«Գիտե՞ք՝ որքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականին՝ 16 000 ՀՀ դրամ։ 16 000 դրամ էին տալիս թոշակառուին ու ասում՝ գնա, եթե կարող ես՝ գոյատևիր, եթե կարող ես՝ ապրիր։
Մենք նվազագույն կենսաթոշակը 16 000-ից դարձրել ենք 36 000 դրամ, գումարած՝ 20 տոկոս։ Այսինքն՝ մոտավորապես 43 000 դրամ»,- նշել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հունվարի 19-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հրապարակած տվյալները՝ դրանք համադրելով 2018-2024 թվականների կենսաթոշակների և նվազագույն սպառողական ու պարենային զամբյուղների տվյալների հետ։
Նվազագույն կենսաթոշակ և նվազագույն սպառողական զամբյուղ
2018 թվականին նվազագույն կենսաթոշակի չափը, իսկապես, եղել է 16 000 դրամ, իսկ 2024-ին՝ 36 000 դրամ։ Նույն թվականներին (4-րդ եռամսյակի տվյաներով) նվազագույն սպառողական զամբյուղը (ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքների) կազմել է համապատասխանաբար 61 113 (2018 թ․) և 75 811 (2024 թ․) դրամ։
Թեև երկու դեպքում էլ նվազագույն կենսաթոշակը զգալիորեն զիջում է նվազագույն զամբյուղին, 2024 թվականին, սակայն, հարաբերակցությունը բարելավվել է․ նվազագույն կենսաթոշակը կազմել է զամբյուղի 47.48 %` 2018 թվականի 26.1 %-ի փոխարեն։
Ի դեպ, հանրային բաց հարթակներում առկա տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ նվազագույն կենսաթոշակ է ստանում կենսաթոշակառուների 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ)։ Այսպիսով, Ալեքսանյանի պնդումը, թե նվազագույն կենսաթոշակը կազմել է 16 հազար դրամ, վերաբերում է կենսաթոշակառուների շուրջ 12 տոկոսին։
Միջին կենսաթոշակ և նվազագույն սպառողական զամբյուղ
FIP.am-ը փորձել է համեմատել միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական և պարենային զամբյուղների հետ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն կենսաթոշակի վիճակագրությունը վարում է միջին կենսաթոշակի չափի համեմատականով։
Այսպես, 2018 թվականին միջին կենսաթոշակը եղել է 40 478 դրամ, ինչը կազմում է նվազագույն զամբյուղի (61 113 դրամ) 66.2 %-ը։

2024 թվականին միջին կենսաթոշակը կազմել է 49 567 դրամ, ինչը կազմում է նվազագույն զամբյուղի (75 811 դրամ) 65.3 %-ը։
Փաստացի, նվազագույն սպառողական զամբյուղին միջին կենսաթոշակի չափն ավելի մոտ է եղել 2018 թվականին։
Միջին կենսաթոշակ և պարենային զամբյուղ
2018 թվականին միջին կենսաթոշակ-պարենային զամբյուղ հարաբերակցությունը կազմել է 40 478 դրամ / 34 527 դրամ։ Այսինքն՝ կենսաթոշակը եղել է 14.8 %-ով ավելի, քան պարենային զամբյուղը։
2024 թվականին միջին կենսաթոշակ-պարենային զամբյուղ հարաբերակցությունը կազմել է 49 567 դրամ / 40 978 դրամ։ Այս դեպքում կենսաթոշակը 17.4 %-ով գերազանցել է պարենային զամբյուղը։
Այս համադրությամբ՝ տոկոսային առումով միջին կենսաթոշակը 2024 թվականին ավելի մեծ տարբերությամբ է գերազանցել պարենային զամբյուղը, քան 2018-ին։
«36 000 + 20 %» պնդման մասին
Վահագն Ալեքսանյանը տեսանյութում խոսում է նաև կենսաթոշակների 20 տոկոս ավելացման մասին՝ այն նվազագույն կենսաթոշակի դեպքում ներկայացնելով մոտ 7000 դրամի չափով ավելացման տեսքով։ Այս դեպքում, սակայն, նրա պնդումը առնվազն չի տարածվում բոլոր կենսաթոշակառուների վրա թե՛ հետվճարից օգտվողների թվի, թե՛ ստացվող հետվճարի համատեքստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2025 թվականի հունվարի 9-ի մամուլի ասուլիսում նշել էր, որ բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար
- 2025 թվականին գործել է 12 % հետվճար, առավելագույնը՝ 6 000 դրամ,
- 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 20 % հետվճարը՝ առավելագույնը 10․000 դրամ սահմանաչափով։
Հաշվի առնելով հնարավոր հակադարձվող տեսակետը, ըստ որի՝ կենսաթոշակառուներին տրված է 20 տոկոս հետվճարից օգտվելու հնարավորություն, և նրանք կարող են այդ միջոցով բարելավել իրենց կենսաթոշակը՝ տեղեկացնենք, որ ծրագիրը վերաբերում է (նախարար Թորոսյանը այդ մասին ասել էր ասուլիսում-խմբ․) մոտ 660 000 քաղաքացու, որոնցից շուրջ 380 000-ն է օգտվում հետվճարից։
Ներկա տվյալներով՝ հետվճարի ծրագրից օգտվում է թոշակ և նպաստ ստացողների մոտ 57.5 տոկոսը, հետևաբար պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդումը չի կարող տարածվել բոլոր կենսաթոշակառուների վրա։
Նույն ասուլիսի ընթացքում Արսեն Թորոսյանն, անդրադառնալով հետվճարի միջին ամսական ցուցանիշին, նշել էր․ «Մենք հիմա միջինում մոտ 4 200 դրամի հետվճար ունենք»։
Սա նշանակում է, որ 2025 թվականին առավելագույն 6 000 դրամի սահմանաչափի դեպքում, ամսական միջին հետվճարը կազմել է սահմանաչափի մոտ 70 %-ը։
Հաշվի առնելով նաև այն, որ հետվճարի հաշվարկում չեն ներառվում կոմունալ վճարները, կարելի է եզրահանգել, որ վերադարձվող հետվճարի չափը ոչ միայն տոկոսային, այլ նաև գումարային առումով զգալիորեն պակաս կլինի հայտարարած 20 տոկոսից։
Այսպիսով, 2018-2024 թվականներին թեև արձանագրվում է կենսաթոշակների աճ, նվազագույն կենսաթոշակը շարունակում է զգալիորեն զիջել նվազագույն սպառողական զամբյուղին։ Միջին կենսաթոշակի դեպքում հարաբերակցությունը նվազագույն սպառողական զամբյուղի հետ 2024 թվականին չի բարելավվել՝ 2018-ի համեմատ, մինչդեռ պարենային զամբյուղի դեպքում միջին կենսաթոշակը 2024-ին տոկոսային առումով ավելի մեծ տարբերությամբ է գերազանցել այն։
Միաժամանակ, Վահագն Ալեքսանյանի պնդումը կենսաթոշակի «20 տոկոս ավելացման» մասին, վերաբերում է ոչ բոլոր թոշակառուներին, իսկ այն դեպքերում, երբ վերաբերում է, տարբեր գործոններով պայմանավորված կարող է լինել առավելագույն սահմանաչափից փոքր։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր



