Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադարձել են Հայաստանում Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ այն ներկայացնելով որպես քաղաքական բնույթի մեղադրանք։
Սակայն գործի պաշտոնական մեղադրանքի, իրավական հիմքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Առաջինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ հունվարի 20-ին իր ամփոփիչ ասուլիսում մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ, պատասխանելով հայազգի լրագրողի հարցին, հայտարարել էր, որ Գյումրու քաղաքապետ (լիազորությունները դադարեցված–խմբ․) Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և նրան կալանքի տակ պահելը քաղաքական հետապնդում է։
«Նրան (Վարդան Ղուկասյանին-խմբ․) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, և կալանավորել նրան քաղաքական հայացքներն արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- ասել էր ՌԴ արտգործնախարարը:
Նրանից երկու օր անց, հունվարի 22-ին արդեն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր նույն թեման առաջ տարել՝ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթը որակել «քաղաքական մեղադրանք»։
«Քրեական հետապնդումը ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար ինքնին աբսուրդ է», —հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ամիսներ առաջ Ղուկասյանի ձերբակալությունը համարել էր Հայաստանի ներքին գործը ու չէր մանրամասնել։
Ե՛վ Լավրովի, և՛ Զախարովայի հայտարարությունները Վարդան Ղուկասյանի մեղադրանքի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը․ Ղուկասյանը այս պահին դատարանի առաջ կանգնած է կաշառք ստանալու մեղադրանքով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ակնհայտորեն խառնում են տարբեր քրեական վարույթներ։ Մասնավորապես՝ նախկինում Քննչական կոմիտեում քննվել է մեկ այլ վարույթ, որի հիմքում Ղուկասյանի այն դիրքորոշումն էր, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին միևնույն միության անդամ լինի: Վարույթը հարուցվել էր ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։
Ղուկասյանի նկատմամբ այս մեղադրանքն առաջադրվել էր 2025 թվականի հոկտեմբերին, սակայն երկու ամիս անց հայտնի դարձավ, որ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է։
ԵՄ-ին միանալու մասին Զախարովայի անհամարժեք համեմատությունը
Զախարովան նաև տարակուսանք էր հայտնել, թե Հայաստանի ղեկավարության արձագանքը Ղուկասյանի հայտարարություններին «զարմանալիորեն աններդաշնակ է այն բանին, թե ինչպես է Երևանը երբեմն նախընտրում չնկատել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների ռեպլիկները»։
«…Մենք չենք տեսել իրավական գործընթացներ և ավելին՝ այն անձանց կալանավորումները, ովքեր կոչ են անում առանց հետ նայելու գնալ դեպի Եվրամիություն։ ԵՄ-ին միանալը, սակայն, իսկապես կապված է ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Այս մոտեցումը ընկնում է Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի տակ։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- նշել է Զախարովան։
Ռուս պաշտոնյայի այս պնդումը չի համապատասխանում Հայաստանի իրավական և միջազգային պարտավորությունների շրջանակին։
Նախ՝ Եվրամիությանը անդամակցելու հարցը քաղաքական օրակարգի և արտաքին քաղաքական ընտրության հարց է, որը կարող է հանրային և քաղաքական քննարկումների թեմա լինել, և դա ամենևին էլ քրեական բնույթ չի կարող ունենալ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի արգելում երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ քաղաքական քննարկումները կամ կողմնորոշման արտահայտումը։
Բացի այդ, ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում ինքնիշխանությունից «հրաժարում» իրավական իմաստով։ ԵՄ անդամ երկրները մնում են ինքնիշխան պետություններ՝ ունենալով սեփական սահմանադրությունները, կառավարությունները, զինված ուժերը և արտաքին քաղաքական սուբյեկտայնությունը։ Ինքնիշխան որոշ լիազորությունների համատեղ իրականացումը միջազգային կազմակերպության շրջանակում իրավականորեն նույնական չէ պետական ինքնիշխանության կորստին։
Վերջապես, Հայաստանի քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն Եվրամիությանը կամ որևէ այլ միջազգային միավորմանը միանալու կոչերի համար՝ պայմանով, որ դրանք չեն ուղեկցվում բռնի իշխանափոխության, սահմանադրական կարգի տապալման կամ այլ քրեորեն պատժելի արարքների կոչերով։ Ինչպես եղավ Վարդան Ղուկասյանի դեպքում։
Այսպիսով, Զախարովայի այն պնդումը, թե ԵՄ-ին միանալու վերաբերյալ հրապարակային կոչերը կարող են ինքնին քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, չի բխում Հայաստանի գործող օրենսդրությունից և միջազգային իրավական պրակտիկայից։
Ի՞նչ է գրել մամուլը այս հայտարարությունների հետքերով
Լրատվամիջոցների մի մասը (հիմնականում ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող ուժերի հետ փոխկապակցված-խմբ․) և, մասնավորապես, դրանց տելեգրամյան ալիքներն անդրադարձել են Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական է, սակայն հրապարակումներում չեն նշել, որ Ղուկասյանը տվյալ պահին մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, իսկ «քաղաքական կոչերի» վերաբերյալ քրեական վարույթը դադարեցված է (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8)։
Պրոռուսական «товарищ генерал» ալիքը գրում է, որ Լավրովը Փաշինյանին հինգ ուղերձ է հղել, որոնցից մեկը հետևյալն է եղել՝ «Ռուսաստանի ընկերները փաշինյանական Հայաստանում ռեպրեսիաների են ենթարկվում»։
Հատկանշական է, որ ռուսական կառավարության ֆինանսավորմամբ գործող «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը Լավրովի ասուլիսը մեկնաբանելիս չի հիշատակել, որ պաշտոնյայի կողմից մատնանշվող քրեական վարույթը դադարեցվել է, սակայն դրանից երկու օր անց Զախարովայի ասուլիսը լուսաբանելիս այդ մասին նշումն արդեն կա։
Իսկ ահա «Առավոտ»-ում ներկայացվել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքը, սակայն միաժամանակ նշվել է նման մեղադրանք չլինելու փաստի մասին։
Այսպիսով, ռուսաստանյան պաշտոնյաների հայտարարությունները հայաստանյան մեդիա դաշտում հիմնականում վերարտադրվել են առանց անհրաժեշտ իրավական համատեքստի և փաստերի ամբողջական ստուգման։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր





