Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան գրառում է արել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Շարմազանովի քննադատությունում, սակայն, տեղ են գտել մի շարք կեղծ, իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ թեզեր, որոնց կանդրադառնանք ստորև։
Արցախը բանակցային կողմ դարձնելու թեզը մոռանալու մասին
Ի թիվս այնպիսի ձևակերպումների, թե «Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի», Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ պաշտոնական Երևանը մոռացել է Արցախը բանակցությունների լիարժեք մասնակից դարձնելու թեզը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խիստ քննադատությունից հետո։
«Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում: Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից և համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին»,- մասնավորապես, հայտարարել է Շարմազանովը։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու հենց հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, Արցախում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Փաշինյանի հիմնավորմամբ՝ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը: Հետագայում Փաշինյանը բազմիցս վերահաստատել է իր թեզը՝ նշելով, որ բանակցություններում Արցախը կարող են ներկայացնել միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները։
Էդուարդ Շարմազանովը, խոսելով այս կապակցությամբ համանախագահների խիստ քննադատության մասին, հավանաբար, նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ է արվում զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն։
«․․․ Համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում, որտեղ, միևնույն ժամանակ, շեշտվում է, որ համանախագահները «շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը»:
Այստեղ, սակայն, հարկ է նշել, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությանը, որի հասցեատերը ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմն է, ՀՀ իշխանությունները չեն հրաժարվել կամ մոռացել Արցախը բանակցություններին վերադարձնելու մասին։ Մասնավորապես, բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում, ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում, վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ «Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի»: «․․․Մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես՝ բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի՝ իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից»,- նշեց Մնացականյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, այս տարվա մարտի 12-ին, փաստացի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերոհիշյալ հայտարարությունից անմիջապես հետո, ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստի ժամանակ վերահաստատել է իր առաջ քաշած թեզը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: «Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի, կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ»,- ասել է Փաշինյանը:
Ուշագրավ է նշել նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին Երևանում Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող, քանի որ Հայաստանը դրան չի համաձայնվի։ Լավրովի խոսքով՝ «բանակցությունների մասնակիցների հարցում համաձայնության պիտի գան հենց հակամարտող կողմերը»։ Հարկ է, թերևս, ընդգծել նաև, որ Լավրովը հիշեցրել էր, որ ղարաբաղյան կողմը բանակցություններից դուրս էր մնացել ՀՀ նախկին նախագահներից մեկի (Ռոբերտ Քոչարյանի – խմբ․) որոշմամբ։
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերից հրաժարվելու մասին
Իր գրառման մեջ Էդուարդ Շարմազանովը նշում է նաև, որ «Հայաստանը հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից»։ Խոսքը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների մասին է, նախ՝ Վիեննայում և ապա Սանկտ Պետերբուրգում։ Վիեննայում 2016-ի մայիսի 16-ին կայացած հանդիպմանը կողմերի միջև ձեռք էր բերվել 1994 և 1995 թվականների զինադադարի պայմանագրերի անշեղորեն կիրառումը մշտադիտարկելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ավելացնելու պայմանավորվածություն։ Արդեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ՝ ՀՀ, Ռուսաստան և Ադրբեջան հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում, թեև վերահաստատվում էին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուամենայնիվ, խոսք էր գնում միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելու մասին։
Իսկ ահա ՀՀ և Ադրբեջանի նախագահների հաջորդ՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում ընդհանրապես չկան հիշատակումներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանություններին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել «սահմանին լարվածությունն իջեցնելու» և օպերատիվ կապ ունենալու շուրջ, ինչից հետո շփման գծում լարվածությունը, իրոք, նվազել էր։ Թեզը, որ Հայաստանը Դուշանբեի պայմանավորվածություններով հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ըստ էության, սկսել է շրջանառվել հենց այդ ժամանակից։
Սակայն ուշագրավ է, որ կրկին բոլորովին վերջերս՝ Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը։ «Բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994 թ. և 1995 թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը»,- նշել էր Զոհրաբ Մնացականյանը։
Ավելի վաղ ևս Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ նշելով, որ հայկական կողմը դրանց անդրադառնում է որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, որոնց ավելացել են նաև Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից (Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից – խմբ․) հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինք թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք»,- մասնավորապես, 2019 թ․ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ արտգործնախարարը:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չհրաժարվելու մասին Մնացականյանը հայտարարել է նաև ապրիլի 2-ին «Ազատության» և «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում։ «Վիեննան և Սանկտ Պետերբուրգը իրենց մեջ պարունակում են հստակ գործառույթներ, որոնք վերաբերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը: Մենք կարող ենք հրաժարվե՞լ դրանից, ինչու՞»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը՝ ավելացնելով, որ պայմանավորվածությունները՝ «կկոչվեն Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Դուշանբե, նորից Վիեննա և այլն, դրանք՝ իրենց բովանդակությամբ, պարունակում են տարրեր, հստակ գործառույթներ, որոնք չեն կարող անհայտանալ, եթե դրանք ուղղված են մեր հիմնական նպատակներից մեկին՝ ռիսկերի նվազեցմանը»:
Այսինքն, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև այս թեմայով այլոց պնդումները, թե Հայաստանը հրաժարվել է 2016-ին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, չեն համապատասխանում իրականությանը, և հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվել այդ օրակարգից։
Էդուարդ Շարմազանովի գրառման մեջ նշվում է նաև, թե «իշխանության ներկայացուցիչը ուղիղ նշեց, որ Փաշինյանը դեմ չէ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին»։ Այստեղ խոսքը, հավանաբար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարության մասին է։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է այս թեմային և դրա շուրջ շրջանառվող մանիպուլյացիաներին։
Վահե Ղուկասյան