2019 թվականը ևս աչքի ընկավ կեղծ և ապատեղեկատվություն պարունակող լուրերի մեծ հոսքով։ Թեպետ տարածված ապատեղեկատվությունների մի մասի «հեղինակները» քաղաքական ու հասարակական գործիչներն էին, սակայն հայկական ու միջազգային մամուլը ևս տարվա ընթացքում տեղեկատվական դաշտ «նետեց» բազմաթիվ իրականությանը չհամապատասխանող լուրեր։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 2019 թվականին լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվություններն ու մանիպուլյացիաները:
Politik.am. Կեղծ օգտատերն ու 2019 թ. ամենագնացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հրապարակելով իրեն ուղղված մի մեկնաբանություն, որում հեղինակը շնորհակալություն էր հայտնում վարչապետին կատարված աշխատանքի համար: Politik.am կայքը անդրադարձել էր այս մեկնաբանությանը՝ կասկածի տակ դնելով դրա հեղինակի՝ իրական լինելու փաստը: Fip.am-ը, սակայն պարզեց, որ մեկնաբանության հեղինակն ամենևին էլ «ֆեյք» օգտատեր չէ: Մարիամ Ավետիսյան անունով օգտատերն իրոք այդ բովանդակությամբ նամակ էր գրել Փաշինյանին: Պարզեցինք նաև, որ Politik.am-ի մեկ այլ հոդված՝ Նիկոլ Փաշինյանի դստեր համար ձեռք բերված ամենագնացի վերաբերյալ, ևս ապատեղեկատվություն էր պարունակում։ Կայքը գրել էր, որ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցների հաշվին 2019 թ. արտադրության նոր մեքենա է ձեռք բերվել։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ իրականում մեքենան ձեռք է բերվել 2018-ին, իսկ այն ձեռք բերելու օրինական հիմքը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխության տեսքով, ստեղծվել էր 2018-ի գարնանը՝ նախքան հեղափոխությունը:
«Հրապարակ» օրաթերթ. Նախագահի, վարչապետի վարկանիշները ու գաղտնի սոցհարցումները
«Հրապարակը» hուլիսին գրել էր, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) անցկացրած հարցման արդյունքում «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56% է, նախագահ Արմեն Սարգսյանինը՝ 61%: Fip.am-ը պարզեց, որ ներկայացված թվերը չեն համապատասխանում հարցումն իրականացրած կազմակերպության ներկայացրած պաշտոնական տվյալներին: Ըստ հուլիսի 8-ին հրապարակված հարցման արդյունքների՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշը 72% էր, իսկ նախագահ Սարգսյանինը՝ 81%։ Մեկ այլ հոդվածում «Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի կառավարությունը «պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար…»: Fip.am-ը, սակայն, պարզեց, որ կառավարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, 2019 թվականին սոցհարցումներ չի պատվիրել։
Analitik.am. «Զվարթնոցը» փակել են Փաշինյանի թռիչքի համար
Analitik.am-ն այս տարվա գարնանը նյութ էր հրապարակել՝ գրելով, որ Փաշինյանի՝ Իրանից վերադառնալիս փակվել են Հայաստանի օդային ճանապարհները և դադարեցվել բոլոր թռիչքները։ Fip.am-ը, սակայն, պարզեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներում որևէ փոփոխություն չի եղել և նախատեսված թռիչքներն ու վայրէջքները իրականացվել են ըստ գրաֆիկի։ Փաստացի, կայքն ապատեղեկատվություն էր տարածել։
Tert.am. Հայկ Մարությանի արված ու չարված խոստումները
Tert.am կայքը, ամփոփելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին, գրել էր, որ խոստումները «մնացել են օդից կախված»: «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ պնդումների մի մասը չեն համապատասխանում իրականությանը։ Այսպես, կայքը գրում էր, որ Մարությանը հայտարարել է, թե հանելու են վճարովի կայանատեղիները: Իրականում, Մարությանը նման խոստում չէր տվել, իսկ երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր, որ կարմիր գծերը չեն վերանա, քանի որ դրանք եկամուտներ են բերում բյուջե: Հոդվածի հեղինակը գրում էր, որ Մարությանը ապօրինի շինարարության բազմաթիվ թույլտվություններ է տվել, որի մասին արձագանքել են ավագանու ընդդիմադիր անդամները: «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը, սակայն, նման շինարարության մի դեպք հիշեց, որը, սակայն, ապօրինի չի կարող համարվել, քանի դեռ չկա դատարանի որոշում:
«5-րդ ալիք». ապատեղեկատվությունների հոսք
«Փաստերի ստուգման հարթակը» 2019-ի ընթացքում մի քանի անգամ «ստիպված» էր անդրադառնալ «5-րդ ալիքի» եթերում լրագրողների ու հյուրերի կողմից հնչեցված կեղծ տեղեկություններին: Այսպես, հեռուստաալիքի եթերում կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողի կողմից ներկայացվեց որպես «նախկին իշխանությունների» ներկայացուցիչ այն դեպքում, որ վերջինս պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել մինչ հեղափոխությունը։ Սխալ ներկայացվեց Սահմանադրական դատարանի դատավորների՝ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը։ Որպես պետական գաղտնիք ներկայացվեցին զինվորականների աշխատավարձերի մասին տվյալները, որոնք, սակայն, սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց» մասին օրենքով, ուստի պետական գաղտնիք համարվել չեն կարող: Հեռուստաալիքի եթերում մանիպուլյատիվ ներկայացվեց նաև «Գելափի» վերջին հարցումը՝ կոնտեքստից կտրված ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը:
Մարին Լը Պենի հին հայտարարությունից մինչև Պուտինի պահանջներ
2019 թ. գարնանը «Գալա» հեռուստաընկերությունը և Hayeli.am կայքը տարածեցին Ֆրանսիայի 2017 թ. նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայտարարությունը, որում վերջինս նշում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկալի լուծումը կլինի այն, որ Ղարաբաղին հնարավորություն տան վերամիավորվել Հայաստանի հետ։ Լրատվամիջոցներն այս հայտարարությունը ներկայացրել էին որպես նոր, սենսացիոն իրադարձություն։ Մինչդեռ Fip.am-ը պարզեց, որ Լը Պենն այս հայտարարությունն արել էր դեռևս 2017 թվականին։
Hayeli.am-ը, «Ժողովուրդ», «Ժամանակ», «Փաստ» օրաթերթերը, Zham.am կայքը ՌԴ նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան նախատեսվող այցից առաջ հոդվածներ էին հրապարակում՝ պնդելով, որ ՌԴ նախագահը նախապայմաններ է դնում ՀՀ իշխանությունների առաջ՝ պահանջելով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվի, այլապես կա՛մ չի գա Երևան, կա՛մ էլ ԵԱՏՄ վեհաժողովը կտեղափոխվի Մոսկվա։ Լրատվականները պնդում էին, որ Պուտինը պահանջել է հանդիպում Քոչարյանի հետ կալանավայրում։ Սակայն ՌԴ նախագահը, ինչպես նախատեսված էր, եկավ Երևան, մասնակցեց խորհրդաժողովին, Քոչարյանը մնաց կալանքի տակ, սակայն Պուտինը հանդիպեց Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Ռուսական լրատվամիջոցների կեղծ թեզերը
Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ ապատեղեկատվություններ տարածելուց զերծ չեն մնացել նաև ռուսական լրատվամիջոցները: Փետրվարին РЕН ТВ-ն հրապարակեց ռեպորտաժ, որում կեղծվել են Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի բովանդակությունը, դրա սահմանադրականության հարցը, որոշ իրադարձությունների ժամանակագրությունը և այլ փաստեր: Ռեպորտաժում, մասնավորապես, ասվում էր, որ Քոչարյանին կալանավորելու որոշում եղել է նրա՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, բայց իրականում Քոչարյանն այդ հայտարարությունն արել էր կալանավորման որոշումից մոտ մեկ ամիս անց: Ավելի ուշ գրեթե նույն բովանդակությամբ ու կեղծված նույն փաստերով ռեպորտաժ եթեր հեռարձակեց նաև Россия 24-ը:
Նոյեմբեր ամսին կրկին РЕН ТВ-ն անդրադարձավ Քոչարյանի գործին ու կրկին կեղծ տվյալներ ներկայացրեց երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին: Եթե առաջին ռեպորտաժում լրագրողը չէր նշում, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար, ապա երկրորդ ռեպորտաժում չի նշվում կաշառք վերցնելու գործով մեղադրանքի մասին և այլն։
Այսպիսով, 2019 թվականին ապատեղեկատվությունների ու մանիպուլյացիաների պակաս չկար։ Մաղթում ենք, որ նոր տարին զերծ լինի ամեն տեսակ կեղծիքներից, իսկ լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը և անկախությունը թույլ տան խուսափել ֆեյք լուրերից:
Անի Ավետիսյան