Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին իր ասուլիսում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին և դա համարել քաղաքական հետապնդում։
«Նրան (Վարդան Ղուկասյանին-խմբ․) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, և կալանավորել նրան քաղաքական հայացքները արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Խոսքի վերջում էլ հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ համագործակցության ամրապնդմամբ հանդես եկող քաղաքական գործիչները հետապնդման չեն ենթարկվի։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Լավրովի այս հայտարարությունը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է։
Վարդան Ղուկասյանը այս պահին կալանքի տակ է, թեպետ առողջական խնդիրների հետևանքով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց։ Նրա վերաբերյալ գործով դատական նիստեր են ընթանում։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը տեղեկացրել էին, որ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ քաղաքացու կողմից Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցված շուրջ 1500 քմ ինքնակամ շինությունը ենթակա է եղել քանդման։ Ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը խոստացել են չձեռնարկել քանդման միջոցներ, կազմել կեղծ փաստաթղթեր և օրինականացնել շինությունը՝ դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ կաշառք։ Վարույթի շրջանակում հրապարակվել էին նաև ձայնագրություններ, որտեղ Վարդան Ղուկասյանը խոսում է գումարների մասին։
Ինչ վերաբերում է Լավրովի մատնանշած գործին, ապա Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով որոշվել էր դադարեցնել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով: Այս վարույթի հիմքում Ղուկասյանի այն դիրքորոշումն էր, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին միևնույն միության անդամ լինի:
Ղուկասյանի նկատմամբ այս մեղադրանքն առաջադրվել էր 2025 թվականի հոտեմբերին՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:
Այսպիսով, Սերգեյ Լավրովը իր ասուլիսում Գյումրու համայնքի ղեկավարի (լիազորությունները դադարեցված) վերաբերյալ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ ստեղծելով տպավորություն, թե Վարդան Ղուկասյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման իր դիրքորոշման համար։
Հասմիկ Համբարձումյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




