալական մեդիայում նրա շատ հրապարակումներ արվել են հենց Մարիուպոլից:
Ռուսաստանյան աղբյուրները նկատում են նաև․ որ հղիների ու բուժանձնակազմի տարհանման՝ համացանցում տարածված բոլոր լուսանկարների հեղինակը ուկրաինական և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համար աշխատող, Ուկրաինայում հայտնի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկան է:
«Փաստերի ստուգման հարթակն» այս ու այլ հղիների մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր՝ սիրողական կամ պրոֆեսիոնալ, որևէ առցանց ռեսուրսում չգտավ:
Այսպիսով, Մարիուպոլում ծննդատան հրետակոծության հետևանքով տուժած կնոջը պատկերող լուսանկարները և տեսանյութը «բեմադրված» լինելու մասին վկայող տեխնիկական կամ փաստական ապացույցներ չկան։ Ինչ վերաբերում է ծննդատունը մինչև հրետակոծությունը «ազգայնականների հավաքակայանի» վերածելու մասին պնդմանը, ապա դա հաստատող կամ հերքող արժանահավատ բաց աղբյուր չկա։
Նանե Մանասյան