Սեպտեմբերի 10-ից մամուլում ակտիվորեն շրջանառվում է «Թուրքական համարանիշներով ավտոմեքենան առանց խոչընդոտի շրջում է Երևանում» գլխագրով տեղեկություն, որն ուղեկցում է Երևան քաղաքի Սարալանջի փողոցով երթևեկող թուրքական պետհամարանիշով մեքենայի տեսանյութով։
Տեսանյութի սկզբնաղբյուրը shamshyan.com կայքն է, որից արտատպել են մի քանի տասնյակ լրատվականներ ու սունկ կայքեր։
Հատկանշական է, որ նույն shamshyan.com կայքում կարող ենք հանդիպել նաև թուրքական պետհամարանիշով մեքենաների մասնակցությամբ ավտովթարների մասին հրապարակումների, որոնք, սակայն, չեն ուղեկցվել նույն հուզական ձևակերպումներով, ինչպես այս դեպքում։
Իրականում, թեև տեսանյութում երևացող մեքենան իսկապես ունի թուրքական պետհամարանիշեր, սակայն դա որևէ դեպքում արտառոց երևույթ չէ, քանի որ նույն սկզբունքով Թուրքիայում ազատորեն շրջում են հայկական պետհամարանիշերով մեքենաները, և մեքենաների ու քաղաքացիների՝ միմյանց երկիր ելումուտի համար որևէ սահմանափակում չկա։ Այսինքն, խուճապը, որը տարածվում է այս տեսանյութի հետ, անհիմն է։
Ի դեպ, այսօրինակ վերնագրերով նյութեր հաճախ են նետվում լրատվական դաշտ, և ամեն անգամ խուճապի մատնվելն առնվազն տեղին չէ։ Վերջին նման դեպքը, երբ հայկական մամուլում թուրքական համարանիշով մեքենան խուճապ էր առաջացրել, 2021 թվականի աշնանն էր, երբ մի շարք տելեգրամյան ալիքներ, ապա և լրատվական կայքեր հրապարակեցին Վայք քաղաքի մոտակայքից արված մի լուսանկար, որտեղ պատկերված էր արտասահմանյան պետհամարանիշով մեքենա։ Ճիշտ է, այդ դեպքում լրատվականները «շփոթել էին» վրացական պետհամարանիշը թուրքականի հետ, սակայն դա չէր խանգարել վերջիններիս նույնիսկ զանգել համայնքապետերին և ճշտել, թե ինչպես է թուրքական համարանիշով մեքենան հայտնվել Հայաստանում։
Նմանօրինակ դեպք տեղի էր ունեցել նաև 2021-ի ամռանը, և կրկին թուրքական պետհամարանիշով մեքենան աղմուկի պատճառ էր դարձել համացանցում։
Այպիսով փաստենք, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանում թուրքական պետհամարանիշով մեքենայի կադրեր տեսնելիս սկսվող խուճապը որևէ կերպ հիմնավորված չէ, քանի որ ինչպես հայկական պետհամարանիշերով մեքենաներն են անարգել մուտք գործում Թուրքիա, այնպես էլ հակառակը, և դրանում արտառոց որևէ բան չկա։
Սևադա Ղազարյան