«Բաց հասարակության հիմնադրամներ»-ից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների մասին ապատեղեկատվությունների ալիքը սկսվեց փետրվարի 4-ի՝ ռուսական Eurasia Daily կայքի կողմից, սակայն վերջինիս հրապարակումներից հետո տարբեր հայաստանյան լրատվամիջոցներ (Politik.am, Голос Армении և «Հայկական ժամանակ») շարունակեցին կեղծ տեղեկատվության տարածումը:
EADaily
Ռուսալեզու այս պարբերականը հանդես է եկել բավականին ծավալուն հոդվածով՝ նվիրված «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործունեությանը: Մասնավորապես, հոդվածի հեղինակը թիրախավորել է հիմնադրամից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները՝ վերջիններիս մասին ակնհայտ բացասական և կեղծ եզրակացություններ անելով: Հոդվածում փորձ է արվում ընթերցողների մոտ թյուր կարծիք ձևավորել, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ղեկավար է դարձել հիմնադրամի մի քանի շահառու կազմակերպությունների աջակցությամբ:
Անդրադառնանք EADaily-ի հրապարակած կեղծիքներից մի քանիսին:
Հոդվածում ներկայացվում է, որ կազմակերպության խնդիրներն են մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունը, հետաքննական լրագրության զարգացումը, դիտորդական առաքելությունները, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը, մշակութային կյանքի աշխուժացումը և այլն։ Եվ չնայած այս ամենին՝ հեղինակը կազմակերպությանը բնորոշելիս զերծ չի մնացել կեղծիքից։ Մասնավորապես՝
1․ Սուտ։ Այն ամենը, ինչով հիմնադրամն ու իր գրասենյակը զբաղված են Հայաստանում, ոչ մի կերպ չի նպաստում կազմակերպության հռչակած սկզբունքների իրացմանը:
Իրականում։ Միայն վերջին 3 տարիներին հիմնադրամի շահառուներ են դարձել Հայաստանի կույրերի միության երաժշտական անսամբլը, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Տեսողական խնդիրներով երեխաների համար 14 դպրոցը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Երևանի բժշկական համալսարանը, Սպիտակի խնամքի տունը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան և այլն․․․
2․ Սուտ։ Հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն անձամբ է որոշում հիմնադրամից դրամաշնորհներ ստացող անձանց ու կազմակերպություններին:
Իրականում։ Հիմնադրամից տրվող դրամաշնորհների մասին որոշում է կայացնում ոչ թե մեկ անձ, այլ տնօրենների խորհուրդը
3․ Սուտ։ Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ստեղծած «Փաստերի ստուգման հարթակին» (Fip.am)` հեղինակը գրել է․ «Կազմակերպության գործունեության ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, որ կազմակերպությունը, պատրաստելով ու տարածելով մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ ու տեսանյութեր, ինքն է տարիներ շարունակ զբաղված եղել ապատեղեկատվության տարածմամբ»:
Իրականում։ «Փաստերի ստուգման հարթակի» մասին խոսելիս չի բերվել որևէ հղում, որը կապացուցի գրվածի ճշմարտացիությունը։ Ավելին, Fip.am-ը եղել և մնում է անկողմնակալ՝ անկախ քաղաքական իրավիճակից և գործող իշխանություններից։
4․ Սուտ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն աչք է փակում գործող իշխանությունների խայտառակ սխալների վրա, ավելին՝ թիրախավորելով ներկայիս իշխանությունների քննադատներին՝ հանդես է գալիս իշխանության «փաստաբանի» դիրքերից:
Իրականում։ Նոր իշխանություններին քննադատող հոդվածները թե՛ Uicarmenia.org, և թե՛ Fip.am կայքում բազմաթիվ են, և կազմակերպությունը կաշկանդված չի գործող իշխանությունների մասին քննադատական հոդվածներ գրելիս։ Միայն վերջին մի քանի ամսում հրապարակվել են գործող իշխանություններին քննադատող մի քանի տասնյակ հոդվածներ: Գործող իշխանություններին որևէ կերպ պաշտպանող վերջին հոդվածը հրապարակվել է դեկտեմբեր ամսին:
5․ Սուտ։ Կազմակերպությունը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում ևս իրականացրել է դիտորդական առաքելություն, սակայն ընտրախախտումներ չի արձանագրել։
Իրականում։ Այստեղ ևս կա ակնհայտ կեղծ տեղեկատվություն։ Ընտրախախտումների մասին ևս խոսվել է։ Ավելին, արձանագրված ընտրախախտումների մասին ամենաշատը խոսել է հենց «Անկախ դիտորդի» անունից հանդես եկող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:
6․ Սուտ։ 2018 թվականի հունվարին՝ իշխանափոխությունից ընդամենը 3 ամիս առաջ, կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից շուրջ 81 000 դոլար է ստացել, որպեսզի 50 լրագրողներ ու 75 ակտիվիստներ պատրաստի քաղաքացիական շարժումներին մասնակցելու նպատակով:
Իրականում։ Դրամաշնորհը իրականում ստացվել է Եվրամիությունից, իսկ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների թրեյնինգները արվել են հեղափոխությունից հետո։ Ավելին, թրեյնինգների ժամանակ տրվել են իշխանություններին վերահսկելու հմտություններ:
7․ Սուտ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» պետք է ծառայեր իրական փաստերի վերհանման ու կեղծիքի բացահայտման գործին, սակայն կազմակերպությունը սկսել է է՛լ ավելի ակտիվ հակաքարոզչություն իրականացնել Ռուսաստանի և նախկին իշխանությունների դեմ և սատարել գործող իշխանություններին:
Իրականում։ Փաստերի ստուգման հարթակը կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարող անկախ լրատվամիջոց է, որի հրապարակումները վերաբերում են ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կեղծ հայտարարությունների և խախտումների բացահայտմանը։
8․ Սուտ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ողջ անձնակազմն ու Սորոսի հիմանդրամի հետ կապող անձը՝ Դանիել Իոաննիսյանը, եղել են իշխանափոխության գործընթացի ակտիվ մասնակիցներ: Այս կերպ հեղինակը փորձում է ցույց տալ, որ Ջորջ Սորոսը աջակցել է հեղափոխությանը:
Իրականում։ Ըստ «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության հարցումների, Հայաստանում հեղափոխությանը ակտիվ մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ:
9․ Սուտ։ Կազմակերպության անդամներն իրենց տիրապետության տակ եղած հարթակներն օգտագործել են գործող իշխանությունների դեմ ատելություն տարածելու համար, իսկ ապրիլի 23-ից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզչություն իրականացնելու նպատակով։
Իրականում։ Ակնհայտ մանիպուլյատիվ ձևակերպում է, քանի որ հեղափոխության օրերին միայն կազմակերպության անդամները չէ, որ արտահայտել իրենց դժգոհությունը իշխանությունների հանդեպ, և դա որևէ ձևով կապել կազմակերպության հետ, մեղմ ասած, լուրջ չէ:
EADaily-ի հոդվածում անդրադարձ է կատարվել նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին»։ Մասնավորապես, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Խորենացի փողոցում և Սարի թաղում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և անհայտ քաղաքացիների կողմից կիրառված ուժի վերաբերյալ ՀՔԱՎ-ի արձագանքի մասին գրելով՝ պարբերականը ներկայացրել է կեղծ տեղեկություններ:
10․ Սուտ։ ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել ոստիկանության գործողությունների մասին՝ վերջինիս հակաահաբեկչական գործողությունները բնութագրելով որպես ամբողջությամբ անհամաչափ:
Իրականում։ Իրականում զեկույցը վերաբերում է ոստիկանության՝ խաղաղ ցուցարարներին ուղղված գործողություններին, սակայն հետաքրքիրն այն է, որ հեղինակի կարծիքով, Խորենացի փողոցում ու Սարի թաղում հավաքված քաղաքացիները ահաբեկիչներ էին, իսկ նրանց դեմ ոստիկանության գործողությունները՝ «հակաահաբեկչական»։
11․ Սուտ։ Արթուր Սաքունցը պնդում էր, որ Հայաստանում փոփոխություններ հնարավոր են միայն զինված ապստամբության միջոցով։
Իրականում։ Հոդվածի հեղինակը Արթուր Սաքունցին է վերագրվում միտք, որը վերջինս երբևէ որևէ տեղ չի ասել։
12․ Սուտ։ Իշխանափոխությունից հետո ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների խախտումների մասին Սաքունցը ոչ մի հայտարարություն չի արել (օրինակ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու, ՔԿՀ-ում 44 օր շարունակ հացադուլ իրականացրած Մհեր Եղիազարյանի մահվան հարցերով):
Իրականում։ Արթուր Սաքունցը հրապարակավ խոսել է և՛ Մանվել Գրիգորյանի, և՛ Մհեր Եղիազարյանի մասին։
Հոդվածագիրը չի շրջանցել նաև Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը՝ անդրադառնալով վերջինիս նախկին աշխատակիցներին։
13․ Սուտ։ Լենա Նազարյանը, որը կառույցի ծրագրերի համակարգող էր, այսօր Ազգային ժողովի փոխնախագահն է:
Իրականում։ Իրականում սա ոչ այնքան սուտ է, որքան մանպուլյացիա, քանի որ հոդվածում Լենա Նազարյանի մասին կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե վերջինս ԱԺ փոխնախագահ դառնալուց անմիջապես առաջ Transparency International-ում ծրագրերի համակարգող էր։ Իրականում Լենա Նազարյանն այնտեղից հեռացել է դեռևս 2015 թվականին և մինչ ԱԺ փոխխոսնակ դառնալը՝ մոտ 4 տարի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր։
14․ Սուտ։ «Թրանսփարենսիի» մեկ այլ աշխատակից՝ Վանուհի Մաթևոսյանը, աշխատում է կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Իրականում։ Վանուհի Մաթևոսյանը ավելի քան 5 ամիս է, ինչ չի աշխատում վերոնշյալ ՊՈԱԿ-ում և այնտեղ աշխատել է ընդամենը 3 ամիս:
Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը փորձել է ի մի բերել հիմնադրամից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների գործունեությունը և հանգել այն եզրակացության, որ վերջիններս զբաղված են նախկին իշխանությունների սև PR-ով, երկրում իրավիճակի ապակայունացմամբ և Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզչությամբ։
Իրականում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ արշավը եղել և մնում է որոշ շրջանակների համար առաջնային խնդիր, և նման մեթոդներով այս կազմակերպությունների դերը նվաստացնելու փորձեր միշտ են արվել: Սակայն փաստը մնում է փաստ, որ վերը նշված կազմակերպությունները և հիշատակված անձինք հայաստանյան քաղհասարակության ձևավորման գործում անուրանալի դեր ունեն և շարունակում են մնալ կեղծիքի ու անօրինականությունների դեմ պայքարի առաջին գծում՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության գլուխ կանգնած։
Հայկական լրատվականներ
Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաճախ են հանդես գալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության վերաբերյալ մանիպուլյատիվ հոդվածներով՝ վերջինիս հետ կապելով մի քանի երկրներում տեղի ունեցող կամ արդեն իսկ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններ։
Այս լրատվականներից որոշները EADaily-ի հոդվածը գրեթե նույնությամբ կամ որոշակի մասնատումներով տարածել էին իրենց կայքերում (օրինակ՝ Politik.am կայքն անգամ գումար չի խնայել այն Ֆեյսբուքում վճարովի տարածելու համար)։ Բացի դա, Սորոսի և նրա գործունեությանն առանձին հոդվածով անդրադարձել էին նաև Голос Армении պարբերականը և «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Եվ եթե Голос Армении պարբերականն իր հոդվածում հիմնականում մեջբերել էր «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի մտահոգությունները, ապա «Հայկական ժամանակ» օրաթերթն իր օնլայն տարբերակում՝ armtimes.com-ում, հրապարակել էր մեկ այլ հոդված, որում Ջորջ Սորոսի գործունեությունը կապվել է Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների հետ։
«Ինչո՞ւ է արթնացել Սորոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ» վերնագրված հոդվածում armtimes.com-ի հեղինակը հանդես է գալիս մի շարք վիճելի և անհիմն պնդումներով։ Անդրադառնալով, օրինակ, ուկրաինական Եվրամայդանին՝ նա, հղում անելով ռուսական պետական կառույցների անվան հետ կապվող DCLeaks հաքերական խմբի հրապարակումներին, պնդում է, թե այդ ցույցերի կազմակերպման մեջ զգալի ներգրավվածություն են ունեցել անձամբ Սորոսը և նրա հիմնադրամները։ Այնինչ, նույնիսկ ռուսական «Սպուտնիկը», նույնպես հղում անելով հաքերական խմբի տեղեկություններին, Սորոսին չի վերագրում Մայդանին ուղիղ մասնակցություն։