Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ էլ լրագրողական էթիկայով, ինչի արդյունքում այսօր զգալիորեն աճել է համացանցում տարածվող ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան։
Կեղծ տեղեկությունների աղբյուրներից մեկը «Հայաստան» ֆեյսբուքյան էջն է, որը վերջին օրերին թիրախավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ տարածելով վերջինիս հետո որևէ կապ չունեցող տեսանյութեր։
Խոսքը, մասնավորապես, 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակած ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին է։ Այն ժամանակ մեծ աղմուկ հանած տեսանյութը այսօր կրկին տարածվում է համացանցում, այս անգամ՝ «ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում» գլխագրով։
«Ինչպես էր ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանում։ Տարածեք, թող բոլորը տեսնեն Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը։ Անպայման տարածեք ժողովուրդ ջան», — գրված է տեսանյութին կից, որը արդեն դիտել է ավելի քան 400 հազար մարդ։
Ու թեև շատերը մեկնաբանություններում կոչ արեցին չտրվել սադրանքին՝ ասելով, որ դա հին տեսանյութ է, այդուհանդերձ հստակ կարող ենք պնդել, որ ապատեղեկատվությունը լայն տարածում գտավ։ Դրա մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ տեսանյութով կիսվել է ավելի քան 20 հազար օգտատեր։
«Փաստերի ստուգման հարթակ»-ը պարբերաբար բացահայտելու և ներկայացնելու է համացանցում ապատեղեկատվություն տարածող կեղծ օգտատերերին և էջերին։ Միաժամանակ կոչ ենք անում ընթերցողին հետևել միայն վստահելի աղբյուրներին, այն է՝ հեղինակավոր լրատվական կայքերին։
Ռաֆայել Աֆրիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։