Մարտի 12-ին՝ Ուկրաինա ներխուժումից ավելի քան 2 շաբաթ անց, Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ քննարկելու «Ուկրաինայում ԱՄՆ կողմից մշակվող քիմիական ու կենսաբանական զենքի» հարցը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարեց, թե Ուկրաինայում «հատուկ գործողության ընթացքում բացահայտվել են ցնցող փաստեր» Կիևի իշխանությունների կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության «անմիջական համակարգմամբ և ֆինանսավորմամբ» մշակվող կենսաբանական զենքի ծրագրի վերաբերյալ:
«ՌԴ զինված ուժերի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք փաստում են՝ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է նվազագույնը կենսաբանական 30 լաբորատորիաներից բաղկացած ցանց, որոնցում իրականացվում են ծայրահեղ վտանգավոր կենսաբանական փորձարկումներ․ դրանք միտված են ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հարուցիչների պաթոգենիկ հատկությունների ուժեղացմանը»։
ԱԽ նույն նիստի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հերքելով Մոսկվայի մեղադրանքը, թե Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ կենսաբանական զենքի լաբորատորիաներ են գործում, հայտարարեց, որ ՌԴ-ն ԱԽ նիստ է հրավիրել՝ «բացառապես ստելու և ապատեղեկատվություն տարածելու նպատակով»: Հղում անելով ՄԱԿ-ի զեկուցողներին՝ Թոմաս-Գրինֆիլդը պնդեց, թե կառույցին հայտնի չեն փաստեր Ուկրաինայում մշակվող քիմիական, կենսաբանական զենքի մասին․ «Նախորդ ամիս ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ցավալիորեն ճշգրիտ նկարագրեց, թե ինչ է մտադիր անել ՌԴ-ն․ նա նախազգուշացրեց, որ ՌԴ-ն պատրաստվում է քիմիական և կենսաբանական զենքի մասին պնդումներ գեներացնել, որպեսզի հիմնավորի իր դաժան հարձակումն ուկրաինացի ժողովրդի վրա»:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը, անդրադառնալով ՌԴ այս մեղադրանքներին, Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարեց, թե Մոսկվան ինքն է մտադիր քիմիական զենք կիրառել Ուկրաինայում․ «Այժմ, երբ այս կեղծ պնդումներն արվել են, մենք պետք է զգոն լինենք, քանի որ հնարավոր է՝ ՌԴ-ն ինքն է ծրագրել քիմիական զենք օգտագործել»:
«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է Ուկրաինայի ու ՌԴ-ի կողմից քիմիական ու կենսաբանական զենքի մշակման ու կիրառության վերաբերյալ բաց հարթակներում առկա տվյալները:
Որ երկրներն են մեղադրվել քիմիական զենք օգտագործելու համար
Քիմիական զենքի ստեղծումը և կիրառությունն արգելված է՝ համաձայն 1992 թվականի սեպտեմբերի 3-ին ընդունված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի․ դրան միացել է 193 երկիր, բացի Եգիպտոսից, Հյուսիսային Կորեայից և Հարավային Սուդանից։ Մեկ պետություն՝ Իսրայելը, ստորագրել, բայց դեռևս չի վավերացրել կոնվենցիան:
Կենսաբանական զենքի կիրառումը նույնպես արգելվում է՝ «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայով․ այն ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 7-ին:
Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի տվյալներով՝ միայն 8 երկիր է կոնվենցիային միանալիս հայտարարել քիմիական զենքի իր պաշարների մասին: Այս երկրների մեծ մասը, ըստ միջազգային հասարակական կազմակերպության, այդպիսի զենքը ոչնչացրել կամ ոչնչացնելու պարտավորություն է ստանձնել:
Կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ տարբեր երկրների կողմից քիմիական զենքի կիրառության դեպքեր են գրանցվել, կամ պետությունները կասկածվել են զանգվածային ոչնչացման այդպիսի զենքի կիրառման մեջ:
Քիմիական զենքը լայնորեն կիրառվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում․ ընդ որում, համաձայն ՄԱԿ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, այդպիսի զենք է կիրառվել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ու այլ խմբավորումների, այլ նաև սիրիական կառավարական ուժերի կողմից: Չնայած հակամարտության հենց սկզբից ՄԱԿ-ը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիր սկսեց, դա չփրկեց սիրիացի ժողովրդին հետագայում տասնյակ նման մահացու հարձակումներից:
Համացանցում շատ են նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակի՝ Հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջաններում քիմիական զենքի կիրառության մասին արժանահավատ հրապարակումները․ զեկուցվում է, որ Թուրքիայի բանակը քիմիական զենքով ավելի քան 300 անգամ թիրախավորել է քրդական ուժերին: Միջազգային կառույցները, սակայն, հետևողականություն չեն ցուցաբերել այդ հարձակումների պատշաճ հետաքննության համար:
Քիմիական ու կենսաբանական զենքի գործոնը հաճախ նաև աշխարհաքաղաքական շահարկումների առարկա է դարձել գերտերությունների ձեռքում: Օրինակ՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան 2003-ին Իրաք իրենց ներխուժումը հիմնավորում էին այդ երկրի վարչակարգի կողմից կենսաբանական ու քիմիական զենքի ստեղծմամբ: Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլերը վստահեցնում էր, որ բրիտանական հետախուզությունը հստակ ու ճշգրիտ տեղեկատվություն ունի այդպիսի սպառազինության ստեղծման մասին: Սակայն Իրաքյան պատերազմից տարիներ անց նա հայտարարեց, որ «իրենց հետախուզությունը սխալվել է»:
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են երկրները, որոնք Կոնվենցիայի ընդունումից հետո ոչնչացրել կամ պարտավորվել են ոչնչացնել քիմիական զենքը, ինչպես նաև այն երկրները, որոնք, ըստ հավաստի բաց աղբյուրների, քիմիական զենք ունեն կամ կիրառել են:
Արգելված զենքը՝ ընդդեմ Կրեմլի քաղաքական հակառակորդների
Ռուսաստանը «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիային» միացել է 1997 թվականի դեկտեմբերի 5-ին: Դրան միանալու պահին ՌԴ-ն հայտարարել է, որ տիրապետում է 40,000 տոննա քիմիական զենքի, ինչն այդ պահին հայտնի նման զենքի ամենախոշոր խմբաքանակն էր աշխարհում:
2017 թվականի սեպտեմբերին «Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը» հայտարարեց, որ իր վերահսկողությամբ ՌԴ-ն ավարտել է քիմիական զենքի ամբողջ պաշարների ոչնչացման գործընթացը: Սակայն, չնայած դրան, 2022-ի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մեղադրում են Մոսկվային Ուկրաինայում կենսաբանական ու քիմիական զենք կիրառելու մտադրությունների մեջ:
FIP.am-ը մեկտեղեց նաև նախկինում՝ քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենք կիրառելու՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:
Առաջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Լոնդոնի սրճարաններից մեկում Պոլոնիում-210 ռադիոակտիվ իզոտոպով թունավորվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ամենախիստ քննադատներից մեկը՝ ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն:
Լոնդոնում բնակվելու տարիներին նա գրել էր «ՖՍԲ-ն պայթեցնում է Ռուսաստանը» և «Լյուբյանկայի հանցագործ խմբավորումը» գրքերը, որոնցում քննադատել էր ռուսական հատուկ ծառայություններին՝ 1999 թվականին Մոսկվայում բնակելի շենքերի պայթյունները կազմակերպելու և մի շարք այլ ահաբեկչական գործողությունների մեջ։ Դրանք, ըստ Լիտվինենկոյի, կապված էին Պուտինին իշխանության բերելու հետ:
Լիտվինենկոն մահացավ թունավորումից 22 օր անց՝ նոյեմբերի 23-ին, Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Լիտվինենկոյի թունավորման դեպքը հետաքննում էին մի քանի խմբեր․ Եվրոպայի խորհուրդն ու պաշտոնական Լոնդոնը կարծում էին, որ դրա հետևում ՌԴ պետական գերատեսչություններն են կանգնած: Արդեն 2021-ին Մարդու իրավունքների միջազգային դատարանը հաստատեց այդ մեղադրանքները՝ վճռելով, որ Լիտվինենկոյի սպանության համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնությանը:
Մոսկվայի կողմից քիմիական զենքի հավանական կիրառության հաջորդ դեպքը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 4-ին՝ դարձյալ Մեծ Բրիտանիայում, Սոլսբերի քաղաքում․ «Նովիչոկ» կոչվող քիմիական զենքով իրենց տան մոտակայքում թունավորվեցին ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կատարվածի համար մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանը, բրիտանական իրավապահ մարմիններն անգամ նույնականացրին ՌԴ հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք իրականացրել էին մահափորձը:
Չնայած աղաղակող ապացույցներին՝ պաշտոնական Մոսկվան շարունակ հերքում էր այդ մեղադրանքները: Կրեմլի քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանն անգամ հարցազրույց ունեցավ կասկածյալների հետ, որոնք ֆիթնես-մարզիչներ էին ներկայանում:
Կրեմլը «Նովիչոկի» գործադրման համար կասկածվեց նաև 2020 թվականի օգոստոսի 20-ից հետո, երբ Տոմսկ-Մոսկվա թռիչքի ընթացքում թունավորվեց ռուսաստանյան ակնառու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: ԱՄՆ պետդեպն այդ ժամանակ հայտարարեց՝ կարծում է, որ Նավալնուն թունավորել են ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ «Նովիչոկով»:
Արցախի դեմ կիրառված ֆոսֆորային ռումբերն ու Ուկրաինան
Ի տարբերություն ՌԴ-ի, Կիևի իշխանությունների կողմից քիմիական զենքի պաշարների, դրանց ոչնչացման մասին բաց աղբյուրներում տվյալներ չկան: Միևնույն ժամանակ, պաշտոնական Կիևի հասցեին քիմիական զենքի վաճառքի մեղադրանքներ հայտնվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում:
2020-ի հոկտեմբերի 31-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային ռումբեր են կիրառել: Դրանից հետո հայաստանյան տեղեկատվական դաշտում տարածվեց թեզը, թե այդ զենքը Բաքվին մատակարարել է Ուկրաինան:
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, դիմելով Ուկրաինայի նախագահ, իր նախկին գործընկեր Վլադիմիր Զելենսկուն, պահանջեց բացատրություն տալ այդ կապակցությամբ։ Զելենսկին պատասխան նամակում հերքեց Բաքվին քիմիական զենք վաճառելու մեղադրանքները:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համացանցի հայալեզու տիրույթում կրկին ակտիվացան այդ պնդումները: Փաստերի ստուգմամբ զբաղվող Euvsdisinfo.eu կայքը գրեց, որ իրականությանը չհամապատասխանող այդ պնդումը դաշտ են նետել Կրեմլի քարոզիչները. «Բացի այդ, կրեմլամետ ապատեղեկատվության ոչ մի տարածող չի ներկայացրել որևէ էական ապացույց՝ Ուկրաինայի վերաբերյալ իրենց պնդումները հիմնավորելու համար»
Պետք է արձանագրել, որ բաց աղբյուրներում իսկապես չկա որևէ ապացույց, որը կվկայեր, որ Արցախի դեմ Բաքվի կիրառած ֆոսֆորային զենքը մատակարարել է Ուկրաինան։ Չկան տեղեկություններ նաև Ադրբեջանի կողմից օգտագործած քիմիական զենքի պատկանելության ու ծագման մասին: Այդուհանդերձ, Բաքվի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զենքի կիրառման փաստն արձանագրված է։
ՀՀ-ն ու ամերիկյան լաբորատորիաները
Նախկինում ևս Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա․
ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված կենսաբանական լաբորատորիաներ, Ուկրաինայից բացի, գործում են նաև Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում:
Հայաստանում այդ լաբորատորիաների գործունեության վերաբերյալ մանիպուլյատիվ թեզեր էին տարածվում որոշ կազմակերպությունների կողմից, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է դեռևս 2016 թվականին․ համաձայն այդ թեզերի՝ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաները իբր «կասկածելի» նպատակներ են հետապնդում, ընդհուպ՝ ստեղծում են կենսաբանական զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի բնակչության դեմ։
FIP.am-ը պարզել է նաև, որ այդ լաբորատորիաները ֆինանսավորում են ստանում նաև Ռուսաստանից։ Այսպես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղին Ռուսաստանի կողմից տրամադրվել են 14 տեսակի սարք-սարքավորումներ և լաբորատոր կահույք՝ սանիտարա-քիմիական լաբորատորիայի համար։
Բացի սրանից, նույն համաձայնագրի շրջանակներում, հատուկ վտանգավոր վարակների լաբորատոր կարողությունների բարելավման (դաշտային պայմաններում հետազոտություններ իրականացնելու) համար, բռնկումների արագ արձագանքման նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին Ռուսաստանի կողմից տրամադրվել է ժամանակակից սարքեր-սարքավորումներով կահավորված 2 շարժական լաբորատորիա։
Արդեն 2021-ին ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:
Իսկ ԱԳՆ այդ ժամանակվա մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը վերահաստատել էր, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից:
«Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է»,- ասել էր ԱԳՆ ներկայացուցիչը։
Այսպիսով, աշխարհին քիմիական ու կենսաբանական զենքի ստեղծման ու օգտագործման մեջ մեղադրող Կրեմլը, ըստ բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների իրականացրած հետաքննությունների ու միջազգային դատարանների վճիռների, ինքն է կիրառել այդ արգելված զինատեսակներն ընդդեմ իր քաղաքական հակառակորդների: Զանգվածային ոչնչացման այդ զենքերը կիրառել է նաև ՌԴ դաշնակից Սիրիայի իշխանությունը, ինչպես նաև վերջերս այդ երկրի հետ ռազմավարական դաշնակցության պայմանագիր կնքած Ադրբեջանը՝ ընդդեմ Արցախի:
Նանե Մանասյան