Չնայած պաշտոնական ու մասնագիտական շրջանակների հերքումներին, համացանցում շարունակում են տարածել տեղեկությունը, թե իբր Հայաստանում կան «համակենտրոնացման գաղտնի ճամբարներ» և երկրի քրեակատարողական հիմնարկներում «տասն անգամ ավելի շատ» ազատազրկված անձ կա, նրանց իրական թիվը «մոտենում է 25 հազարի»։
Այս ծավալուն հոդվածը հրապարակվել էր ռուսաստանյան «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» անվանումով կազմակերպության կայքում, որը անգլերենով վերահրապարակվել էր vt foreign policy կայքում։
Քրեակատարողական ծառայությունը հերքում էր տարածել, տեղեկացնելով, որ «2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1396 դատապարտյալ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ 2010 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր գրեթե երեք անգամ ավելի դատապարտյալ»։
«Ստուգված է»-ի թիմը պարզել էր, որ հոդվածում ներկայացված է «արևմտյան» երկու լրագրողների՝ իռլանդացի Չեյ Բոուզի և գերմանացի Թոմաս Ռոպերի քննադատությունը Հայաստանի արդարադատության, ՔՀԿ-ներում տիրող իրավիճակի մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ երկու լրագրողներն էլ աշխատում են ռուսական պետական լրատվամիջոցներում (ինչի մասին նյութում չի հիշատակվում) և բազմիցս սուտ տեղեկություններ են տարածել։
«Փաստերի ստուգման հարթակը» ևս որոշ ժամանակ առաջ կրեմլյան քարոզիչների վերաբերյալ ուսումնասիրության մեջ անդրադարձել էր իռլանդացի Չեյ Բոուզին, որը կրեմլյան քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած Russia Today-ի աշխատակից է:
Քարոզիչները՝ փաստեր ստուգողներ․ Ռուսաստանում պետական հովանավորչությամբ ֆաքթչեքինգ են անում
Ովքե՞ր են սոցցանցերում տարածում կեղծիքը
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Պապյանը, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում այսօր տարածել է երեկվանից տարբեր կողմերից հերքվող այս հրապարակումը։

Նրա հրապարակումը հարյուրավոր տարածումներ ունի: Տարածողներից մեկը, ի դեպ, Երևանի պետական համալսարանում դասախոս է, մյուսը՝ երկարամյա լրագրող և այլն։ Հատկանշական է, որ Պապյանին զգուշացրել են՝ իր տարածած հոդվածը կեղծ է ու փաստարկել, սակայն միևնույն է, նա չի հեռացրել իր ֆեյսբուքյան էջից։
Ըստ «Ստուգված է»-ի՝ հայկական լրատվամիջոցներում նյութն առաջինը թարգմանել և հրապարակել էր News.am-ը, այնուհետև լուրը տարածեցին Golosarmenii.am, lurer.com, Past.am և Newspress.am լրատվականները։
Ի դեպ, չնայած հերքումներին, այս կայքերը չեն հեռացրել կեղծ տեղեկությունը։
Նկատենք՝ ադրբեջանական աղբյուրներից այս հրապարակումը տարածել էր Haqqin.az-ը:
Պրիգոժինի հետքերը
«Փաստերի ստուգման հարթակը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ու դրա հրապարակած հոդվածների մասին ուսումնասիրությունների շարք ունի (1, 2, )։
Այդ հիմնադրամը (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է, ով կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։
Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Ի դեպ, այս հրապարակումը տարածել էր նաև հենց Միրա Տերադան իր տելեգրամյան ալիքում։
Այդպիսի մի անձ էլ, հավանաբար, բրազիլացի լրագրող Լուկաս Լեյրոզն (Lucas Leiroz) է, որի անվան տակ էլ հրապարակվել է սույն հոդվածը vt foreign policy կայքում։ Լուկասը կեղծ հոդվածը տարածել էր նաև X-ի իր բլոգում։

Բրազիլացի լրագրողը Պուտինի քաղաքականության մոլի երկրպագուն է, քարոզում է «ռուսական Լուգանսկի» օգտին, նրա համար հպարտություն է ԱՄՆ սև ցուցակում ընդգրկված լինելը։
Այսպիսով, ԱՆ Քրեակատարողական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները, փաստեր ստուգողների ուսումնասիրությունները ամբողջությամբ հերքում են «գաղտնի ճամբարների» մասին անհիմն պնդումները։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ այս ապատեղեկատվության տարածման գործում առաջամարտիկ են պրոկրեմլյան քարոզչական ռեսուրսները և նրանց հետ կապ ունեցող հայաստանյան հարթակները։
Հասմիկ Համբարձումյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր



