Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին դերակատարները սկսել են կիրառել հայալեզու լսարանը թիրախավորող հիբրիդային պատերազմի այնպիսի գործիքներ, որոնք նախկինում լայնորեն կիրառվել են հետխորհրդային այլ երկրներում ու Եվրոպական միությունում։
«Փաստերի ստուգման հարթակն» առաջինն էր, որ հայկական լսարանի համար բացահայտեց ու բացատրեց Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի այդ հնարքների էությունը, դրանց կապը Ռուսաստանի, թուրքական ու ադրբեջանական աղբյուրների հետ։
Doppelgänger․ սկանդալային հոդվածներ նմանակ կայքերում
Անցնող 2025 թվականին առաջին անգամ հայալեզու լսարանը թիրախավորվեց Doppelgänger հիբրիդային գործիքի միջոցով։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոց Mediamax-ը սխալմամբ արտատպեց «ֆրանսիայի միջուկային թափոնները Դիլիջան տեղափոխելու» մասին մի հոդված Courrier France 24 կոչվող կայքից․ ավելի ուշ, սակայն, լրատվամիջոցը գլխի ընկավ՝ հոդվածն արտատպել է ոչ թե հեղինակավոր France 24-ից, այլ անհայտ մի կայքից, որը շատ նման է France 24-ին։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց՝ կիրառվել է Doppelgänger-ի մեթոդը, որը վերջին տարիներին ապատեղեկատվական արշավների և անգամ մեդիագրագետ ընթերցողներին ու մասնագետներին մոլորեցնելու ամենատարածված ձևերից է։ Եզրույթը թարգմանաբար նշանակում է իրական մարդու կրկնօրինակ, սակայն թվային, տեղեկատվական համատեքստում այն ունի կեղծ, նմանակ կայքի կամ դոմեյնի նշանակություն։
Ինչպես է աշխատում այս մեթոդը․ նախ, փորձում են մոլորեցնել ընթերցողին: Ստեղծվում է կեղծ կայք, որի դոմեյնը կամ անունը շատ նման են իրական լրատվամիջոցի անվանը, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com, կամ ինչպես գործ ունենք վերոհիշյալ դեպքի հետ՝ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com։ Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։
Հաջորդիվ, դրանք բնականաբար տարածում են կեղծ լուրեր և շատ հաճախ ակտիվանում են կարևոր քաղաքական հանրային իրադարձությունների ընթացքում՝ ընտրություններ, պատերազմներ, բնապահպանական կամ քաղաքական զգայուն այլ թեմաներ, իսկ իրենց «առաքելությունն» ավարտելուց հետո անհետանում են թվային դաշտից։
FIP.am-ն իր տեսանյութերից մեկի միջոցով ևս բացատրել է՝ ինչպես և երբ է առաջին անգամ գործի դրվել այս մեթոդը։
Հայաստանյան լսարանը տարաբնույթ սկանդալային հոդվածներով շարունակեցին թիրախավորել նորաստեղծ այլ նմանակ կայքեր ևս, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» մանրամասն անդրադարձել է․ այսպիսին էին ՀՀ վարչապետի ընտանիքի կողմից Մարսելում, Կանադայում բազմամիլիոնանոց շքեղ առանձնատների ձեռք բերման մասին կեղծ հոդվածները, վարչապետի տիկնոջը վերագրվող՝ միլիոնավոր դոլարների յուրացման պնդումները և այլն։
ԱԲ-ն (AI), «Ցեղասպանության ուրացումն ու թուրքացումը», «ընտրությունների կեղծումն ու բռնաճնշումները»
Արհեստական բանականությունը դարձել է Հայաստանի լսարանը ապատեղեկատվական արշավներով թիրախավորելու հիմնական գործիքներից մեկը։ «Փաստերի ստուգման հարթակը» գրեթե ամեն օր բացահայտում է ԱԲ-ով գեներացված տեսանյութեր, որոնք կեղծ ու չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացնում հիմնականում Հայաստանի գործող իշխանություններին։
Այսպիսին էր օրինակ սոցիալական մեդիայում տարածվող մի տեսանյութ, որում մի աղջիկ ոչ հոդաբաշխ հայերենով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր մանկապղծության մեջ։ Մեկ այլ՝ ադրբեջանական աղբյուներում տարածված տեսանյութում, մի աղջիկ իբրև թե Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքից ներկայացնում էր ուժայինների բռնություններն իր հանդեպ՝ ընդդիմադիր ինչ-որ հավաքի մասնակցելու համար։
Միաժամանակ գեներացված մի քանի տասնյակ տեսանյութերում էլ մեղադրում էին ՀՀ իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրությունները կեղծելու և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, ֆիզիկական հաշվեհարդարի ծրագրերի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։
Հատկանշական է, որ սոցիալական մեդիայի հայալեզու էջերն ու օգտատերերը ևս անմասն չեն մնում ԱԲ-ով կեղծ լուրեր գեներացնելու ու տարածելու գործից. դրանք պարբերաբար ստեղծում են տեսանյութեր կամ պատկերներ, որտեղ Փաշինյանը թուրքերեն է խոսում, քանդում է Ցեղասպանության հուշահամալիրը, բռնաճնշումներ գործադրելու ցուցումներ է տալիս ուժայիններին, Թուրքիայում տպագրել է տալիս հարյուր հազարավոր կեղծ հայկական անձնագրեր, որ կեղծի ընտրությունները, ինչպես նաև ընդունում է անիրատեսական որոշումներ, օրինակ՝ ՀՀ-ում տաքսի ծառայությունները միայն էլեկտրական մեքենաներով մատուցելու մասին։
«Մատրյոշակա» և Storm-1516․ Հայաստանի դեմ ապատեղեկատվություն տարածող ցանցեր
Անցնող տարում «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց նաև, որ Հայաստանն առաջին անգամ թիրախավորվել է հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» և Storm-1516 անունով մերձկրեմլյան ցանցերի կողմից։
Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած հենց «Մատրյոշկա» ցանցի բոտերն էին մեկնարկել Փաշինյանի դեմ արշավ՝ սուր քննադատական և կեղծ պնդումներով։ Նման արշավներ՝ թե՛ ԱԲ-ով գեներացված նյութերի, և թե’ նմանակ կայքերում հրապարակված հոդվածների տարածման միջոցով այս ցանցերն ավելի ուշ ևս իրականացրել են։
«Բոտը» (անգլերեն robot բառից) ծրագիր է, որն ինքնաշխատ կերպով կատարում է որոշակի գործողություններ մարդու փոխարեն կամ մարդու նման։ Այս պարագայում խոսքը սոցիալական ցանցերում լայն տարածված՝ ապատեղեկատվություն տարածող բոտերի մասին է, որոնք հրապարակումներ են անում ինքնաշխատ կերպով։
Ինչպես են գործում այս ցանցերը․ ապատեղեկատվական արշավներ կազմակերպող ու իրականացնող ռուսաստանյան «Մատրյոշկան» և Storm 1516-ը Կրեմլի կողմից համակարգվող ամենամեծ և ամենահմուտ քարոզչական ցանցերից են։
Այս արշավներն ուղղված են Արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում արևմտյան երկրների հետ գործակցող իշխանությունների նկատմամբ վստահության թուլացմանը և վարկաբեկմանը։ Դրանք գործում են հիմնականում սոցիալական հարթակներում (X, TikTok և այլն) և բոտերի միջոցով տարածում տեսանյութեր ու հոդվածներ, որոնք քողարկվում են իրական լրատվամիջոցների (օրինակ՝ Deutsche Welle, E! News, USA Today և այլն) անվան տակ:
Տեսանյութեր պատրաստելիս օգտագործվում են Deepfake գեներացնող արհեստական բանականությամբ տեխնոլոգիաներ, կեղծ վերնագրեր ու նյութեր։
Ռուսական հիմնադրամներն ու կեղծ նարատիվների ստեղծողները
Անցնող 2025 թվականին հայաստանյան լսարանը թիրախավորող թեզեր ակտիվորեն գեներացվել ու տարածվել են Կրեմլի հետ սերտ առնչություններ ունեցող հիմնադրամներից սնվող կայքերի ու այսպես կոչված «լրագրողների» կողմից։
Այսպես, «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice), որը առնչություններ ունի ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ (հիմնադիր՝ Եվգենի Պրիգոժին-խմբ․), բազմաթիվ մտացածին տեղեկություններ է հրապարակել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։ Նման կայքերից են London Times-ը, VT Foreign Policy/Veterans Today և այլն։
Դրանք առանց փաստերի ու ապացույցների «հետաքննություններ» են հրապարակել Հայաստանում իբրև թե «դեղերի ապօրինի փորձարկումների», ՀՀ ԱԺ նախագահի կողմից «մանկապղծության հովանավորչության», Փաշինյանի կողմից ընդդիմադիրների համար ստեղծված «համակենտրոնացման գաղտնի ճամբարների», ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից «ԵՄ-ից ՀՀ իրականացվող թմրամիջոցների ապօրինի ներկրման» մասին և այլն։
Հայաստանում լայն տարածված կեղծ պնդումներից մեկը գեներացրել է 2005 թվականից գործող ռուսաստանյան «Ռազմավարական կուլտուրայի հիմնադրամ» (Фонд Стратегической Культуры / Strategic Culture Foundation, ՌԿՀ) կոչվող կազմակերպության հիմնադիր Անդրեյ Արեշևը, որը դարձյալ առանց որևէ հստակ ապացույց մատնանշելու, այս տարվա հունիսին պնդեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ն ազգայնացնում է, որ «վաճառի թուրքական ընկերության»։
Կրեմլի ձեռնասուն «լրագրողները»
Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավների դերակատարներից են ոչ ռուսաստանցի «լրագրողներ», որոնք սերտ առնչություն ունեն ռուսաստանյան շրջանակների հետ և զբաղված են պրոկրեմլյան քարոզչությամբ։
«Փաստերի ստուգման հարթակն» անցնող 2025 թվականին այսպիսի բազմաթիվ «լրագրողների» է բացահայտել։ Նրանց թվում է թուրքական «դեղին» ODA TV կայքի լրագրող Օկայ Դեպրեմը (Okay Deprem), որը երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել այնտեղի քաղաքացիություն։
Թուրք լրագրողը Հայաստանի մասին բազմաթիվ կեղծ լուրերի հեղինակ է, օրինակ՝ «ՀՀ-ում 10 մզկիթ կառուցելու Փաշինյանի հանձնառության», «Սյունիքն Ադրբեջանին տալու, Արմավիրի մարզից Թուրքիային տարածքներ զիջելու», «Անթալիայում Աննա Հակոբյանի թանկարժեք հանգստի» մասին և այլն։
Կրեմլից սնվող «լրագրողներից» է նաև իսպանական Periodista Digital-ի իսպանացի լրագրող Խոսե Կարդենասը (Josué Cárdenas), որը հայտնի է որպես «Պուտինի պաշտպան» և քարոզիչ, ինչպես նաև VT Foreign Policy-ում «հետաքննություններ» իրականացնող բրազիլացի Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz)։
Հայկական տելեգրամյան ալիքներն ու ռուսական հատուկ ծառայությունները
Հայաստանի դեմ քարոզչական թեզեր տարածող կարևոր օղակ են նաև համակարգված կերպով գործող հայկական տելեգրամյան ալիքները, որոնք, հատկապես, թիրախավորում են դիվերսիֆիկացմանն ուղղված ՀՀ արտաքին քաղաքականությունն ու Արևմուտքի հետ գործակցությունը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել ու ամփոփել է այդպիսի մի քանի տասնյակ ալիքներ։ Դրանք, մասնավորապես, համակարգված կերպով թիրախավորել են Հայաստանի գործակցությունը Արևմուտքի հետ էներգետիկ ոլորտում՝ նոր մոդուլյար ատոմակայանի կառուցման շրջանակում։
Այդպես եղավ նաև վերջերս, երբ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնվեց պրոռուսական տելեգրամյան ալիքների թիրախում։
Այս տելեգրամյան ալիքների թիրախում են հայտնվում նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումները․ մասնավորապես, դրանք քննադատում են նոր համազգեստի ընտրության հարցում խորհրդային չափորոշիչներից հրաժարումն ու արևմտյան ստանդարտների տեղայնացումը։
Նշենք նաև, որ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի Հայաստան ներմուծումը ևս դարձել էր քննադատության թիրախ, սակայն այս անգամ, կեղծ ու դավադրապաշտական հաղորդագրության տարածողը Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունն էր, որը հղում անելով «իր տիրապետած տեղեկություններին», պնդել է՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը «զարմացած է» և միևնույն ժամանակ «ցնծում է», քանի որ «Երևանը որոշել է այլևս հացահատիկ չգնել Ռուսաստանից»։
Այսպիսով, Ռուսաստանը 2025 թվականին նոր մակարդակի է բարձրացրել ՀՀ-ի նկատմամբ քարոզչական ճնշումը։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




